Գյումրիում Մյուզիք հոլ կգործի

Գյումրիում Մյուզիք հոլ կգործի

Այսօր տեղեկություն ստացանք, որ Գյումրու Գորկու փողոցում գտնվող «Արաքս» հյուրանոցում, որը 2 տասնամյակից ավելի է գործում է, այսօր տեղի է ունեցել ռեստորանի  բազմամարդ միջոցառում, որին ներկա են եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ ծնունդով գյումրեցի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մեզ ահազանգում էին, թե միջոցառման ընթացքում չեն պահպանվել պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակներ: Փորձեցինք պարզել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը: 

Տեղեկացանք, որ հյուրանոցը այցելուներին գրավելու նպատակով Մյուզիք Հոլ է բացել՝ ռեստորանին կից, որի բացման արարողությունն է տեղի ունեցել այսօր։ Նախաձեռնողները որոշել են, որ ռեստորանում անընդմեջ հնչելու է կենդանի երաժշտություն, ինչը նոր այցելուներ կգրավի: 

«Կենդանի երաժշտություն կլինի միայն կարանտինից հետո, իսկ հիմա այնպես ենք երաժշտություն միացնում»,-ասաց ադմինիստրացիայի աշխատակիցը: Ինչ վերաբերում է բազմամարդ միջոցառմանը, աշխատակցի խոսքով բացման արարողությանը ներկա են եղել փոքր թվով աշխատակիցներ: Այլ աղբյուրից մենք ճշտեցինք, որ իսկապես՝ որոշ պաշտոնյաներ հրավեր են ստացել մասնակցելու բացման արարողությանը, սակայն չեն ներկայացել։ Վերջին օրերին նման փարթիների շուրջ ծագող աղմուկը, թերեւս, նրանց հետ է պահել մասնակցությունից։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես ձեզանից եմ լսում, որ նման բան կա կամ եղել է: Ավելին՝ հիմա կփոխանցեմ համապատասխան մարմիններին, որպեսզի զբաղվեն դրանով ու պարզեն»: