Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան կմիանա «Թանգարանների գիշեր»-ին

Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան կմիանա «Թանգարանների գիշեր»-ին

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:

Թանգարանների միջազգային օրվա 2023 թ. խորագիրն է՝ «Թանգարաններ, կայունություն եւ բարեկեցություն», որը եւս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարեւորագույն դերը համայնքների կայուն զարգացման եւ բարեկեցիկ հասարակության ձեւավորման գործում:

Այս տարի եւս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, եւ կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, եւ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:

Ծրագրին միացած Հայաստանի եւ Արցախի 116 թանգարան՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջեւ՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական եւ կրթական թեմատիկ ծրագրեր:

Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին՝ Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): Նպատակն է՝ համախմբել թանգարաններին՝ հասարակության եւ մարդկության առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: