Դպրոցական աղջիկներ են ձերբակալվել․ փնտրում են «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» թռուցիկը տարածողներին

Դպրոցական աղջիկներ են ձերբակալվել․ փնտրում են «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» թռուցիկը տարածողներին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը երեկվանից ահազանգում է, որ վերջին օրերին ապօրինաբար ձերբակալվել են ակտիվիստներ։ «Հրապարակ»-ին ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ զենք զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով ու ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտե։ Այսօր թվով 7 ակտիվիստ է ձերբակալվել, որոնք «Սրբազան պայքարի» աջակիցներ են։ Ընդհանուր առմամբ երեկ եւ այսօր 9 անձ է ձերբակալվել։ Ձերբակալվածների մեջ եղել են նաեւ դպրոցական աղջիկներ։ 

Հովհաննես Խուդոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահները փնտրում են ոչ թե զենք- զինամթերք, այլ քաղաքական պաստառներ, թռուցիկներ։ «Դատելով ոստիկանների վարքից ու նրանց հարցադրումներից, իրավապահները առավելապես հետաքրքրված են ոստիկանապետին վերաբերող թռուցիկները տարածողներին հայտնաբերելով»,-նշեց նա։

Նշենք, որ փողոցներում, պատերի եւ սյուների վրա հայտնվել են «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ նկարներ, որում պատկերված է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ թիկունքին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը։  
Փաստաբանի խոսքով՝ ձերբակալություններից հետո խուզարկում են մարդկանց անձնական իրերը, մեքենաները։ «Ազատ արձակելուց հետո չեն վերադարձնում նրանց գույքը, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձի մոտ որեւէ բան չեն հայտնաբերում»,-նշեց նա։

Ավելի վաղ Խուդոյանը հայտնել էր, որ ձերբակալվածներից մեկի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրում էին զենք)` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։ «Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև Քննչական կոմիտեի ջանքերով։ Ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ»,-հայտնել էր նա։