Ռոբերտ Եսայան. Փետուրի հորիզոն

Ռոբերտ Եսայան. Փետուրի հորիզոն

***
Պատերազմի հետքը հիմա՝ ցավի բռունցք
եւ վերքերում շրջագայող մի կույր ասուպ.-
ինչ խոսում ենք՝ մեր չասածը ցա՜վն է ասում,
ինչ լռում ենք՝ վերհանվածը անհա՜գ մի սուր:

***
Տողի սենյակից մտնում եմ հիմա այլ տողի սրահ.
դրված են պատերն իմ եւ իմ միջեւ, ոչ թե՝ տողերի,
ոգու բեւեռից ինձ հանող ձայն է ճանապարհը այս,
ուր արծիվներն են սլանում՝ կախված այգի շողերից…

***
Ապաշխարության հրեղեն քարից
արյան կաթիլն է բուսնում՝ հանց կակաչ,
հիշողությունը՝ օդեղեն պարիսպ,
մահվան խորհուրդն է նրա տակ պառկած:

***
Հայոց բարկ ոգին մարտավարում է երկինքներից վեր,
Աստծո լույսի մեջ վերածնվելով տեւում է համառ,
խրամատները արծվի թեւերին բարձրանում են վեր՝
ճամփա հարթելով ժամանակի նոր հարության համար…

***
Եվ հայրս լույսի կաթիլ է ըմպում,
սնվում ավիշով Մեծ հիշողության,
երկնքի ճյուղից քաղում է պտուղ՝
ապրելով որպես հոգու ավազան:

***
Բառերը շուրթից կախվում են,
ինչպես խոլ կախաղանից,
իսկ նրանցից դուրս կյանքն ուխտավոր է,
Տե՛ր, անհնա՜ր է սերը հանգավորել…
Փշե պսակ է հյուսվում աշխարհի զոհասեղանին…

***
Իմ աչքերը բանուկ ճանապարհներ են՝
կյանքի-մահի միջեւ ընդարձակ տեղանք,
որտեղ բույն են հյուսում արագիլները,
թռիչքով գծելով մի զոհասեղան:

***
Այս ապրիլը ծառից բխող լույսի ոստ է.
հոգեվարք չէ անհույս զոհի:
Եվ ապագան արագիլի թուխս է նստել
տաք թեւերին հորիզոնի:

***
Երբ խաչքար համբուրող բիբեր կայծկլտացին աղոթքի համար,
հանգչող մարտադաշտում արյան թռչունները երկինք սլացան,
սերը անդունդն ի վեր բարձրանում էր՝ հոգու կանթեղներ վառած,
ճերմակ օրհնանքները մանանայի հանգույն սահում էին ցած:

***
Հորս ձեռքերի հայացքը բխել ճյուղին մասրենու,
բուրում է հողի եւ տարածության վարդահեւքերով,
որոնցից մեղուն համբույր առ համբույր երբ վեր է ելնում,
ցնծում են ճյուղերը հրեշտակների անբառ երգերով…

***
Նարեկին

Երբ հիշողության ջութակի լար է տողս արթնացող,
բազմաճյուղ հողմ է շնչառությունը թափվող անձրեւի,
դու հայտնվում ես, տղա՛ս, ասուպի սահուն թռիչքով
եւ ազատում ինձ տառապանքների քարե սանձերից:

***
Գուցե այս դուռը՝ սկիզբը հորիզոնի,
ճանապարհ բացող միայնակ բառն է,
դեռ ապրող հոգին, որ չի համբառնել
ու մնացել է սրբազան զոհից…

***
Ճանապարհը անհայտ ցավի դուռը բացեց ու ներս մտավ,
մի հին ցավի ճառագայթով փակվեց վերքը մոլորակի,
ե՞րբ է ցավը խարիսխ նետել ժամանակից եւ մարդուց դուրս,
հարվածը չես կանխատեսի, ինչպես ուղին մոլոր արկի:

***
Թռչունը հոգուս կտավն է տանում երկինքներն ի վեր,
ծաղկած ճյուղերով գուրգուրում է ինձ անձրեւը գարնան,
ամպն ի վար սահող հայացքդ միրգ է՝ դիպվածի նվեր,
իսկ աչքերը քո՝ մանուշակաբույր աղոթքի խորան:

***
Մի կշիռ է բացակայում կյանքի բոլոր նժարներից,
մարդն իր սիրո մեջ անկայուն, մի այլ տեղ է փնտրում խորան,
ազատությունն իր կորցրած՝ ոխ է քամում սին ժամերից,
բզկտում են հոգին նրա աշխարհակալ բուք ու բորան:

***
Քարաժայռը, որպես դեմքը հիշողության,
տաք ժպիտով հոսեց սպիներիս միջով,
ես գրեցի մի տող տառապանքի գրչով,
եւ իմ ցավից ժայթքեց ոգին ազատության:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ