Վարչապետն ապրած կենա…

Վարչապետն ապրած կենա…

Մեծ հերթ էր Փաշինյանի ընդունարանում: Այցելուները եկել էին առանց ժամուպատարագ ճշտելու: Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում: Ամեն մեկն ուզում էր առաջինը մտնել ներս: Քարտուղարը կրծքով փակել էր դուռը:

- Ինչո՞ւ եք մեզ այստեղ պահում, Փաշինյանն է մեզ կանչել, որ ձեռքը սեղմենք: Կհոգնի, ախր,- բողոքեց Արման Բաբաջանյանը եւ հաղթական նայեց մյուսներին, որ ցուցադրի իր առավելությունը նրանց նկատմամբ: Նրա կողքին կանգնած Լեւոն Շիրինյանը բարձրացավ ոտքի թաթերի վրա, որ կոլոտ չերեւա, ու լրացրեց.
- Ճիշտ է ասում: Մենք հո Կորեայի որբեր չե՞նք, որ մեզ այսպես սպասեցնում են:
- Որբ ես, բա ի՞նչ ես,- խոսակցությանը միջամտեց անբիծ կոստյումով Ուրիխանյան Տիգրանը,- եթե ես նեղվեմ սպասելուց, դեռ կհասկացվի, բայց ձեր պարագայում, պարոնայք երջանիկ զույգ, վարչապետի արհամարհանքը միանգամայն արդարացված է: Անձամբ ես եկել եմ լուրջ պաշտոնի հետեւից, կտա՞, կսեղմեմ ձեռքը, չի՞ տա` ինքը գիտի: Ես առաջինն եմ մտնելու:
- Ձուն գա պետլած գլխիդ, ուրեմն Արզաքանցյանն էն տղեն ա՞, ու դու առաջինը մտնես:

Վիճում էին այսպես, երբ դուռը բացվեց, ու մի փոքր-մոքր մարդ դուրս եկավ կաբինետից: Նա ուզում էր աննկատ լքել սպասասրահը, բայց Բաբայան Սյամոն առաջը կտրեց.
- Էդմո՞ն…
- Հըն…
- Եկել էիր շեֆի մոտ լուսավորվելո՞ւ…
- Թողեք` գնամ, ուշանում եմ, ֆրակցիայի նիստ կա:
- Ի՞նչ պաշտոն տվեց, ճիշտն ասա,- համառեց Բաբայանն ու թափ տվեց Էդմոնի կոստյումի երեւակայական փոշին:
- Էդ սպառնըմ ե՞ս…

Շիրինյան Լեւոնը դարձյալ բարձրացավ ոտքերի ծայրերին, որ լսի, թե ինչ պաշտոն են տվել Էդմոնին, էն էլ Էդմոնը բոքսի ստոյկա էր բռնել Սյամոյի դեմ ու լռում էր:

-    Չեղավ, չեղավ, տղեք, հարցերն այդպես չեն լուծում,- միջամտեց Արամ Զավենի Սարգսյանը,- հանգիստ եղեք, բոլորիս էլ պաշտոն կհասնի: Եթե ոչ կառավարությունում, ապա ուրիշ ոլորտներում:
Արամի խոսքի վրա կաբինետի դուռը բացվեց: Ներսից կիսով չափ մի կանացի գլուխ դուրս եկավ: Սաֆարյան Սծյոպիկի քուրն էր` Սեդան: Նա մի բառ ասաց.
- Հաջորդը…

Արման Բաբաջանյանն ու Լեւոն Շիրինյանն իրար նայեցին` ո՞նց թե, Սեդան ու Սծյոպիկն իրենց դաշինքից չէի՞ն: Շիրինյանը ձգվեց ոտքերի ծայրերի վրա.

- Ես սա այսպես չեմ թողնի, ուրեմն մենք էս շոգին այսքան սպասենք, իսկ Սծյոպայի քույրը կաբինետում հով լռվի՞: Անարդար է:
- Պարոն Շիրինյան, վարչապետը Ձեզ է կանչում:
- Ի՞նձ, վայ, եկա, Սեդա ջան, եկա:

Արման Բաբաջանյանը մռայլվեց.

- Վայ, փուչ աշխարհ, ով տանջվի, ով գնա սանատորիա:
- Հացիդ մեջ աղ չկա, Արման ջան, ճիշտ եմ ասում…
- Դո՞ւք ով եք,- անակնկալի եկավ Արմանը:
- Օ՜, Դուք հասցրել եք ինձ մոռանա՞լ: Ես Դավիթ Սանասարյանն եմ:
- Հա՜, հիշեցի: Պաշտոնի հետեւի՞ց եք եկել:
- Իհարկե, ինչպես բոլորդ: Ճիշտ է, ես շատ չեմ քայլել Նիկոլի հետ, բայց հեղափոխական եմ եղել բոլորիցդ առաջ: Ես որ վազում էի փողոցներով ու նստում հրապարակի կիզիչ գորգին, դուք ո՞ւր էիք, հը՞:

Դուռը բացվեց, եւ դռների մեջ երեւաց Լեւոն Շիրինյանի ճարպոտ, երջանկությունից փայլող դեմքը: Ստյոպիկի քուրը նորից ձայն տվեց` հաջորդը…
- Հը՞, Լեւոն, տվե՞ց:
- Իհարկե տվեց:
- Ի՞նչ տվեց:

Շիրինյանը ցույց տվեց հրամանը:
- Տվեք, թող Արզաքանցյանը կարդա:
- Կարդամ, ախպեր: Տը, տը, տը, հը, հը, հը նշանակել հայ-վրացական մինչկառավարական հանձնաժողովի նախագահ:
- Անգրագետ:
- Էն ո՞վ էր… Բա ես գամ ստե, իմ գիտելիքներ ի սպաս դնեմ իմ հայրենիքի անդունդին, ու ինձ ասեն անգրագե՞տ:
- Մինչկառավարական չէ՝ միջկառավարական: Դրանք տարբեր բաներ են…
- Հաջորդը,- համարյա ճվաց Սծյոպի քուրը:

Օրվա վերջում հերթն ահագին փոքրացել էր: Մնացել էին Արամ Զավենի Սարգսյանը, Բաբայան Սյամոն, Ուրիխանյան Տիգրանն ու Արզաքանցյանը: Բայց մեկ էլ Էդմոնը հետ եկավ:
- Էդմո՞ն, բան ես մոռացե՞լ,- դարձյալ նրա ճանապարհը փակեց Բաբայան Սյամոն:
- Քե՞զ ինչ…
- Չէ, իսկապես, պարոն Մարուքյան, բան եք մոռացե՞լ:
- Մոռացել եմ ձեռքը սեղմել: Բայց ոչինչ, դուք մտեք, ես վերջում կմտնեմ:
- Լավ մտնում է նա, ով վերջում է մտնում,- խայթեց Բաբայան Սյամոն:
- Հաջորդը…

Արզաքանցյանը մտավ ներս ու շատ արագ դուրս եկավ: 

- Տղեք, վարչապետը հարց ա տալում` Մեսրոպ Մաշտոցին գիդո՞ւմ ես, կարա՞ս Մատենադարանի տնօրեն օշխատես:

Ներկաները փռթկացին: Բայց այդ պահին դուռը բացվեց, ու Սծյոպիկի քուրը մի թուղթ կոխեց Արզաքանցյանի բուռը` առ, նշանակեց:

Օրը երեկոյանում էր: Այցելուները հերթով մտնում էին ու Փաշինյանի ձեռքը բռնելուց հետո ուրախ ու գոհ հեռանում: Արամ Զավենի Սարգսյանը, օրինակ, նշանակվեց Վազգեն Սարգսյանի ռազմագիտական համալսարանի սպարապետագիտության ամբիոնի վարիչ, իսկ Ուրիխանյան Տիգրանը դարձավ 1000-ական դրամների հավաքագրման գրասենյակի կառավարիչ: Դե, իսկ ամենաերջանիկը Բաբայան Սյամոն էր: Նրան անսահմանափակ իրավունքներ էր տվել Փաշինյանը` նշանակելով «Էրատո» մոտոհրաձգային գումարտակի դաշտաբարոյական ծառայության պետ:
Փաշինյանը հոգնած փլվել էր բազմոցին: Սծյոպիկի քուրը քամի էր անում նրա հոգնատանջ դեմքին ու հետն էլ հարցնում.

- Նիկոլ ջան, ի՞նչ կուզես, թե՞յ, սո՞ւրճ…
- Ախչի, կամաց, թող քնի,- լսվեց պահարանի միջից:

Նիկոլը աչքի մեկը բացեց.

- Սեդա՞, է՞դ ով էր:
- Ես եմ, մեծարգո վարչապետ, Սծյոպիկը:
- Բայց դու արդեն պաշտոն ունես…
- Բա եղա՞վ, մեծարգո վարչապետ, բա ես ինձ թույլ կտա՞մ Ձեզնից պաշտոն խնդրել: Մի քիչ առաջ քաշես, անչափ շնորհակալ կլինեմ…

Գաղտնատեսագրումը` 
Էդիկ Անդրեասյանի