Մանկավարժական համալսարանը դեռ ծանոթ չէ բուհերի միավորման նախագծին

Մանկավարժական համալսարանը դեռ ծանոթ չէ բուհերի միավորման նախագծին

Բուհերի միավորման թեման շարունակում է մնալ օրակարգային եւ նոր կրքեր բորբոքել։ Անցած շաբաթ պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը միավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին։ Առաջին ահազանգը հնչեց Բրյուսովի անվան պետական համալսարանից, որտեղ արդեն մի քանի օր է՝ ուսանողությունը դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ է իրականացնում։  

Ուսանողների դասադուլը շարունակվեց նաեւ երեկ, ավելին՝ ուսանողներին միացած բուհի դասախոսներն ու ռեկտորը  խաղաղ երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն՝ իրենց բողոքն ու սկզբունքային անհամաձայնությունը հայտնելու ԲՊՀ-ն եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարության որոշման նախագծին:

«Մեր երթի նպատակն է՝ առաջարկով դիմել ՀՀ վարչապետին՝ այս պրոցեսը կանգնեցնելու համար։ Մեր առաջարկն այն է, որ ձեւավորվի մասնագիտական խումբ, որը կարող է մանրամասն, թեմայի հետ կապված, ամեն բան քննարկել,- նշեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն ու հավելեց։- Մենք պահանջում ենք, որ այդ խմբում անպայման ներառվեն նաեւ համալսարանների ներկայացուցիչները։ Պետք է կասեցվեն այն որոշումները, որոնք հատվածային են, հիմնավորված չեն, քննարկված չեն»։

Ի դեպ, ԲՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, որ համալսարանները միավորելու մասին որոշման նախագիծը պատրաստվել է առանց ԲՊՀ ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ մյուս աշխատողների հետ քննարկման, նախագիծը չի տրամադրվել համալսարանին՝ առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացնելու նպատակով: «ԲՊՀ-ն դրա մասին տեղեկացել է պատահաբար՝ հոկտեմբերի 11-ին, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Փաստորեն, նախագիծը շրջանառվել է ԲՊՀ-ից գաղտնի կերպով: ԲՊՀ-ին նախագիծը տրամադրվել է միայն մեր կողմից հարցը բարձրացնելուց հետո՝ հոկտեմբերի 14-ին: Անընդունելի է հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարար Վ. Դումանյանի այն պնդումը, թե նա օգոստոսին միավորման մասին ասել է ԲՊՀ ռեկտորին. մի բան է՝ ասել ընդհանուր մտադրությունների մասին, մեկ այլ բան՝ գործընթաց սկսել: Նախարարը նույն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ բուհում բովանդակային առումով ամենակարեւոր պաշտոնը ոչ թե ռեկտորինն է, այլ կրթություն տվող պրոֆեսորադասախոսական կազմինը, մինչդեռ խնդրո առարկայի վերաբերյալ ո՛չ պրոֆեսորադասախոսական կազմի, ո՛չ ուսանողության հետ որեւէ հանդիպում չի ունեցել»,- մասնավորապես նշել են խորհրդի անդամները։

Համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նոր զարգացումներ կան ԿԳՄՍ փոխնախարարի հետ բուհում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո։ «Այս ընթացքում ծանոթացանք այդ որոշման հետ, բավականին ոչ տրամաբանական ու բարձրագույն կրթության որակի հետ կապ չունեցող բաներ հայտնաբերեցինք, հակացուցումներ տարբեր հայտարարությունների մեջ»,- ասաց Ակոպյանն ու մի հատված մեջբերեց բուհերի որոշման նախագծի հիմնավորումից․ «Միացման արդյունքում, նոր կառուցվածքի եւ նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես՝ վարչական եւ ուսումնաօժանդակ, պայմանավորված արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն, կառուցվածքային փոփոխություններ, օրինակ՝ ամբիոնների)։ Հետո էլ ասում եք՝ ընդամենը 2 ռեկտորի հարց է…»,- նկատում է դեկանը։  

Թե քննարկումն ինչքանով էր կառուցողական Բրյուսովի անվան բուհում՝ ԿԳՄՍ փոխնախարար Կ․ Թռչունյանի մասնակցությամբ, ով անընդհատ հղում էր անում կրթության մինչեւ 2030թ․ ռազմավարությանը, որի շրջանակում էլ տեղի է ունենում բուհերի ոլորտային միավորումը, Ակոպյանն ասում է՝ ինչպես հավաստիացրել են իրենց, նախագիծը դեռ քննարկվելու է, եւ սա վերջնականը չէ․ «Բայց ես նաեւ մի բան նկատեցի, որ իրենց մոտ չկա քայլերի հստակ տրամաբանություն, մենք առաջարկեցինք՝ նախ օրենքն ընդունվի, նոր անցնեն դրան, բայց ոչ մի տրամաբանություն չկա»։ Ապա հավելում է, որ եթե հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այդ գաղտնի փաստաթուղթը չբացահայտվեր, գուցե մի քանի օրում ծածուկ անցկացվեր։
Ինչպես հավաստիացնում է դեկան Ակոպյանը՝ իրենք ունեն մի քանի գործողությունների պլան, որոնք պետք է քննարկեն եւ հարկ եղած դեպքում հակադարձեն կառավարությանը, ամեն դեպքում՝ նպատակը մեկն է․ որոշման ընդունման նախագիծը կասեցնել, ստեղծել անկախ փորձագիտական խումբ, այդ թվում՝ ներառելով միջազգային փորձագետների, որից հետո նոր հասկանալ, թե ինչ է մեզ պետք՝ օպտիմալացո՞ւմ, թե՞ ոչ։

Ցոլակ Ակոպյանը դժվարանում է ասել, թե ինչու են մյուս պետական բուհերը լռում, ինչ վերաբերում է մանկավարժականին ու բուհից հնչող պատճառաբանությանը, թե ծանոթ չեն նախագծին, Ակոպյանը նկատում է․ «Սա ընդամենը մի բանի մասին է խոսում, որ ուղղակի չեն ուզում ծանոթ լինել։ Չեմ կարող չակերտներ բացել, բայց բոլորիս համար էլ պարզ է, թե ինչու է Մանկավարժական համալսարանի դիրքորոշումն այդպիսին»։ Խոսակցություններ կան, որ միավորված բուհերի ռեկտորը լինելու է հենց մանկավարժականի ռեկտորը։ «Դե հա, կան նման խոսակցություններ․․․»։

Ի դեպ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ Մանկավարժական համալսարանում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչը, ըստ Ակոպյանի, շահերի բախում է․ «Ես այդ հարցը բարձրացրել եմ, ինչպե՞ս կարող է ուրիշ բուհի խորհրդի նախագահը մեր բուհում լինել խորհրդի անդամ։ Դա շահերի բախում է»։        

Մենք կապ հաստատեցինք նաեւ Մանկավարժական համալսարանի աշխատակազմի հետ՝ հասկանալու նաեւ այս բուհի ռեկտորի դիրքորոշումը, բայց բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանեցին, որ դեռ ասելիք չունեն, կունենան այն ժամանակ, երբ հստակություն լինի, ավելին՝ բուհերի միավորման նախագիծը նոր են ստացել, որն այժմ ուսումնասիրման փուլում է, եւ վերջնական կարծիք կարտահայտեն լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Այդուհանդերձ, կապ հաստատեցինք համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանի հետ, ով նույնպես նշեց, որ դեռ չեն ստացել նախագիծը, եւ վաղը չէ մյուս օրը համալսարանում լինելու է գիտխորհրդի արտահերթ նիստ, որին ներկա է լինելու ԿԳՄՍ փոխնախարարը․ գուցե այդ ժամանակ ավելի տեղեկացված լինեն, որից հետո հնարավոր կլինի ավելի հիմնավոր կարծիք հայտնել։