Ի՞նչ են սպառնացել Մակրոնը, Շոլցը և Տուսկը
Վրաստանի իշխանություններին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ «Մինչև Վրաստանը չփոխի իր ներկայիս կուրսը և ջանքեր չցուցաբերի շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես՝ հետ կանչելով վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին», -սպառնացել են եվրոպացի առաջնորդները:
Բացի այդ, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԵՄ ինը երկրների խորհրդարանական հանձնաժողովները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ և պատժամիջոցներ սահմանել «ընտրակեղծիքների համար պատասխանատու» քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ։ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո եվրոպացի առաջնորդներից Թբիլիսիին շնորհավորել է միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Միևնույն ժամանակ նա անսպասելիորեն ժամանել է Թբիլիսի, որտեղ հայտարարել է, որ այս հաղթանակը հնարավորություն է տվել «Վրաստանին անիմաստ պատերազմի մեջ չներքաշել»։
Նա վստահեցրել է պաշտոնական Թբիլիսիին, որ այն կարող է «ապագայում հույս դնել Հունգարիայի ռազմավարական գործընկերության վրա»։ Եվրամիության 13 երկրներից բաղկացած խումբը, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, դատապարտել են Վիկտոր Օրբանի այցը Վրաստան՝ անվանելով «վաղաժամ»: «Նա (Օրբանը) չի խոսում ԵՄ-ի անունից»,- ասվում է նամակում։
Կարծիքներ