Ամանորյա էսքիզ…

Ամանորյա էսքիզ…

Աշնան վերջ, տատս խնոցուց հանած կարագը աղ էր դնում, ու ձմռան մի օր`համարյա տարեմուտի էս օրերին, մեծ  ղազանը  կարագով լի դնում էր բոցկլտացող  թոնրի վրա: Սկզբում խաչերկաթ էր դնում, թոնիրը երկու հավասր մասի բաժանելով,  ու կամաց-կամաց կրակը թեժացնում էր: Աչքեր մռմռացնող սևին  ու սպիտակին տվող կրակը սկսում էր պղինձը տաքացնել…Իսկ ինձ ասում էր կրակին միայն ցան արա, թող որ կրակը մարմանդի, որ կարագը արդար յուղ դառնա: Սա արդեն ինձ համար հանելուկի պես մի բան էր:

-Կարագը թեժ կրակով լավ չի  հալվի,- հաճախ էր կրկնում  տատս,- քափը երես կկանգնի: Իսկ ես ձեռքի հետ, համ թոնրին ցան էի ավելացնում, համ էլ կլանված նայում էի պղնձի պարունակությանը, թե էս կարագը ո՞նց պիտի հալվի, թե ո՞նց պիտի արդար յուղ դառնա:  Նայում էի աչքս առանց թարթելու ու տեսնում էի, թե ինչպես է պղնձի կողքերից, պաղպաղակ ուտելու պես, կարագը հալվում …Հալվում էր ու փրփրում, հալվում էր ու փրփրում, փրփրելով պղպճակներ էր դառնում… Հիշում եք չէ, երբ դպրոցում քիմիայի դասի ժամանակ, սրվակների մեջի տարբեր թթուներն իրար էինք խառնում: Մոտավոր, նման մի բան…

Կարագը դանդաղ հալվում էր, փրփուրն ու պղպճակները աստիանաբար ետ-ետ էին քաշվում,քափը նստում էր պղնձի տակին, իսկ  յուղը երես էր կանգնում:
Արդար… Արդեն, աչքեր մռմռացնող սև ու սպիտակ կրակից ու պղտորությունից զերծ, տատիս ասած կարագը հալվել,  ու արդար յուղը պղնձի երես էր կանգնել:

Հիմա , տարեմուտյան այս պահից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ամանորը… Մեզ բոլորիս, ցանկանում, որպեսզի նոր`2020-ին ամեն ինչ խաղաղվի, պարզվի, իսկ արդար յուղն էլ պղնձի երես կանգնի…  

Ռոբերտ Մաթոսյան