Պատմական շանս

Պատմական շանս

Մի կողմից, քաղաքական դաշտը կարծես թե գերհագեցած է՝ հարյուրից ավելի կուսակցություններ, 20-ից ավելի մասնակիցներ՝ խորհրդարանի ընտրություններին, հարյուրավոր քաղաքական գործիչներ եւ քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ունեցողներ, մյուս կողմից՝ դատարկություն եւ այլընտրանքի բացակայություն։ Այնպիսի բացակայություն, որ 30 տարի անց նույն 4-5 անունն է շրջանառվում երկրում․ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների, նախկին վարչապետների մի փակ շրջան, որից մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել։ Եվ անգամ նրանք, ովքեր դժգոհ են գործող իշխանություններից եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, միշտ չէ, որ կարողանում են իշխանության ժառանգորդի անուն տալ։

Իսկ հասարակությունը չի կարող անորոշության մեջ խարխափել, եւ ՔՊ-ին ձայն տված 53 տոկոսի մի պատկառելի մասն այն մարդիկ են, որոնք հենց իրավահաջորդի բացակայությունն են պատճառ բերում՝ բացատրելով իրենց ընտրությունը՝ ո՞ւմ ընտրենք, ո՞վ կարող է երկիրն այս վիճակից հանել։ Նրանց չի ոգեւորում նախկին դեմքերին վերադառնալու գաղափարը, նրանք նոր անուն են պահանջում, նոր դեմք, որը վստահություն կներշնչի, կբավարարի իրենց պահանջները, կտարբերվի բոլոր նախկիններից, մի խոսքով՝ իդեալականին մոտ թեկնածու։

Մինչեւ այդ թեկնածուն չգտնվի, փողոցից հայտնված մարդուն ընտրած եւ իր իսկ ընտրությունից այսօր դժգոհ մարդը փակ աչքերով ու նույնքան անորոշ ընտրություն այլեւս չի կատարի։ Նման դիպված, երբ ընդդիմության ներկայացուցիչը, որը համարձակ հայտ է ներկայացնում՝ ստանձնելու պետության ղեկավարումը, մեկ անգամ է լինում պատմության մեջ, եւ այդ շանսը բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մեր հասարակությունն ավելի խելացի եւ ավելի կանխատեսելի ընտրություն է ուզում։