Երևի պետք է քննարկում ունենանք

Վերջին մեկ-երկու շաբաթում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ակտիվ գործունեություն է ծավալել: Դժվարէ ասել, թե ինչն է դրա պատճառը. ՌԴ Կուրսկի մարզից ուկրաինական զինուժի խայտառակ փախուստը, թե ընդհանրապես ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ ավարտը: ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում նախկին վարչակազմի հետ կնքված թղթի կտորի անիմաստությունը գիտակցելը… Թե սիրիական ծովափին բնակվող ալավիների, արաբ քրիստոնյաների ու շիա մահմեդականների սպանդը: Կամ գուցե Բաքվից հնչող սպառնալիքների ու նորանոր աննորմալ պահանջների տեղատարափը… Թե Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելը… Ողջ այդ տեղեկությունն արհեստական բանականության միջոցով հավաքագրելու ու վերլուծելու հնարավորություն չունենալով՝ դժվար է ասել վերը նշված անձի ակտիվ գործունեության պատճառը: Հատկապես որ այդ ինֆորմացիան հավաքվում ու խմորվում է մեկ անձի ուղեղում, որին ես, հարգելի ընթերցող, առնվազն 2020 թվից այս կողմ բացարձակ չեմ վստահում:
Ես, օրինակ, չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ խաղաղության պայմանագիր կոչված երևույթի հետ: Ինչը փոխվեց, որ ամիսներով համաձայնության չենթարկվող երկու կետերը միանգամից փոխեցին իրենց «կարգավիճակը»: Եթե մինչ այդ ասվեր, որ ոնց որ թե առաջընթաց է գրանցվում դրանցից մեկի կամ մյուսի առումով, ապա գործընթացն ավելի ընկալելի կդառնար: Բայց դա տեղի չէր ունենում, ու հանկարծ ամեն ինչ կարգավորվեց: Էլ չասած, որ մեր կողմում հաստատված գաղտնիության պայմաններն այնպես էլ չփոխվեցին: Իսկ մյուս կողմում նման բան գոյություն չուներ. այնտեղ երբ ցանկանում էին՝ հրապարակավ պայման էին թելադրում: Ու դա ներկայացվում էր որպես վերին ատյանի վճիռ. այսինքն, ոչ թե ասվում էր, թե ինչ է քննարկվում, այլ ինչ պետք է քննարկվի: Իսկ վարչապետի աթոռին էլ սոսնձված անձն էլ կատարում էր այդ պահանջները, որպեսզի, իր ասելով, «հայրենիք-պետությունը» խուսափի պատերազմից:
Գուցե թե «առաջընթացն» ապահովվել է թուրք լրագրողներին Երևան հրավիրելու շնորհիվ: Որովհետև նման հրավերի իմաստը ո՞րն էր պատերազմում խայտառակ պարտություն կրած կողմի համար: Հատկապես հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունն այդ պատերազմին: Իսկ եթե ընդունենք, որ հրավերի իմաստն ընդամենը, միջնադարյան լեզվով ասած, սեփական վասալային կարգավիճակը բարձրաձայնելն էր, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ու նույնիսկ կարելի է ասել, որ հրավերի առումով մի քանի տասնյակ հազար դոլարի ծախսն ունեցել է իր արդյունքը: Դա նպաստել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անձի ինքնապահպանության խնդրի, իր լեզվով ասած, հասցեագրումն ինստիտուցիոնալիզացնելուն: Այն է՝ վասալային կարգավիճակ ունեցող անձի սուվերենի կողմից վասալի օգտին որոշում ընդունելուն: Տվյալ դեպքում վասալ ասելով նկատի ունեմ հենց անձին և ոչ թե պետությունը:
«Հրապարակ»-ի ընթերցողին կարող է անիմաստ թվալ նախորդ դատողությունը, սակայն հաշվի առնելով «ծուռ հայելիների թագավորությունում» տիրող իրավիճակը, ամեն անհեթեթ բան ունի գոյության իրավունք: Որպես օրինակ ներկայացնեմ խաղաղության պայմանագիր կոչված թղթին առնչվող մի երևույթ: Դա միջազգային դիտորդներին պահել-չպահելու հարցն է: Վերը նշված անձի՝ լրագրողների հետ նախորդ օրվա հարց ու պատասխանի ընթացքում այդպես էլ չէր հստակեցվել՝ դրանք հեռացվելու են սահմանից, թե ոչ: Դրա հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարար կոչվածի կողմից բարձրաձայնվում է մի այսպիսի միտք. «…մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ ԵՐԵՎԻ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել»: «Երևի պետք է քննարկում ունենանք» արտահայտությունը վկայում է, որ ո՛չ դրա հեղինակը և ո՛չ էլ դրա հեղինակի վերադասը չեն հասկացել, թե ինչպես է իրենց կողմից այդքան տարփողված խաղաղության պայմանագիրը «հասցեագրում» այդ հարցը: Փաստորեն, երկրի ղեկավարը միջազգային պայմանագիր է ստորագրում՝ առանց հասկանալու, թե դա ինչ լուծում է ենթադրում կոնկրետ մի հարցի առումով: Իսկ դա այն հարցն է, որն, իրենց ասելով, լուծել է սահմանային անվտանգության խնդիրը: Եվ որպես դրա վկայություն ասվում էր, որ 2024-ին դրա նախորդ տարվա համեմատ 40 անգամ պակասել են սահմանային միջադեպերը (կրակոցներն այն կողմից):
Կարծիքներ