Սուլթան Համիդն ավելի ազնիվ էր իր հայրենիքի նկատմամբ, քան Հովիկ Աբրահամյանը

Սուլթան Համիդն ավելի ազնիվ էր իր հայրենիքի նկատմամբ, քան Հովիկ Աբրահամյանը

Երեկ կառավարության ընդունելությունների դահլիճում Հայաստանի համայնքապետերի մասնակցությամբ համաժողով էր հրավիրվել, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովին մասնակցում էին երկրի բոլոր գյուղապետերն ու քաղաքապետերը, նաեւ մարզպետները, ելույթով հանդես եկավ նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որը խոսեց մարտի 23-ին տեղի ունենալիք շաբաթօրյակից, ինչպեսեւ՝ գյուղերում ոռոգման ջրի խնդիրներից։ Ելույթից հետո Պապիկյանը դուրս եկավ՝ պատասխանելու լրագրողների հարցերին, իսկ դահլիճում շարունակվեցին քննարկումն ու ելույթները։ Պապիկյանի հետ զրույցը նոր էինք վերջացրել, երբ նկատեցինք, որ դահլիճում իրարանցում է։

Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար, բոլոր իշխանությունների օրոք հայտնի ընդդիմախոս Սոկրատ Հովսեփյանը մոտեցել էր ամբիոնին եւ իր դժգոհությունն ու առաջարկություններն էր ուզում ներկայացնել նախարարին եւ վարչապետին, որոնք, սակայն, այդ պահին դահլիճում չէին։ Բայց գյուղապետին թույլ չտվեցին խոսել։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջում էր, որ Հովսեփյանը կարճ կապի եւ իջնի ամբիոնից։ Այգեստանի գյուղապետն էլ ասաց, որ ինքը ջրագծերի եւ ոռոգման ցանցի խնդիրների հետ կապված խոսք ունի ասելու, առաջարկ ունի կառավարությանը, բայց նրան լսող չեղավ։ Արդեն դահլիճից դուրս պարոն Հովսեփյանը, ով նախկինում դատախազ է եղել, կուսակցական պատկանելությամբ էլ՝ կոմունիստ ու ՀՀԿ-ական, պատմեց, թե ինչ էր ցանկանում ասել, եւ ինչու մարզպետը թույլ չտվեց արտահայտվել։ Մասնավորապես նա նշեց, որ մարզպետի ցուցումով իր դեմ քրեական գործ են հարուցել, բայց ոչ մի բան չեն գտել։ «Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի, բերեցին իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին անցած տարի, քննեցին, քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,- ասաց նա։ 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ասաց, որ այդ քրեական գործը հարուցել են իր համագյուղացիների բողոքների հիման վրա, բայց հետո կարճել են, քանի որ որեւէ բան չեն գտել։ Իսկ թե ինչու թույլ չէր տալիս, որ խոսեր իր մարզի գյուղապետը, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք, թե նա ինչպես մոտեցավ ամբիոնին, ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ՝ որպես մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա։ Եթե ելույթ ունենալու է, գոնե՝ կարճ»։ 

Ինքը՝ Սոկրատ Հովսեփյանը, բավականին վրդովված տոնով պատմեց, թե ինչպես է կառավարությանն առաջարկում ջրագծի արդիականացման ծրագիր, բայց կառավարությունն իրեն չի լսում։ «Պարոն Պապիկյանն ասաց, որ գյուղում հողերը չեն ջրվում, չէ՞։ Բայց ինչո՞ւ չի ջրվում, որովհետեւ ջուրը չի հասնում գյուղացուն։ Կոնկրետ առաջարկություն եմ ուղարկել պարոն Պապիկյանին, կառավարությանը, մեր գյուղն ունի 500 հեկտար հողամաս, 130 հեկտարը ջրվում է Մխչյանի ջրատարից, որը՝ լավ, թե վատ, ջրվում ա, իսկ 370 հեկտարը չի ջրվում։ Ինչի՞ համար։ Ջուրը գալիս ա 3 գյուղերից, մարդիկ գողանում են մեր ջուրը, էդ ջուրը մեր գյուղ չի հասնում: Մենք առաջարկել ենք, որ փակ խողովակաշարով ջուրը բերենք հասցնենք մեր գյուղ, նրանք մեզ ասացին, որ 110 հազար դոլար ներդրում է պետք, որից տասը տոկոս մենք պետք է ներդրում անենք, գյուղապետարանը պատրաստ է տալ։ Հետո ասացին՝ չէ, սա թանկ ա, արժի 440 հազար դոլար, մենք ձեզ տալիս ենք 110 հազար դոլար՝ ներքին ցանցը կառուցելու համար։ Ես էլ ասում եմ՝ պարոն նախարար, Դուք ասում եք՝ սուբվենցիա, դուք մեզ տվեք 2 կմ 200 մետր խողովակ՝ 220 հազար դոլար, էն 220 հազար դոլարի աշխատանքներն էլ գյուղապետարանն ինքը կանի իր ռեսուրսով։ Ես կոմունիստ եմ եղել, մեր գյուղում էդ էնտուզիազմը կա, ես գյուղում շատ բան եմ արել եւ արել եմ էդ էնտուզիազմի միջոցով»,- մեծ վրդովմունքով ու էնտուզիազմով իր առաջարկության մասին պատմեց նախկին դատախազ ու նախկին կոմունիստ համայնքապետը։ 

Ապա դժգոհեց մարզպետից, որ չէր թողնում իրեն խոսել։ Նշեց, որ ինքը հազարավոր հոդվածներ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, Քոչարյանի դեմ, Սերժ Սարգսյանի դեմ։ «Ես միշտ եղել եմ իշխանության մեջ եւ իշխանավորներին դեմ եմ եղել։ Ես իշխանամետ չեմ, ես պետականամետ մարդ եմ եղել, էդպես էլ ապրելու եմ մինչեւ իմ կյանքի վերջը»,- ասաց նա։

- Ամեն դեպքում, մարզպետի հետ ինչ-որ լարվածությո՞ւն ունեք։

- Ես լարվածություն չունեմ, իմ նկատմամբ էս բոլորը, որ կազմակերպել են, որոնց մեջ նաեւ մարզպետն ա եղել իր ստոր․․․ չեմ ուզում ուրիշ բան ասեմ, էլի։ Եկավ մարզպետը պարոն Պապիկյանի հետ մեր գյուղ, տեսավ, թե ինչ աշխատանքներ եմ կատարել, ասաց՝ դու պրոբլեմ չունես, տասն օր հետո իմ դեմ ինչ-որ մարդիկ են հանում։

- Երբվանի՞ց եք ղեկավարում Այգեստան համայնքը։

- 2008 թվականից մինչեւ հիմա գյուղապետ եմ։ 

- Ձեր գյուղի բնակչությունը գո՞հ է Ձեզնից։

- Ես երբեք գյուղացուն չեմ ասել՝ ինձ ընտրի։ Ես ասել եմ․ ինձ կընտրեք՝ կընտրեք, չեք ընտրի՝ Աստված ձեզ հետ։ Ասել եմ՝ դո՛ւք ինձ պետք չեք, ես եմ ձեզ պետք։ Եվ ես իմ բնավորությամբ գյուղացիներին պետք եմ։ Եվ էսօր, որ մտնեք գյուղում հարցնեք, կարող է մարդիկ լինեն, որ Սոկրատին չսիրեն, բայց ինձ չսիրողը նույնիսկ նշում է իմ կատարած աշխատանքների մասին։

- Կուսակցակա՞ն եք։

- Եղել եմ կոմունիստ, հետո հանրապետական եմ դարձել՝ հասկանալի պատճառներով։ Ես ինչո՞ւ հեռացա ՀՀԿ-ից, որովհետեւ երիտասարդ թեւին ասի՝ եկեք համագումար հրավիրենք, տվեք Սերժ Սարգսյանի աշխատանքային, կուսակցական գործունեության գնահատականը եւ դուք փրկեք ձեր պատիվը։ Բայց նրանք, ոնց ասած՝ գեբելսական հավատարմություն ցուցաբերեցին՝ Աշոտյանը, Շարմազանովը, իրենց ֆյուրերի նկատմամբ՝ մտածելով, թե դրանով երկիրը փրկում են։ Դրանով երկիրը չեն փրկում, երկիրը փրկում են իմ նման ազնիվ մարդկանցով։ Ինձ ասում են՝ քո կողերը երկաթից ա, ես ասում եմ՝ իմ կողերն ավելի ազնիվ ա, քան երկաթը, իմ կողերը հայրենասիրությունից ա, ազնվությունից ա, ազնվությունն ա ինձ փրկել։ Հինգ հատ քրեական գործ որ հարուցեն մեկի վրա ու ոչինչ չգտնեն, դա ի՞նչ ա նշանակում։

- ՀՀԿ-ի իշխանության օրոք ձեր մարզում մեծ էր Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը։ Հիմա ի՞նչ վիճակ է այդ հարցում, Աբրահամյաններն էլի՞ ունեն ազդեցություն մարզում։

- Ինձ համար Հովիկ Աբրահամյան չէ, ով ուզում ա լինի, ես միշտ եղել եմ Հովսեփյան Սոկրատ, Հովսեփյան Սոկրատ էլ մնացել եմ։ Ես Հովիկ Աբրահամյանին իմ «Հայի տեսակը» գրքում համեմատել եմ սուլթան Աբդուլ Համիդի հետ եւ ասել եմ՝ սուլթան Համիդն ավելի ազնիվ էր իր հայրենիքի նկատմամբ, քան Հովիկ Աբրահամյանը։ Ասեմ՝ ինչի համար։ Սուլթան Համիդին հրեաները գնում ասում են՝ մենք քեզ փող տանք, որ Երուսաղեմում հող առնեն։ Նա ասում ա՝ թուրքը արյամբ ձեռք բերված հողը ոսկով չի ծախում։ Իսկ նրանք (նկատի ունի Աբրահամյաններին) գործարանները քանդում ծախում էին թուրքերին, ինչի՞ մասին ա խոսքը։ 

- Դուք դժգոհում էիք, որ ջուրը գողանում են, հայտնի է, որ Աբրահամյանները մեծ հողատարածքներ ունեն ձեր մարզում, ու ջրի մեծ մասը նրանց արտերի ոռոգմանն է ուղղվում․․․

- Չէ, Հովիկ Աբրահամյանը դրա հետ կապ չունի։ Ես խոսում եմ կոնկրետ էդ ջրագծի մասին, որ մեր գյուղով ջուր չի անցնում։