Պարտադրված ներողության գինը

Պարտադրված ներողության գինը

Ներողություն կա, որ այն  դադարում է ներողություն լինելուց: Դա պարտադրված ներողություն է: Նման պարտադրված ներողություն հայցում են հատկապես աթոռից կառչած պաշտոնյաները, որոնք սթափ գիտակցում են, որ աթոռը կորցնելուց հետո հայտնվելու են օրենքի ու ժողովրդի դատաստանի առաջ։ Եթե պաշտոնյան ներողություն չհայցի, ապա պատի առաջ կկանգնի, կբախվի միջազգային դատական խնդիրների, ժողովրդի անափ ցասման հետ, ու Աստված է վկա, թե ինչ կլինի իր հետ։ Երբ նա արդեն ի վիճակի չէ դիմակայելու, ապա ստիպված ներողություն է խնդրում: Սա ծնկի գալ, մեղքը զգալ չի նշանակում, իրականում դա ծնկի բերել է։ Իսկ ծնկի բերել կարող է միայն ժողովրդական ահագնացող փոթորիկը։ Պարտադրված ներողություն խնդրող  պաշտոնյան պարզապես նորից վերարտադրվել է ուզում։

Այս փոքրիկ նախաբանից հետո երևի արդեն պատկերացնեք, թե ինչ է նշանակում Արսեն Թորոսյանի ներողությունը։ Ամբողջ աշխարհում արդեն խոշորացույցի տակ են առել  համավարակը ձախողած երկրների ցանկը։ Եվ փաստացի բոլոր տվյալները կան, որ իշխանությունը, բազմիցս ենք գրել, կորոնավիրուսի դեմ պատերազմելու փոխարեն, պատերազմ է սկսել՝ քաղաքական խնդիրները լուծելու, սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Համավարակի շրջանում վարչապետի ողջ ընտանիքն ու ինքը, սեփական նազիր- վեզիրներով ընդգրկված են եղել «Այո»-ի քարոզարշավում․․․ Նույնը շարունակում է հիմա, արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու, քաղաքական հետապնդումների ճակատներ բացելու նպատակով։ Իշխանությունը չի պատերազմում  համավարակի դեմ, թույլ չի տալիս նույնիսկ, որ մարդիկ իրենց ցավով տապակվեն․ քաղաքական ռեպրեսիաների ճակատներ բացելով, ուժայիններ փոխելով՝ զբաղված է ընդամենը «սեփական բոստանը ցանկապատելու խնդրով», երկրի միասնականությունը՝ համավարակի պատերազմում, պառակտելով։ Այդ ֆոնի վրա Արսեն Թորոսյանի ներողությունը պարտադրված է հենց իր կողմից։ Մարդիկ «կփափկեն», ու ինքը կպայքարի «քաղաքական կորոնավիրուսի դեմ»։

Չի պատկերացնում , որ  հարյուրավոր մահերը ու իրենց կողմից կանխատեսած հազարավոր մահերը, որոնք փակ դագաղներով են ճամփվել, չի ներվելու մի սովորական ներողություն բառով, այն էլ միջնորդավորված ձևով։  Դա անհրաժեշտ է, բայց ներողությունից հետո իրավական հետևանքներ կան, որ պետք է գործեն։ Պարտադրված ներողության գինը այլ է ։ Իշխանությունը պիտի պատասխան տա և այդ բարձիթողի, հակասական վիճակը Արսեն Թորոսյանի ներողություն բառով չի ավարտվելու։ Խոսքը իշխանության , առողջապահական համակարգի կազմակերպիչների մասին է, Հայաստանի առողջապահական համակարգը Արցախյան պատերազմն է ապացուցել, հակաճգնաժամային պայմաններում գերազանց է աշխատել։ Արսեն Թորոսյանը թող չփորձի թաքնվել մեր լավագույն բժիշկների թիկունքում։ Լավ հիշում ենք, թե առողջապահական համակարգը ինչ փութաջանությամբ էր նախարարը  մինչև կորոնավիրուսը «օպտիմալացնում»։

Համավարակը կառավարման համակարգի լակմուսն է։ Եվ այն ցույց տվեց, թե ինչպես է աշխատում կառավարությունը։ Արսեն Թորոսյանի պարտադրված ներողության գինը  իրենց գործունեության հաշվետվությունն է, որը պիտի ամենայն մանրամասնությամբ տեսանելի լինի ժողովրդին։