Հանցավոր խավիարակերություն՝ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների հետ

Հանցավոր խավիարակերություն՝ Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների հետ

Արդեն մի քանի օր է` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է անտեսել Ֆրանսիայի վարչական դատարանի որոշումները, որոնցով ուժը կորցրած են ճանաչվել Արցախի մի քանի համայնքների եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ ստորագրված հուշագրերը։ Որեւէ պաշտոնական հայտարարություն այս մասին չկա, ընդամենը կան ֆեյսբուքյան գրառումներ, որտեղ մարդիկ ազդարարում են կատարվածի մասին։ ԱԳՆ մեր աղբյուրը հայտնում է, որ հայցերն ընդդեմ հուշագրերի ներկայացրել են ադմինիստրատիվ դեպարտամենտների կենտրոնները՝ պրեֆեկտուրաները։ 

Հիշեցնենք, որ համապատասխան որոշումներն ընդունել են Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը՝ մայիսի 29-ին, եւ Գրենոբլի շրջանի դատարանը՝ հունիսի 11-ին։ Դրանցով չեղարկվում են ֆրանսիական 4 քաղաքների՝ Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների հետ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունի քաղաքների եւ Շեխեր գյուղի միջեւ կնքված բարեկամության հուշագրերը։ Ֆրանսիական համայնքների ղեկավարներն ի պատասխան հայտնել են, որ շարունակելու են բարեկամությունն արցախյան համայնքների հետ, իսկ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ 

Պաշտոնապես արձագանքելով մեր խնդրանքին՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հորդորեց կարդալ Արցախի արտգործնախարարության հայտարարությունը։ Արցախում ֆրանսիական դատարանի որոշումներն ընդունել են որպես ադրբեջանական լոբբինգի արդյունք։ «Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող՝ Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ դատարանների որոշումների հետ կապված այս միջադեպը վկայում է, որ Ադրբեջանը խուսափում է բացահայտ թշնամական գործողություններից եւ անցել է իր սիրած խավիարային մեթոդին։ «Իրենք վերափոխել են մարտավարությունը, հանցավոր խավիարակերություն են արել մի շարք պաշտոնական շրջանակի ներկայացուցիչների հետ։ Նրանց միջոցով դատարանները սկսել են ճնշումներ գործադրել վարչակազմերի վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան մեծ հարված Ֆրանսիայի պետականության, ժողովրդավարության եւ մարդասիրության սկզբունքներին, ավելի մեծ հարված է Ֆրանսիայի, քան մեզ համար»,- ասում է խոսնակը։ 

Հարցին, թե չի՞ գտնում արդյոք, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է արձագանքեր, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ սա նոր մարտահրավեր է, նոր իրավիճակ է, նույն պատերազմական հարձակումն է, պարզապես՝ դիվանագիտական ճակատում, եւ մենք պետք է ճշգրտումներ մտցնենք մեր մարտավարության մեջ, որ դիմակայենք»։ 

Սակայն քաղաքական շրջանակներում կարծում են, որ միայն խավիարը չէ պատճառը, այլ մեր արտաքին գերատեսչության վատ աշխատանքը, պետության անտարբերությունը։ «Պարզ է, սակայն, որ խավիարային ավանդույթից բացի, մեր բացթողումն այդ ուղղությամբ աշխատանքի բացակայությունն է»,- կարճ մեկնաբանեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։