Ոչ թե ընտրություններ, այլ ճակատամարտ

Ոչ թե ընտրություններ, այլ ճակատամարտ

Շատ դրամատիկ պահ է Հայաստանի համար, շատերն այս ընտրությունները կյանքի ու մահվան հարց են համարում և դա հասկանալի է։ Միանգամից մի քանի տիտանների հետ գործ ունենք և այս ճակատամարտում է ամեն ինչ որոշվելու, անգամ՝ պետության ապագան։ Մենք այժմ ականատեսն ենք հավերժ պայքարի հերթական դրվագի՝ միապետությունն ու ֆեոդալական կարգերն ընդդեմ ազատությունների և ժողովրդավարության և այս ընտրություններով պետք է որոշվի, թե ուր ենք շարժվում և ում հետ։ Պետք է ընդունել, որ այժմ անիշխանություն է երկրում՝ մի կողմից ունենք հզոր ֆեոդալներ, որոնք այլևս իշխանություն չունեն ժողովրդի վրա, մյուս կողմից ծովահենների մի խումբ, որոնց հաջողվել է զավթել եռագույն առագաստներով խոշորագույն նավը, բայց նրանց  չի հաջողվել իշխանություն հաստատել ցամաքում և իրենց ձեռքը վերցնել երկրի բոլոր լծակները։ Դրամատիկ և միաժամանակ սարսափելի տեսարան է սա։ Բոլորս այս պատմական իրադարձության մասնակիցներն ենք և հուսանք մեր ժողովուրդը կկարողանա պատվով հաղթահարել այս դժվարին փորձությունը։ 
                                         

Թագավորական նավատորմի մեկնումը 

 

Մեծ իրարանցում էր փոքրիկ թագավորության նավահանգստում։ Պարային խմբեր,ազգային տարազներով արտիստներ, լարախաղացներ, հայրենասիրական երգեր, զինվորական նվագախմբեր՝ այս ամենը խառնվել է իրար, իսկ հավաքված ժողովրդի մեծ մասի ուշադրությունն այնուամենայնիվ դեպի ծովն էր, որի երկնակամարում երևում էին հեռացող նավերի սիլուետները։ Շատ կարևոր օր էր միապետականների համար և նրանցից շատերը վաղ առավոտից այդտեղ էին, որպեսզի  բարի ճանապարհ մաղթեն  նավարկության մեկնող ռազմանավերին։ Ամեն ինչ արված էր, որ տոնական տեսք հաղորդվեր այդ ամենին, բայց նավահանգստում հավաքվածների տրամադրություններն ամենևին տոնական չէին և նրանց բոլորի երեսին դրոշմված էր մտահոգություն, անորոշություն, անհանգստություն։

 

Երիտասարդ լրագրողը բավականին ուշացած եկավ նավահանգիստ և որքան էլ ջանաց ծովի հեռուներում գոնե մի կետ տեսնել, որը կարող էր նավ հիշեցնել, չկարողացավ, քանզի ռազմանավերն արդեն բավականաչափ հեռացել էին։ Քանի որ թերթի երեկոյան համարի համար լրագրողին որոշակի մանրամասներ էին անհրաժեշտ, նա որոշեց իր բաց թողածը լրացնել ներկաներից մեկի պատմածով։ Ւհարկե, ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ էր, քանի որ ամբողջ թագավորությունն էր արդեն բավական երկար ժամանակ խոսում այս առաքելությունից և բոլորն արդեն լավ գիտեին, թե ինչ նավեր են ուղարկվելու այդ առաքելությանը և ինչ անձնակազմով, բայց այնուամենայնիվ որոշ պատկերավոր դրվագների կարիքն անշուշտ կար հոդվածն ավելի գրավիչ դարձնելու համար։ Երաժշտությունն արդեն դադարել էր և արդեն սկսել էին հավաքել շարժական բեմերը, իսկ բազմությունն արդեն ցրվում էր, երիտասարդ լրագրողի նկատեց բոլորից առանձին կանգնած, աչքը ծովին հառած մի ծերունու, որն, ըստ ամենայնի, չէր էլ պատրաստվում հեռանալ։ Լրագրողը մոտեցավ ծերունուն և ներկայացավ՝ խնդրելով վերջինիս օգնել իրեն հոդվածը պատրաստելու գործում և ծերունին հաճույքով համաձայնեց։ Ինչպես և սպասելի էր, ծերունին նույնպես, ինչպես և այստեղ բոլոր հավաքվածներն երդվյալ ռոյալիստ էր (միապետական) և դեռ լուսաբացին էր եկել նավահանգիստ, որ մանրակրկիտ կերպով ռազմանավերն ուսումնասիրի՝ համոզվելու համար, որ դրանք գտնվում են իդեալական վիճակում և ի զորու են իրենց առջև դրված կարևոր խնդիրը կատարել։ 

 

Մոտ կես ժամ ծերունին լրագրողի հարցերին էր պատասխանում և նրան  հետաքրքրող բոլոր մանրամասները նկարագրելուց հետո, նա էլ իր հերթին  հետաքրքրվեց լրագրողից, թե նա ինչ է մտածում այս ամենի մասին և արդյոք նա նույնպես միապետության կողմնակից է։ Այս հարցը, որը ուղղվեց լրագրողին թերևս փոքրիկ թագավորության ամենաակտուալ հարցերից էր և երիտասարդ լրագրողն, իհարկե, չէր ցանկանա պատասխանել այդ հարցին, բայց ելնելով իրավիճակից և հաշվի առնելով այն, որ ծերունին պարտաճանաչ նկարագրել էր իրեն հետաքրքրող մանրամասները, նա ստիպված էր պատասխանել իրեն ուղղված հարցին։ Մինչ լրագրողի պատասխանին անդրադառնալը, նախ հասկանանք, թե ինչումն էր հարցը և այդ ինչ ռազմանավեր էին այդպիսի հանդիսավորությամբ մեկնել նավահանգստից ու  ի վերջո, այդ ինչ կարևոր առաջադրանք, առաքելություն պետք է կատարեր  ողջ թագավորական նավատորմը, առաջադրանք, որից կախված էր այս թագավորության հետագա ճակատագիրը։

 

Թագավորության կարգերը լրջորեն վտանգված էին, միապետությունն առհասարակ կորցնում էր իր ակտուալությունը, ֆեոդալներն՝ իրենց կարողությունն ու հարստությունը, իսկ բարձաստիճան զինվորականությունն ու հոգևորականներն իրենց երբեմնի փառքն ու հեղինակությունը։ Այդ ամենի պատճառը մեկ մարդ էր՝ ծովահենների լեգենդար առաջնորդը, ում մի քանի տարի առաջ հաջողվել էր գրավել թագավորական ամենախոշոր ռազմանավը և իրեն նավապետ հռչակել։ Այդ օրվանից սկսվեցին այս փոքրիկ թագավորության՝ միապետության բոլոր խնդիրներն ու դժբախտությունները։ Օգտագործելով իր ձեռքն ընկած նավի հնարավորությունները և ծովահենի իր հմտությունները, նա պարբերաբար գրոհում էր թագավորության առևտրային նավերի վրա և թալանում դրանք։

 

Երիտասարդ ծովահեններն այս գործում այնքան էին հաջողել, որ շուտով թագավորությունում պարենային և այլ ապրանքատեսակների դեֆիցիտ սկսվեց, իսկ թշնամի և հարևան թագավորություններն առիթից օգտվելով սկսեցին տարբեր տիպի ոտնձգություններ կատարել փոքրիկ թագավորության սահմանների նկատմամբ։ Ծովահենների անպարտելի նավապետի մասին խոսում էր ողջ թագավորությունը, նրանով հիացած էին գյուղացիները, ծառաները, տարբեր կարգի ծառայողները (հասարակ մարդիկ), որովհետև իրենցից մեկը՝ ռամիկ գյուղացու որդին դարձել էր ծովերի տիրակալ և պարզապես ահաբեկում էր ֆեոդալներին ու նրանց նազիր-վեզիրներին, դարձել էր միապետության ահն ու սարսափը։ Մարդիկ միաժամանակ և հիացած էին, և զարմացած, նախկինում նրանք անգամ պատկերացնել չէին կարող, որ ֆեոդալներն ու նրանց նազիր-վեզիրները այդքան թույլ և խոցելի են ու ծովահենների ամեն մի հաղթական գրոհի մասին լսելով մարդիկ ավելի ու ավելի էին ոգևորվում։ Ծովահենների գործողություններն ամենից շատ վնասում էին ազնվականությանը, ամենամեծ խնդիրը, որ նրանք  առաջացրեցին ազնվականության համար դա ժողովրդի մոտ նրանց հեղինակության սարսափելի անկումն էր։ Ֆեոդալները սարսափելի վիճակում էին հայտնվել և միայն նրանց հագուկապից կարելի էր ենթադրել, որ ազնվականներ են, քանի որ դեմքի նենգ ժպիտն ու ինքնավստահ արտահայտությունը այլևս վերացել էր՝ տեղը զիջելով հուսահատությանն ու անհանգստությանը։

 

Մինչ ֆեոդալները տառապում էին, ժողովուրդը ցնծում էր և երկրպագում երտասարդ ծովահենին ու նրա նավաստիներին, նրանց մասին ինչ լեգենդներ և միֆեր ասես, որ չէին պտտվում ողջ թագավորությունով մեկ, բոլոր հասարակ մարդկանց կուռքն էր դարձել ինքնահռչակ ծովակալը՝ ծովահենների անպարտելի  նավապետը։ Հասարակ մարդկանց ուրախությունն, իհարկե, հասկանալի էր՝ նրանք ուրախ էին տեսնել հուսահատ ֆեոդալներին, անկարող ազնվականներին, թեև անկեղծ ասած ծովահենի քաջագործությունները վնասում էր բոլորին և պարենային դեֆիցիտը  հարվածում էր նաև  հասարակ մարդկանց՝ ժողովրդին, բայց նրանք ուշադրություն անգամ չէին դարձնում դրա վրա և ծովոհենների ամեն մի քաջագործության մասին նորությունն ընդունում էին ցնծությամբ և մեծ հուզմունքով։

 

Ծովահենների նավապետը մտել էր բոլորի սրտերը, նա ասես բոլորի վրեժն էր լուծում ագահ ֆեոդալներից և գոռոզամիտ ու մարդատյաց ազնվականներից, նա անում էր այն, ինչը շատերը երազում էին անել, բայց չէին համարձակվում։ Նա պատժում էր պատժողներին, թալանում՝ թալանողներին, նա իշխանություն էր ստացել իշխանավորների նկատմամբ և այժմ արհամարհում էր գոռոզներին, նա ուժեղ էր ուժեղներից, նա հաղթում էր անպարտելիներին, նա խլում էր խլողներից և դա անում էր ծովահենին հատուկ  համարձակությամբ։ Միապետությունն այլևս գրեթե կորսված էր, այլևս  չկար  երբեմնի վեհությունը, մարդիկ արդեն չէին վախենում ֆեոդալներից, չէին հարգում բարձրաստիճան զինվորականներին, հոգևորականներին, նրանք անգամ օրենքներն  էին սկսել արհամարհել։ Իհարկե կային և այնպիսինները, որոնք դեռ հավատարիմ էին միապետական կարգերին և նվիրված էին ֆեոդալներին  ու նրանք  վստահ էին, որ միապետությունը  ուշ թե շուտ ձևը կգտնի ծովահենին կախաղան հանելու և միապետության դրոշը բարձր ծածանելու։ Ռոյալիստները հիմնականում պալատական երգիչներն էին, որոշ գյուղացիներ, որոնք իրենց կյանքը առանց ֆեոդալների չէին պատկերացնում, արտոնյալ արտիստներ, ամբողջ ազնվականությունն, իհարկե, թեև արդեն ազնվականների շարքերում էլ էին հայտնվել այնպիսիները, որոնք ներքուստ  համակրում էին ծովահենների ազատամիտ նավապետին։ Այս տենդը, որ պատել էր փոքրիկ  թագավորության բնակչության մեծ մասին, ոմանք վարակ անվանեցին, թեև կային խոսակցություններ, որ դա պալատական գրչակներից մեկն էր հորինել հանրությանը հիասթափեցնելու համար, բայց դա նույնպես, ինչպես և շատ այլ քարոզչական հնարքներ ոչ մի ազդեցություն չթողեցին ծովահենների նավապետի  հեղինակության վրա, թեև նա դրանով անգամ հետաքրքրված էլ չէր։

 

Ծովահենների նավապետը միայն իր սիրելի գործով էր զբաղված՝ կողոպտում էր կողոպտողներին, ավարի մի մասը բաժանում մյուս ծովահենների մեջ և մեծ խրախճանքներ կազմակերպում իր նավի վրա, վայելելով իր իշխանությունն ու փառքը՝ իր երկաթյա սրտի չքնաղ տիրուհու հետ միասին, իսկ փոքրիկ թագավորության բնակիչները մեծ հույսեր էին փայփայում, որ նա ի վերջո ափ կիջնի և կվերցնի պետության կառավարումն իր ձեռքը՝ վերջնականապես հայտարարելով միապետության վախճանի մասին։ Այս հանգամանքից ֆեոդալները շատ էին վախենում և վերջապես որոշեցին հենց ծովում մեծ ճակատամարտ տալ ծովահենների նավի դեմ՝ օգտագործելով միապետության բոլոր ծովային ուժերը։ Դա շատ ռիսկային ծրագիր էր, քանի որ  պարտության դեպքում ամեն ինչ վերջնականապես կորսված կլիներ միապետականների համար, այնուամենայնիվ այլ, ավելի նպաստավոր  տարբերակ չգտնվեց և սառնասիրտ որոշում կայացվեց՝ մարտի նետվել բոլոր ուժերով՝բոլոր ռազմանավերով, բոլոր փառավոր ադմիրալներով և անձնակազմերով։ Չորս խոշորագույն ռազմանավեր էին ներգրավված այդ գործընթացում և նրանք պետք է կարողանային բաց ծովում շրջապատել ծովահենների <Հպարտ> նավը և ջախջախել այն՝ փրկելով միապետության փառքն ու պատիվը։ Թագավորության ողջ սերուցքը տեղավորվել էր այդ չորս նավերում, այստեղ էին ազնվականներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, դատավորներ, դատախազներ, անգամ ծովահենների նավից ծլկած մի քանի ծովահեններ էին ներգրավված այս առաքելության մեջ և որպեսզի ճանապարհորդությունը միապաղաղ և ձանձրալի չլինի ազնվականների համար, նրանց ուղեկցում էին բազմաթիվ երգիչներ, արտիստներ, փիլիսոփաներ, վերջիններս ի դեպ դժկամությամբ էին համաձայնել մասնակցել այս վտանգավոր ճանապարհորդությանը, քանզի լավ գիտակցում էին, թե դա ինչով կարող է ավարտվել իրենց համար։ 

 

Իսկ այժմ տեղափոխվենք նավահանգիստ, որտեղ պահպանողական և միապետության մոլի կողմնակից ծերունին փորձում էր հասկանալ, թե ինչ հայացքներ ունի իր երիտասարդ զրուցակիցը։ Ծերունին հենց այնպես չէր այդ հարցն ուղղել լրագրողին, քանզի նա լավ գիտեր, որ թագավորության մամուլը պատկանում էր ֆեոդալներին և բոլոր լրագրողները այսպես թե այնպես ստիպված էին ծառայել միապետությանը, թեև նրանցից ոմանք նույնպես հոգու խորքում համակրանք ունեին ազատամիտ ծովահենների՝ հատկապես նավապետի  նկատմամբ և դա բնական էր, չէ՞ որ իրենք՝լրագրողներն  էլ  հասարակ ընտանիքներից էին և իրենց նույնպես մեծ հրճվանք էր պատճառում ֆեոդալներին՝ կյանքի տերերին, հուսահատ ու անկարող տեսնելը, բայց միևնույն ժամանակ նրանք ստիպված էին ծովահեններին նսեմացնող հոդվածներ գրել, քննդատել նավապետին, անգամ անարգանքի սյունին գամել՝ փառաբանելով ֆեոդալական կարգերը։ Բոլորը լավ հասկանում էին, որ սա միապետության վերջին ճակատամարտն է, և եթե այս անգամ ևս ծովահենները կարողանան առավելության հասնել և նրանց հաջողվի  ջախջախել  միանգամից ողջ թագավորական  նավատորմը, ապա այլևս միապետությունը կորսված կլինի, իսկ ծովահենները հնարավորություն կստանան ափ իջնել և հանրապետություն հիմնել՝ մարդկանց շնորհելով ազատություններ և իրավունքներ, բայց նաեւ իրենց հետ բերելով թշվառություն, պատերազմներ, սով ու արտագաղթ։ Շատերը վախենում էին այդ ազատություններից, ինչպես և լրագրողի զրուցակից ծերունին, որը տեսնելով, որ լրագրողը չի շտապում իր հարցին պատասխանել ասաց, որ իր ընտանիքի անդամները ևս ծովահենների կողմնակիցներն են, թեև ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է համակրել մեկին, ով ազնվական ծագում չունի, կրթություն չի ստացել, գրագետ չի եւ չգիտի ինչպես նավն ափ իջեցնել եւ կառավարել իր հետ հույսեր կապող մարդկանց։ 
                                             
  Պողոս Պողոսյան