Տարոն Մարգարյանը բնակիչներին ավելի շատ էր հանդիպում, քան Հայկ Մարությանը

Տարոն Մարգարյանը բնակիչներին ավելի շատ էր հանդիպում, քան Հայկ Մարությանը

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց «Երևանցիները` Երևանի մասին» հարցման արդյունքները։

Ըստ Նավասարդյանի՝ ամփոփված 3 թեմա կա։

«Առաջինը Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ է, երկրորդը վերաբերում է ոստիկանության աշխատանքին, իսկ երրորդը ամսի 11-ի մոսկովյան հայտնի այցի մասին է, որին միայն Երևանի բնակիչներն են պատասխանել, որովհետև, բնականաբար, ծրագիրը Երևանի մասին էր»,- նշեց Նավասարդյանը։

«Օրինակ՝ մենք խնդրել ենք նշել Երևան քաղաքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Երեք տարվա ցուցանիշ է բերված, 17,19 և 20 թվականների։ Ես այս տարվա ցուցանիշները նշեմ. լիովին դրական է գնահատել 13,5%-ը, ավելի շուտ դրական է գնահատել 48%-ը, բացասական է գնահատել 11.6%-ը և ընդհանրապես բացասական է գնահատել 18.1%-ը։ Այսինքն՝ համեմատած 2019 թվականի հետ, բացասական ցուցանիշներն աճել են։ Եթե այն ժամանակ բացասական էին գնահատել 8.7%-ը, հիմա` 11.7%-ը։ Ընդհանրապես, բացասականի ցուցանիշը 3.8%-ից բարձրացել է 18.1%-ով, սա, կարծում եմ, բավականին խոսուն է»,- նշեց Նավասարդյանը։

«Մենք նաեւ խնդրել ենք նշել, թե ինչ խնդիրներ ունի Երևանը, որոնք պետք է լուծվեն։ 14%-ը նշել է աղբահանության և մաքրության խնդիրները, 10.6%-ը նշել է գործազրկության խնդիրը, 9.5%-ը նշել է բնապահպանական խնդիրները, իսկ թափառող շների խնդրի մասին նշել է 9.4%-ը։ 7.8 և 7.3 տոկոսն էլ նշել է անվտանգության և վերելակների խնդրի մասին։ Հարցին, թե նշեք այն փոփոխությունները, որոնք վերջին մեկ տարում իրականացվել են քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, քաղաքացիները պատասխանել են. 39.1%-ը նշել է, որ դա աղբահանության համակարգի փոփոխությունն է, վերելակների փոփոխություն՝ 10.4%, այգիների բարեկարգում՝ 9.6%, կանաչապատ տարածքների ավելացում՝ 8%, բակերի բարեկարգում` 7.1 և տրանսպորտը միայն 6.5%-ն է նշել։ Հարցին, թե ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք իրականացվեր քաղաքապետարանի կամ թաղապետարանի կողմից, երևանցիները պատասխանել են. 12.8%-ը նշել է կանաչապատ տարածքների ավելացում, մշակութային ծրագրերի իրականացում՝ 10.6%, խաղահրապարակների կառուցում՝ 10.3%, երեխաների համար միջոցառումներ՝ 8.6% և տրանսպորտային խնդիրների լուծում` 7.3 %», - ասաց Նավասարդյանը ՝ պնդելով, որ Հայկ Մարությանն ավելի շատ պետք է հանդիպումներ ունենա Երևանի բնակիչների հետ։

«Տարոն Մարգարյանը, միանշանակ, ավելի շատ հանդիպումներ էր ունենում բնակիչների հետ, քան Հայկ Մարությանը»,- նկատեց նա։