Մարությանը վիրավորել է քաղաքին Սքեյթ պարկ նվիրող Ուկրաինայի հայերի միության նախագահին

Նոյեմբերի 15-ին Երեւանում մեծ հանդիսավորությամբ բացվեց նոր, շքեղ զբոսավայր, որը մայրաքաղաքի բնակիչների մի մասը սքեյթ պարկ է անվանում, իսկ մյուսը՝ շների այգի, քանի որ այն ցանցապատ հանրային տարածք ունի, որտեղ կարելի է զբոսնել շների հետ: Իրականում սքեյթ պարկն ու շների այգին Օղակաձեւ զբոսայգու տարբեր մասերն են, որոնք վերանորոգվել են բարեգործական գումարներով:
Որքան միջոցներ են ծախսվել այգու վերականգնման համար` չի հրապարակվում, բայց ակնհայտ է, որ ամենաթանկարժեք հատվածը սքեյթ պարկն է՝ ամֆիթատրոնով, բուժկետով եւ սանհանգույցով, ոճային հովհարներ՝ արեւային պանելներով, որոնք ապահովում են պարկի գիշերային լուսավորությունը, նաեւ՝ սքեյթավարի արձանով:
Այգու այս ամենաթանկարժեք հատվածի շինարարությունը, որը ծախսած գումարի 80 տոկոսն է, ֆինանսավորվել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից: Վիլեն Շատվորյանն էլ Ուկրաինայում հայերի միության մյուս անդամների հետ ժամանել էր Երեւան, համերգ ու հրավառություն էր կազմակերպել` այգու բացմանը նվիրված, իսկ նոյեմբերի 16-ին ուկրաինացի հյուրերին կաթողիկոսն ընդունել էր Էջմիածնում:
Թվում էր, թե Երեւանի քաղաքապետը պետք է առաջինն ընդունելություն կազմակերպեր, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրերին չի ընդունել, նրանք էլ քաղաքապետին չեն հրավիրել սքեյթ պարկի բացմանը:
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը, պատասխանելով մեր հարցերին, ասաց, որ քաղաքապետարանը թույլտվություն տվել էր համերգի կազմակերպման համար, սակայն իրենք տեղյակ չեն այդ միջոցառումից` ո՛չ համերգից, ո՛չ էլ հրավառությունից: Զարմանալի սառնությունն այս բարեգործների հանդեպ, որոնք իրենց նախաձեռնությամբ են ֆինանսավորել պարկի կառուցումը եւ երկու տարի շարունակ աշխատել են այս ուղղությամբ, անբացատրելի է:
Ըստ ինֆորմացված աղբյուրի, Ուկրաինայի հայերի միության նախագահ Շատվորյանը խիստ վիրավորված է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից: Բացի այն, որ պատշաճ միջոցառում չի կազմակերպվել քաղաքապետարանի կողմից, ուկրաինացի մեր հայրենակիցներին նաեւ բարկացրել է քաղաքապետարանի պատրաստած ռեպորտաժը: Ռեպորտաժում Մարությանը, լրագրողի դեր ստանձնելով, «ստենդ-ափ» է անում, կադրերում աջ ու ձախ քայլում է ու պատմում, թե ինչ աշխատանքներ է քաղաքապետարանն արել Օղակաձեւ զբոսայգում:
«Մենք սկսեցինք աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով», «այգու տարածքում անցկացրել ենք լուսավորության եւ ոռոգման նոր համակարգ», «անցուղիները բարեկարգել ենք նոր մոտեցմամբ», «առանձնացրել ենք հեծանվուղիներ», «տեղադրել ենք նոր աղբամաններ»: Լսողը կմտածի, թե Հայկ Մարությանն անձամբ է տեղադրել նստարաններ ու աղբամաններ, կաթիլային համակարգ` շների այգու ծառերի համար: Շատվորյանի ու մյուս բարերարների անունները նշում է ձեւականորեն` ամենավերջում, այն դեպքում, երբ անգամ այգու նստարաններն են բարեգործների միջոցներով կառուցվել։
«Ներդրողների համար այս վարվելակերպն այնքան վիրավորական է եղել, որ նրանք քաղաքապետին անգամ չեն էլ հրավիրել այգու պաշտոնական բացմանը։ Բարեգործներն այլ ծրագրեր նույնպես պետք է իրականացնեին Երեւանի համար, բայց Մարությանի այս քայլը, թերեւս, պատճառ է դարձել, որ նրանք այլեւս մայրաքաղաքում որեւէ գումար չներդնեն»,- ասում է մեր աղբյուրը եւ հիշեցնում նաեւ, որ մոտ երկու տարի առաջ էլ Գագիկ Ծառուկյանի հրավերով շեյխեր էին ժամանել Հայաստան, բայց Հայկ Մարությանի կողմից նրանց նկատմամբ նույնպես ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերվեց, եւ նրանք հրաժարվեցին բազմամիլիոն ներդրում անելու մտքից ու վիրավորված հեռացան։
Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանին, փոխանցեցինք մեր ստացած տեղեկությունները եւ հետաքրքրվեցինք` արդյոք դրանք ճի՞շտ են: «Կա նման բան»,- պատասխանեց Դավիթ Մկրտչյանը:
«Մենք պարկը սարքել ենք ու տվել ենք Երեւան քաղաքին: Միակ վիճաբանությունը քաղաքապետարանի հետ այն է, որ քաղաքապետարանը ոչ մի գումար չի ներդրել սքեյթ պարկի կառուցման համար, այն ամբողջությամբ կառուցվել է մեր գումարներով, եւ քաղաքապետարանը շատ լավ գիտի, թե ինչ գումար է ծախսվել, իրենք են գտել կառուցող ֆիրմային, պատվերը տվել: Թույլ տվեք թվեր չհրապարակեմ, մի բան միայն ասեմ, որ եթե դուք այդ արված ամբողջ գործը գնահատեք, ասենք, 100 դոլար, ապա սքեյթ պարկը կկազմի դրա 80 տոկոսը՝ բետոնով, տրիբունաներով, բուժկետով, զուգարանով եւ այլն: Ահռելի գործ է այդտեղ արված: Մենք ֆինանսավորել ենք սքեյթ պարկը, շրջապատի բեսեդկաներն ու դրան կպած մայթերի կառուցումը: Շների պարկն այլ բարեգործ է սարքել: Այդ ամենը՝ զուգարաններով, պարկով, լինելու է անվճար»,- ասաց Դավիթ Մկրտչյանը:
Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչու միջոցառմանը չեն հրավիրել քաղաքապետին եւ ինչու են նրանից վիրավորվել: «Մենք, անկախ ամեն ինչից, նոր ծրագրեր քաղաքում իրականացնելու ենք: Մոնումենտում 100 եղեւնիներ ենք տնկել, ինչը, իհարկե, քիչ է, բայց եթե մենք տարին երեք-չորս անգամ մի 100 եղեւնի տնկենք, մի քանի տարուց այդտեղ եղեւնիների անտառ կլինի»:
Փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը գումար չի ներդրել կամ ներդրել է չնչին չափով: Նրա պաշտոնական կայքում բարեգործների մասին մի տող է գրված. «Օղակաձեւ զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երեւան համայնքի բյուջեի միջոցներով եւ քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ»:
Կարծիքներ