Առաջիկա 2-3 ամիսներին դժվար թե կարողանանք համերգասրահը բացել

Առաջիկա 2-3 ամիսներին դժվար թե կարողանանք համերգասրահը բացել

Ինչպես մշակութային բոլոր օջախները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւս, կորոնավիրուսով պայմանավորված, իր փորձերն ու աշխատանքներն անցկացնում է տնից` առցանց ռեժիմով։ «Նվագախումբը որոշակի առումով ինտեգրվեց իրավիճակին, որովհետեւ այլ ելք չունենք»,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ու նկատում` նվագախմբի վերջին համերգը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին, համընկավ երկրում արտակարգ դրություն մտցնելու հետ, որից հետո նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը փակվեց: 

Սիրունյանն ընդգծում է` քանի որ համերգասրահը համարվում է մասսայական միջոցառումների վայր, դժվար է խոսել համերգասրահի բացման մասին, ավելին` համերգասրահի տնօրենը չի կարծում, որ առաջիկա 2-3 ամիսներին դա հնարավոր կլինի. «Մենք դիմել ենք պարետատուն՝ խնդրանքով, որ գոնե փոքր խմբերով կարողանանք փորձեր անել, որպեսզի երաժիշտները մարզավիճակում մնան: Ինչպես մաեստրո Թոփչյանն է ասում` 2 ամիս դեռ մի կերպ կարելի է դիմանալ եւ փորձեր չանել, բայց նվագախմբի առաքելությունն այն է, որ միասին նվագեն, օնլայն փորձեր, իհարկե, արվում են, բայց սա նվագախումբ է եւ ոչ մենակատարների անսամբլ, դրա համար միասնական փորձերն ու ելույթներն անհրաժեշտ են»:    

Ի տարբերություն թատրոնների, որտեղ հնարավոր է մոնոներկայացումներ խաղալ կամ փոքր կազմով ներկայացումներ անել` բեմի վրա հնարավորինս պահելով սոցիալական հեռավորությունը, ապա ֆիլհարմոնիկ նվագախմբի դեպքում մի փոքր դժվար է, քանի որ գործ ունենք բազմամարդ նվագախմբի հետ։ «Գուցե ճարահատյալ գնանք դրան, բայց գերնպատակն այն է, որ գոնե 40-50 հոգանոց խմբով կարողանանք փորձեր ունենալ, որի ժամանակ կկարողանանք ավելի փոքր կազմի համար գործեր նվագել: Ինչ վերաբերում է համերգասրահին, ապա 1300 հոգանոց դահլիճում ունենալ 400-500 հանդիսատես՝ այդ հարցում այնքան էլ լավատես չեմ: Միգուցե մենք ստեղծեցինք պայմաններ ու հնարավորություն, բայց ինչքանո՞վ ենք վստահ, որ անգամ այդ փոքրաթիվ հանդիսատեսը կգա եւ կուզենա նստել դահլիճում` թեկուզ իրարից 4-5 նստատեղ հեռավորությամբ: Մյուս կողմից էլ, հասկանում եմ, որ մենք կամաց-կամաց պետք է այդ մշակույթն ինտեգրենք եւ մեր հանդիսատեսին նաեւ դրան սովորեցնենք»,-ասում է Սիրունյանն ու հավելում, որ եթե այսպես շարունակվի, ապա կփորձեն բեմում մաքսիմալ հեռավորություն պահպանելով, առանց հանդիսատեսի հանդես գալ, ինչպես այսօր աշխարհում անում են երաժիշտները. «Օնլայն հեռարձակումներ կանենք եւ Բեթհովենի 9 սիմֆոնիաները ձայնագրությամբ ուղիղ ռեժիմով հանդիսատեսին կներկայացնենք, քանի որ այս տարվա ամենակարեւոր նախագծերից մեկը` Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգաշարը, որի հետ կապված արդեն պայմանավորվածություններ ունեինք, հետաձգվեց: Ամեն դեպքում, մաեստրո Թոփչյանն էլ համակարծիք է, որ գոնե թույլտվություն տան փոքր կամերային խմբերով համերգներ ունենալու` թեկուզ առանց հանդիսատեսի»:  

Մշակութային կառույցների տնօրեններն այս օրերին ահազանգում են, որ ֆինանսական կորուստներ են կրել, քանի որ կրճատվել են արտաբյուջեն, տոմսերի վաճառքից եկող եկամուտները, ֆիլհարմոնիկ նվագախմբի դեպքում կորուստներն ինչքա՞ն են կազմել։ «Բոլորս գիտենք, որ գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներում շատ հարցեր լուծվում են արտաբյուջեի հաշվին` դրանք տոմսերի ու դահլիճի վարձակալությունից ստացված եկամուտներն են, բայց պետք է ասեմ, որ կրճատվել են նաեւ համերգների հետ կապված ծախսերը, այս առումով մի փոքր բալանսը պահպանվում է: Այսօր վերլուծել, թե ինչքան են կազմում այդ ծախսերն ու կորուստները, դժվարանում եմ ասել, որովհետեւ ընդամենը 2 ամիս է, եւ ինչ-որ կերպ դեռ դիմակայում ենք, բայց եթե մինչեւ տարվա վերջ շարունակվի, բնականաբար, կլինեն կորուստներ: Պետք է նաեւ ասեմ, որ այն բյուջետային ծախսերը, որ պետությունը տալիս էր շենքի պահպանման հետ կապված, այստեղ էլ փոքր-ինչ տնտեսումներ ենք ունենում, եթե նախկինում էլեկտրաէներգիայի համար ծախսում էինք սիմվոլիկ մի գումար, հիմա դրա 20-30 տոկոսն ենք ծախսում: Այդ հաշվարկներից ելնելով՝ դիմել ենք նախարարություն, որ տեսնենք՝ հնարավոր կլինի՞ այդ տնտեսումներն օգտագործել մնացած կարեւոր ծախսերի վրա, ինչո՞ւ չէ՝ մաքրող նյութերի` ալկոգել, ձեռնոցներ, դիմակներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Սիրունյանը նշում է, որ առայժմ դժգոհելու առիթ չունեն պետությունից, որովհետեւ այս օրերին պետությունը մշակութային ոչ մի օջախի աշխատավարձ չի կրճատել. «Ես չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, ու եթե մեզ հարկադիր պարապուրդի ուղարկեին, բնականաբար, դժգոհություններ կլինեին, բայց մինչ այժմ ստանում ենք աշխատավարձ, եւ որեւէ մեկը չի ազատվել աշխատանքից»:  

Այս տարի ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյակն է, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ էին նախատեսել, ինչը կփորձեն աշնանը կյանքի կոչել. «Բայց այս ընթացքում 2 կարեւոր համերգների ենք մասնակցել, որից մեկն ապրիլյոթյան միջոցառումն էր, երբ մինչեւ 20 հոգանոց խմբերով բակային համերգներ անցկացվեցին: Հաջորդն ապրիլքսանչորսյան համերգն էր, որտեղ ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնպես շատ մեծ ներդրում ունեցավ, եւ նվագախմբի մոտ 40-50 երաժիշտներ տարբեր ձեւաչափերով` կվարտետներով, կվինտետներով, ելույթներ ունեցան: Այս ընթացքում մենք կարողացանք նաեւ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնության» նախերգանքը տնից կատարել: Մի հետաքրքիր նախագիծ էլ է մեկնարկել, ուզում ենք երաժշտական ու գրական դաշտերն իրար միացնել, ներկայացնում ենք ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մեկնաբանությունը որեւէ գործի առնչությամբ, առաջին համագործակցությունը եղավ Կարինե Խոդիկյանի եւ մեր կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի միջեւ` կապված Մոցարտի «Ռեքվիեմի» հետ: Ուզում ենք նոր բաներ մտածել, որոնք օնլայն հարթակներում ավելի տեսանելի են»: