Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից․ հայկական կողմը երկու ժամ կունենա

 Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից․ հայկական կողմը երկու ժամ կունենա

Երեկ՝ հունվարի 30-ին, Արդարադատության միջազգային դատարանում կայացան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Թեպետ Հայաստանի ներկայացուցիչները խնդրել են հնարավորինս արագ արձագանքել ՀՀ-ի դիմումին, սակայն հայտնի է դարձել, որ դատարանը որոշում է կայացնելու միայն շաբաթներ անց, որոշման հրապարակումը հնարավոր է նույնիսկ ամիսներ տևի։

Այսօր Արդարադատության միջազգային դատարանում կքննվի արդեն Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Ադրբեջանական կողմը  պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը»։ Ինչպես երեկ Ադրբեջանը, Հայաստանն այսօր երկու ժամ կունենա ադրբեջանական կողմի փաստարկներին արձագանքելու համար։

Ադրբեջանը նաև դատարանից պահանջում է դադարեցնել օգտագործել Լաչինի ճանապարհը՝ «ականները Ղարաբաղ տեղափոխելու համար»։ «Ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների միտումնավոր խախտման՝ ադրբեջանական կողմը երկրորդ բողոքն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները պնդում են, որ նոր ապացույցներ ունեն, թե 2021 թվականից նորից հայերը ականներ են դրել «ադրբեջանական տարածքներում»։