Հայերի համար Հայաստան այցելելու ցանկությունը մեծ է. Իսպանիայում չեղարկվել են մի շարք միջոցառումներ

Հայերի համար Հայաստան այցելելու ցանկությունը մեծ է.  Իսպանիայում  չեղարկվել  են մի շարք միջոցառումներ

Իսպանիայում դեռ անցած շաբաթ կորոնավիրուսի հետ կապված խուճապն այդքան էլ մեծ չէր: Սակայն այսօր իրավիճակն ավելի քան մտահոգիչ է։ Երկրում արդեն  48 զոհ և 2097 վարակված կա: Իսկ, ահա, Իտալիայից և դեպի Իտալիա բոլոր չվերթները չեղարկվել են առնվազն մինչև մարտի 25-ը։ Բոլոր ֆուտբոլային և այլ սպորտաձևերի խաղերն անցկացվում են դռնփակ: Երեկ Վալենսիայում Չեմպիոնների լիգան նույն բախտին արժանացավ։ Չեղարկվեց նաև Վալենսիայի և Իսպանիայի գլխավոր տոներից մեկը՝ Ֆայասը, որը սկսվում է մարտի 15-ին և ավարտվում մարտի 19-ին։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, որոնցում մասնակցությունը կարող է անցնել 500 հոգին։ Այսօր Ջիհադի կողմից 16 տարի առաջ իրականացված ահաբեկչական ակտի օրն է, որի հետևանքով 152 մարդ էր զոհվել։ Սրա հետ կապված բոլոր միջոցառումները նույնպես չեղարկվել են։ Մադրիդում, Ռիոխայում և Բասկերի երկրում ուսումնական հաստատությունները փակ են։ Իրավիճակի հետ կապված ` hraparak.am-ը զրուցեց Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե ինչպես են տրամադրված սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները, ինչպես են պաշտպանվում չարաբաստիկ վիրուսից: 
 

«Վալենսիայի Ֆայասն իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում միայն 5 անգամ է չեղարկվել։ Նախորդ չորս անգամները կապված են եղել պատերազմների հետ, այս վերջինը՝ կորոնավիրուսի։ Մեզ մոտ երկրի երրորդ կուսակցության գլխավոր քարտուղարն է վարակվել՝ մարտի 8-ին մարդաշատ միտինգին մասնակցելուց հետո։ Կոնգրեսը հետաձգել է բոլոր ակտերը, քանի որ այդ միտինգին մասնակցել են կուսակցության գրեթե բոլոր 52 պատգամավորները։ Վերջիններս ինքնամեկուսացման մեջ են: Խորհուրդ է տրվում ընդհանրապես չճամփորդել, խուսափել հատկապես ռիսկային երկրներ (Չինաստան, Իտալիա, Ճապոնիա, Կորեա...) այցելելուց։ Զգուշավորության մթնոլորտ է տիրում ամբողջ Եվրոպայում։ Օրինակ, հենց այսօրվանից իտալացիները չեն կարող այցելել Ավստրիա։

Հայաստան գնալու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի և վարակի առկայության դեպքում ինքնամեկուսացվել: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստան այցելելու ցանկությունը մեծ է տեղի հայերի համար, բայց որոշ դեպքերում, հիմա արդեն զգուշանում են տոմս գնելուց: 
»,-պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, հայերից դեռևս ոչ ոք  վերջնականապես հայրենիք վերադառնալու մտադրություն չի հայտնել:

Եթե եկել են, ապա միայն` որպես զբոսաշրջիկներ: «Իմ կարծիքով, հարկավոր է հիգիենա, զգուշավորություն և պատասխանատվության զգացում ունենալ, մի քիչ համբերություն ունենալ, և ամեն բան լավ կլինի»,-խոսքը լավատեսորեն ավարտեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ չնայած Վալենսիայում այս օրերին բժշկական դիմակների և հիգիենայի մի շարք պարագաների գների կտրուկ աճ է նկատվում, դրանց պակաս երկրում չկա։