Իոսիֆ Բրոդսկի. Անվերջ կռիվ է

Իոսիֆ Բրոդսկի. Անվերջ կռիվ է

ԵՐԳ

Այնպես կուզեի այստեղ լինեիր, 
Կուզեի այստեղ լինեիր, հոգի՜ս.
Երանի՜ բազմոցին նստեիր
Ես էլ նստեի կողքիդ: 
Թաշկինակը քոնը լիներ,
Իմը՝ դեմքն ի վար հոսող արցունք,
Թեեւ դա կարող էր լինել, 
Հակառակը ստույգ:

Այնպես կուզեի այստեղ լինեիր, 
Կուզեի այստեղ լինեիր, կյա՜նքս,
Իմ մեքենայում նստած լինեինք
Եվ դու փոխեիր քո հանդերձանքը:
Մենք կգնայինք որտեղ ուզում ենք,
Անհայտ ափերը անանուն
Կամ նորոգեինք այն տունը
Ուր ապրում էինք նախկինում… 

Այնպես կուզեի այստեղ լինեիր, 
Այստեղ լինեիր, իմ հեքիաթայի՜ն,
Աստղագիտություն ես չիմանայի, 
Գիշերվա ծովում աստղեր լողային,
Քնած ջրերում լուսինն ընկղմվեր,
Շրջվեր աջուձախ, հառաչեր, շաչեր...
Եվ երանի դեռ մի հնար լիներ
Համարդ հավաքելու աներեր…

Այնպես կուզեի այստեղ լինեիր, 
Սե՜ր իմ, լինեիր այս կիսագնդում, 
Երբ ես նստում եմ շքամուտքում՝
Մի գավաթ գարեջուր խմում...
Ետմիջօրեի արեւն է մարում,
Ճայերը լալիս են, տղաները՝ գոռում…
Ինչո՞ւ մոռանալ մարդուն,
Եթե դրան մահն է հաջորդում...

ՍԻՐՈ ԵՐԳ

Թե դու խեղդվեիր, ես քեզ փրկելու կգայի, 
Իմ վերմակով կփաթաթեի, տաք թեյ կտայի,
Թե ես շերիֆ լինեի, քեզ կձերբակալեի,
Կկողպեի ու ներքեւի խցում կպահեի…

Թե թռչուն լինեիր, բոլոր ձայները կկտրեի, 
Ողջ գիշեր քո քաղցրահունչ դայլայլը կլսեի,
Թե սերժանտ լինեի, քեզ կհավաքագրեի, 
Այդ ժամանակը դուր կգար քեզ, ի՛մ սիրելի:

Թե դու չինացի լինեիր, ես լեզուներ կսովորեի, 
Ուրախ շորեր կհագնեի, կրակ կվառեի,
Թե դու հայելի լինեիր, ես կփոթորկվեի,
Կարմիր շրթներկ կտայի, քեզ կդիպչեի:

Թե հրաբուխ դու սիրեիր, ես լավա կլինեի, 
Ու կժայթքեի իմ անհայտ անտակ խորքերից,
Թե իմ կինը դու լինեիր, սիրեկանդ կդառնայի,
Քանզի եկեղեցին ամուր է ամուսնալուծությունից:

ԼԻՐԻԿԱ (Օ. Բ.)

Երկու տարի անց
Ակացիաները կչորանան,
բաժնետոմսերը կնվազեն,
հարկերը կբարձրանան:
Երկու տարի անց
ճառագայթումը կավելանա:
Երկու տարի անց՝
կամաց-կամաց:

Երկու տարի անց
կհնանան կոստյումները,
կաղաղակի ճշմարտությունը,
կփոխվի նորաձեւությունը:
Երկու տարի անց
կմաշվեն երիտասարդները:
Երկու տարի անց՝
կամաց-կամաց:

Երկու տարի անց
կկոտրվի վիզս,
կբեկվեն ձեռքերս,
կջարդեմ դեմքս:
Երկու տարի անց
մենք կամուսնանանք։
Երկու տարի անց՝
կամաց-կամաց:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Ահա քո մայրիկը, իսկ սա քո հայրն է:
Բարի գալուստ նրանց մարմնով ու արյամբ:
Քո տեսքն այնքա՜ն տխուր է իրավամբ:

Ահա քո ուտելիքը, սա էլ քո խմիչքը:
Նաեւ որոշ մտքեր, թե մտածել կուզես:
Գալդ  բարի, ամենն այս է՝ ուզես-չուզես: 

Ահա քո բաժին թերթիկը մաքուր, 
Բարով եկար դրան, թեեւ մի քիչ ուշ է:
Ամեն դեպքում, քո գալն անուշ է…

Ահա քո աշխատավարձը, սա էլ՝ վճարելիքդ է:
Փողը բնության հինգերորդ տարրն է։
Յուրաքանչյուր լումա գոյի արարն է:

Սա քո մեղուների պարսն է, սա՝ փեթակը քո մեծ:
Բարի գալուստ մի տեղ, ուր դու մենակ չես, 
Մոտ հինգ միլիարդի պես դու էլ ողջ ես:

Բարի գալուստ հեռախոսագիրք, ուր անունդ կա:
Թվերը ժողովրդավարության նպատակն են գաղտնի։
Առա՜ջ: Բարի գալուստ դեպի պահանջ փառքի:

Ահա քո ամուսնությունը, սա քո բաժանությունն է:
Այժմ սա մի կարգ է, որ չես կարող շրջել:
Բարի գալուստ դրան, քո հերթն է հասել: 

Ահա կտրող գործիք, ահա քո դաստակը:
Քո ահաբեկիչն ինքդ ես այս խաղում,
Անունը Մերձավոր Արեւելք ենք դնում:

Ահա քո հայելին, ատամներիդ փայլը:
Ահա երազանքիդ ութոտնուկը մռայլ:
Իսկ դու ինչո՞ւ ես փորձում գոռալ:

Ահա քո ադիբուդին, քո հեռուստացույցը:
Քո թեկնածուն վրդովված է, կարծես:
Բարի գալուստ նրա խոսքին կասես:

Ահա պատշգամբդ, անցնող մեքենաները:
Քո խայտառակ մեղավոր շան աչքերը բիլ:
Եվ ուրեմն, բարի գալուստ նրա ալիբի:

Ահա քեզ ճանճեր, հետո նաեւ ճուտիկ,
Լամպի չոր արցունք կիտրոնով թեյիդ մեջ:
Բարի գալուստ անսահմանություն անվերջ:

Ահա քո դեղերը սկուտեղի վրա պլաստիկ:
Քեզ հիասթափեցնող ռենտգեն հստակ:
Գալդ բարի աղոթելու ժամանակ:

Ահա քո գերեզմանը, մի թումբ՝ լավ խնամված:
Բարի գալուստ մի ձայն, որն ասում է «Ամեն»:
Ծերո՜ւկ, քո պարանի վերջն է արդեն։

Ահա քո կամքը, եւ ահա նրանք՝ մի քանիսը
Կամք վերցնողներ: Դատարկ նստարան:
Սա կյանքն է՝ քեզանից հետո անվարան:

Ահա քո աստղերը, որոնք շողում են դեռ
Փայլում են այնպես, դու չես եղել ասես…
Նրանք առաջ ու հիմա նույն հին կետն են անտես:

Ահա քո հանդերձյալ կյանքը, առանց հետքի,
Կյանքդ անհետ կորած եւ հատկապես անդեմք:
Բարի գալուստ, կոչենք սա տիեզերք:

Բարի գալուստ այնտեղ, ուր մարդ անկարող է շնչել:
Տիեզերքն այսպես է հուշում քեզ՝ ինչ կա ներքեւում անտակ
Իսկ Սատուրնը պահում է վրադ ծաղկեպսակ:

ԳԻՐՔ

«Մի գիրք ուղարկեք ինձ 
երջանիկ ավարտով…»
Նազիմ Հիքմեթ

Ճանապարհորդը վերջապես 
գիշերելու համար
կացարան է գտնում։
Ճշտապահ շեկլիկը խոցում է սրիկային:
Գյուղացին նայում է ծառերին 
եւ կողպում է գոմը:
Գրքի վերջին էջում
Այս պատկերները կաթկթում են լռության մեջ,
Գոցված պատուհաններից ներս, փակ թարթիչների վրա։
…Առաջին գլխում՝ 
Ծառերը լուռ թեքվում են 
դեպի պատուհանը,
Քնած հիվանդանոցներում հիվանդները 
ճչում են թռչունների պես,
Երբեմն սիրավեպերը 
կեսօրին են ավարտվում։
Գիտնականը բացում է լուսամուտը՝ բացահայտելով օրինաչափությունը:
Ճանապարհորդն այն՝ բլրի ետեւում թաքնվում է,
Մյուս բոլոր կերպարները ճաշի ժամին հանդիպում են:
Տնտեսությունը կայունանում է,
Սոցիոլոգը կասկածներ ունի…
Էլեգանտ բարերի մոտ
Համեստ մեքենաներ են կանգնում:
Պատերազմներն ավարտվում են: Սերունդ է մեծանում,
Եվ ամեն կին կարող է հույս դնել տղամարդու վրա:
Շիկահերները նշում են տարբերությունը
Բարու եւ չարի.
Բոլոր կապիտանները հստակ տեսարան ունեն հողի:
Հիմարներն ավելի խելացի են դառնում։
Սուտասանները դադարում են ստել:
Սրիկան, իհարկե, չի հաջողում:
Եթե առաջին գլխում ինչ-որ մեկը բղավում էր,
Հետո՝ երեսուներորդում, նրա ձայնը, իհարկե, լսելի չէ։
Սեքսուալ զսպվածություն եւ 
սոցիալական լավատեսություն կա, 
Կիսադետեկտիվ պատմություն, որ կոչվում է կյանք:
…Ուղարկե՛ք ինձ երջանիկ ավարտով մի գիրք:

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԿՄԵՌՆԵՆ ԻՄ ԽՈՍՔԵՐԸ

Կարծում եմ՝ կմեռնեն իմ խոսքերը, 
Եվ ժամանակը կժպտա հաղթական,
Ուղեկցելով իմ անուրախ աշխատանքը
Դեպի հարեւան բնություն անկենդան:

Անցյալում, ապագայում, անհայտում գոյի,
Այն տիրույթում, ուր աստղագնացն է շրջում,
Անծայրածիր ծովերում, անեզր աշխարհում
Ինձ շոյող ճշմարտություն չկա՜, չեմ տեսնում:

Պոետի պարտքն է՝ փորձել միավորել
Պատռված եզրերը հոգու եւ մարմնի,
Տաղանդն ասեղ է, իսկ ձայնը՝ թել,
Եվ միայն մահն է սահմանն ամենի…


ԱՆՎԵՐՋ ԿՌԻՎ Է

Անվերջ կռիվ է, 
Մարտեր՝ հավերժական,
Հանգիստ երազներում կա միայն։
Եվ թող որ ոչ մի բան
Չխափանի երազները ունայն…
Մոխրագույն գիշերը,
Կապույտ լռության մեջ ճոճվող
Նիրհող թռչունները:

Անվերջ կռիվ է, 
Լուսաբացին գրոհ,
Իսկ փամփուշտները հին
Սովորել են երգել
Գոռում էին դեպ մեզ՝
Անմահությունն ի՞նչ է...
…Իսկ մենք պարզապես
Ուզում էինք ապրել:

Ներեք մեզ։
Եռացինք մինչեւ վերջ
Եվ աշխարհը մեզ ընկալեց
Պարագլուխ ինչպես:
Սրտեր պատռվեցին,
կեղեքված, խոցված,
ձիերի պես անսանձ,
հրետանու կրակի տակ ընկած։

… Ասացեք… այնտեղ… նրանց…
Մեզ չարթնացնեն հանկարծ:
Եվ թող էլ ոչ մի բան
Չխափանի երազները ունայն…
… Եվ ի՞նչ,
Թե չհաղթեցինք մենք,
Եվ ի՞նչ դրանից,
Որ չդարձանք ետ…

Թարգմանությունն անգլերենից եւ ռուսերենից՝ Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ