Սպիտակի ՔՊ-ականներն իրենց ընտրած համայնքապետի դեմ են աշխատում

Սպիտակի ՔՊ-ականներն իրենց ընտրած համայնքապետի դեմ են աշխատում

Իշխող կուսակցությունը Սպիտակում բաժանվել է թեւերի, որոնք միմյանց նկատմամբ հակամարտության մեջ են։ Սպիտակի ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետեւանքով ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Սպիտակի ավագանիում ՔՊ-ն ունի ավագանու 16 անդամ, ընդդիմությունը՝ «Իմ հզոր համայնք» դաշինքը՝ 8 մանդատ, եւ մեկ մանդատ էլ՝ Դաշնակցությունը։ Ընդդիմությունը բոյկոտել է՝ չի մասնակցում ավագանու նիստերին, սակայն ՔՊ-ի մանդատները բավարար են, որ ավագանու նիստում քվորումն ապահովվի, եւ նիստերը կայանան, ու համայնքի կառավարումը հարթ ընթանա, քանի որ խոշորացված համայնքի բնակչությունը 50 տոկոսից ավելի ձայն է տվել հենց իրենց քաղաքական ուժին եւ նրան վստահել համայնքի ղեկավարումը։

Քվորումի համար անհրաժեշտ է ավագանու ընդամենը 14 անդամի ներկայություն, իսկ, ինչպես նշեցինք, ՔՊ-ն 16 մանդատ ունի, սակայն վերջիններս չեն ներկայանում ավագանու նիստին, եւ նիստերը համարվում են ոչ իրավազոր։ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու վերջին նիստը, որն իրավազոր է եղել, տեղի է ունեցել այս տարվա հունիսի 14-ին։ Իսկ հարցին, թե ինչու ավագանու անդամները չեն ներկայանում նիստին, Ֆրանգյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես անձամբ չեմ կարող պատասխանել, որովհետեւ յուրաքանչյուրը ծանուցված է եղել։ Այս պահին այդ հարցը քննարկվում է, վերջնական պատասխան ունենալու դեպքում Ձեզ լրացուցիչ կասենք»։

Մենք փորձեցինք ավագանու ՔՊ խմբակցության անդամներից ճշտել, թե ինչու չեն ներկայանում, չէ՞ որ մարդիկ իրենց քվեն են տվել, եւ այն, ինչ բնական է ընդդիմության պարագայում, անբնական է իրենց դեպքում՝ իրենք չեն կարող ընդդիմության նման քաղաքական ակցիա անել, բոյկոտ հայտարարել, քանի որ համայնքի համար պատասխանատուն իրենք են, համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին էլ իրենք են ընտրել՝ իրենց ցուցակից։ Պատահականության սկզբունքով զանգեցինք ավագանու անդամներին։ ՔՊ խմբակցության անդամ Կարինե Դիլաքյանին հարցրինք՝ Դուք ավագանու նիստերին մասնակցո՞ւմ եք։ «Երբեմն, եթե հարմար է լինում, մասնակցում եմ»,- պատասխանեց Դիլաքյանը։ Դիտարկմանը, որ ՔՊ մանդատները հերիք են, որ ավագանու նիստ գումարեն, բայց համայնքում հաղթած քաղաքական ուժը շուրջ 6 ամիս ավագանու նիստ չի կարողանում անել, Դիլաքյանը զարմանալի պատասխան տվեց․ «Ուրեմն պարզվում է, որ մանդատները հերիք չեն, չե՞ք զգացել»։ Ապա պատճառաբանեց, թե դասի է՝ չի կարող խոսել։
Մեկ այլ ՔՊ-ական՝ Արամայիս Փիլոյանը, նույն հարցին, թե ինչու ավագանու նիստերին չի ներկայանում, պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես այս պահին զորակոչի եմ, բացի դրանից էլ՝ Երեւանում աշխատում եմ, հիմա էլ զբաղված եմ»։

ՔՊ խմբակցության մյուս անդամը, որին զանգեցինք, Վարազդատ Մխիթարյանն է։ Պարզվեց, որ նա ավագանու այն անդամներից է, որ ներկայանում է նիստերին․ «Այո, ես մասնակցում եմ, այո, այնտեղ կան մի քանի հոգի, որ ամառվանից չեն գալիս, բայց պատճառներից տեղյակ չեմ, թե ինչու չեն գալիս։ Ընդդիմությունն ընդհանրապես չի գալիս նիստերին, ՔՊ-ից էլ, որ մշտապես գալիս են նիստերի, 9 հոգի են, էն մնացածը չեն գալիս, որ նիստը կայանա։ Մեզ քվորման համար 14 մանդատ է պետք, անկախ նրանից՝ ընդդիմությունը կգա, թե չի գա, ընդամենը 14 մանդատով նիստը կարող է կայանալ»։ Բա ինչո՞ւ Ձեր գործընկերները չեն գալիս նիստերի, չէ՞ որ կան հարցեր, որոնք համայնքի համար կենսական նշանակություն ունեն եւ միայն ավագանու հաստատումից հետո կարող են կենսագործվել՝ հարցրինք ավագանու անդամին։ «Եղբայր, ես չեմ կարող պատճառն ասել, թե ինչն է, որովհետեւ ավագանու ինչքան նիստ եղել է, ես ներկա եմ եղել, ես նիստերից ոչ մի բացակա չունեմ»,- պատասխանեց Մխիթարյանը։ Իսկ ճի՞շտ են խոսակցությունները, որ ՔՊ խմբակցության ներսում պառակտում կա, թիմերի են բաժանվել, դրա համար էլ բոյկոտում են, նիստերի չեն գալիս։ «Ոնց որ էդպիսի մի բան կա, եղբայր ջան, էդպիսի մի բան կա, որ չեն գալիս։ Այդ հարցին ավելի կոնկրետ կպատասխաներ երեւի համայնքի ղեկավարը, ես այդ հարցերով, ճիշտն ասած, շատ չեմ խորացել, թե խի չեն գալիս, ինչն է պատճառը, ով չի թողնում, որ գան, եւ այլն, ես այդ հարցերով չեմ զբաղվում»,- պատասխանեց ավագանու անդամը։

Մեզ ասացին, որ ավագանիում պառակտվածության պատճառը համայնքապետի հետ է կապված, նիստերին մշտապես ներկայացողները համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի կողմնակիցներն են, մյուս մասն էլ, որ բոյկոտում է, ցանկանում է իրենցից մեկին տեսնել համայնքապետի պաշտոնում։ Սպիտակում անգամ լուրեր են շրջում, որ ընդամենը 1 տարի առաջ ընտրված համայնքապետը կարող է հրաժարական տալ, եթե այս վիճակը շարունակվի։ Մենք փորձեցինք կապվել համայնքապետի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Սպիտակի ավագանու հաջորդ նիստը պլանավորված է նոյեմբերի 17-ին։ Օրակարգում Սպիտակի 2022 թ․ տարեկան աշխատանքային պլանի հաստատումն է՝ այն դեպքում, երբ 2022 թվականի ավարտին մնացել է 1.5 ամիս ժամանակ։ Փաստորեն ստացվում է, որ մինչեւ հունիս էլ Սպիտակի ավագանին նիստեր չի արել եւ անգամ տարեկան պլանը չի հաստատել։ Այսինքն՝ համայնքային իշխանությունը ստանձնելուց հետո ՔՊ-ն չի կարողանում ղեկավարել, մի ողջ համայնքի կյանքը կաթվածահար է եղել, չնայած ունի ընտրված ավագանի, համայնքապետ եւ մեկ ուժի մեծամասնություն ավագանիում։

Նշենք նաեւ, որ ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ավագանու անդամը մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից, ապա նրա լիազորությունները դադարեցվում են, իսկ հոդված 22-ը սահմանում է, որ եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետեւանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը: Տվյալ արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: