Հասկացան, ճանաչեցին, ընկերացան, համատեղ  ծրագրեր քննարկեցին․ ՌԴ այցի արդյունքներով 

Հասկացան, ճանաչեցին, ընկերացան, համատեղ  ծրագրեր քննարկեցին․ ՌԴ այցի արդյունքներով 
Ալեն Սիմոնյան

Հայ  օրենսդիրների աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ արդյունքների, հանդիպումների, ընդունելությունների, մթնոլորտի առումով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը որակում է՝«գե-րա-զանց«։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Անցել է շատ ջերմ, մաքսիմալ լավ, չեմ պատկերացնում, թե սրանից լավ ինչ կարող էր լինել»։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի վերլուծաբանները, նաև մամուլը հաճախ էր անդրադառնում այն իրողությանը, որ ՌԴ-ում  պատկերացում չունեն,  նաև անձնական կապերի մակարդակով, թե ովքեր են Հայաստանում հեղափոխությունից հետո իշխանության եկածները։

Ավելին՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի՝  վերջերս Հայաստան կատարած այցը դիտարկվում էր հենց այդ համատեքստում՝ որպես ճանաչողական։ Հիմա, փաստորեն, հայկական կողմն էր ՌԴ-ում։ Հարցին, թե ճանաչեցի՞ք միմյանց, հասկացա՞ք, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Հասկացան, ճանաչեցին, ընկերացա՛նք, միասնական պլաններ քննարկեցինք, աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցերի հետ կապված, նախնական քննարկումներում փոխադարձաբար ներկայացրեցինք մեր մոտեցումները»։

7-րդ գումարման ԱԺ-ում սկսվել է նաև միջխորհրդարանական համագործակցության խմբերի ձևավորումը։ Արդեն հաստատվել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հայկական կողմի համանախագահը Ալեն Սիմոնյանն է, ՌԴ-ինը՝ Վալենտինա Մատվիենկոյի տեղակալ Լեոնիդ Վորոբյովը։ 

Հիշեցնենք, որ  «168 ժամ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ այսօր գրել էր, որ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել և այն մռայլվել է չհասկացվածության ու նեղացածության ինչ-որ դրվագով, որն առնչվում է նրան, որ    ռուսական կողմը մտադիր չէ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության համանախագահի պաշտոնում նշանակել համարժեք պաշտոնյայի՝ փոխխոսնակի մակարդակով։ Ավելին, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, իր տարակուսանքն է հայտնել Արարատ Միրզոյանի կողմից այդ պահանջի կապակցությամբ։ Եվ խնդրի ողջ նրբությունն այն է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբում ռուսական կողմից համանախագահի պաշտոնը մինչեւ հիմա զբաղեցնում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, ով արդեն 89 տարեկան է, և ըստ թերթի,  Արարատ Միրզոյանի խոսքը ընդունվել է՝ որպես ուղիղ Ռիժկովի դեմ հնչած խոսք։ Չնայած նրան, որ  դիվանագիտական տեսանկյունից՝ կողմերի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնները պետք է համադրելի լինեն. եթե Հայաստանը փոխխոսնակի է նշանակում՝ որպես համանախագահ, ապա նույնն ակնկալվում է նաեւ ռուսական կողմից։ 

 Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց․«Իրենց  կողմից առաջին իսկ րոպեից մեզ շատ լավ անակնկալ մատուցվեց։ Հաշվի առնելով, որ պարոն Ռիժկովը, ով գլխավորում է Հայաստան- Ռուսաստան միջխորհրդարանական խումբը, լինելով գրեթե 90 տարեկան, այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, ոչ միայն այս խմբի շրջանակներում, այլև իր ընդհանուր գործունեության մեջ, նաև իր ցանկությամբ, մեր ռուս գործընկերները   փորձում են նրան առանձնապես շատ չծանրաբեռնել, և տիկին Մատվիևենկոն առաջին իսկ րոպեից հայտարարեց, որ իրենք Հայաստանի ազգային հերոսին առաջարկում են փոխարինել մեկ այլ հերոսով, որն իր տեղակալն է»։ Փաստորեն, հայ-ռուսական այս ձևաչափում  պահվում է ղեկավարների կարգավիճակը։

Ալեն Սիմոնյանը հավելեց նաև, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ։ Տիկինն ասել է՝ մեծ հաճույքով։ Նույնիսկ այցի մոտավոր ժամկետներ են քննարկվել։
Հարցին, թե հնարավո՞ր է նոր հարցեր-խնդիրներ օրակարգ բերվեն, հայկական կողմի համանախագահն ասաց, որ օրակարգում լինելու են՝ «Խորացում, երկու երկրներին  հուզող  հարցերի առաջ քաշում։ Կարող եմ մի բան ասել, որ  էմոցիոնալ առումով, իրենց  տրամադրվածությունը շատ լավն ու անկեղծ էր, ինչը ինձ շատ ուրախացրեց»։

 Հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի երկու համանախագահների միջև, ովքեր Մոսկվայում, Ալեն Սիմոնյանի խոսքով, հետաքրքիր մտքեր, գաղափարներ են փոխանակել, 1 ամիս ժամանակ է տրվել նոր հանդիպման նախապատրաստման համար, որը որոշվել է, որ պետք է տեղի ունենա ՌԴ-ում։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց նաև ռուսական կողմից որևէ հարցադրում, դիտարկում չի եղել Հայաստանի բարձր պետական-քաղաքական պաշտոններում սորոսական կամ հակառուսական տրամադրություններ ունեցող պաշտոնյաների մասին։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանը, ոչ ֆորմալ զրույցներում, ինչպես նաև ռուսաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան անդրադարձել է ռուսական մեդիադաշտում Հայաստանի վրա հարձակումներին՝ ասելով, որ, երբ խոսքը հայ- ռուսական հարաբերությունների մասին է, ապա դրանց վրա էականորեն  ազդում է նաև հանրության կարծիքը։

Իսկ հայ հանրության կարծիքը հաճախ բացասական ազդակներ է ստանում, երբ ռուսական լրատվամիջոցների կողմից  լինում են հարձակումներ մեր նկատմամբ։ Բայց Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ հայկական կողմը կարողանում է տարբերակել տարբեր անհատների կարծիքներն ու  անձնական շահագրգռվածությունները։ Անդրադառնալով, ՌԴ Դաշնության խորհրդի  նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին, որի մասին ոչ վատ գնահատականներ տվեցին Հայաստանի նոր իշխանություններին ամեն առիթով քննադատող հանրապետականները, ԱԺ փոխխոսնակը որպես իր կողմից գնահատական ասաց, որ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ դաշնային ժողովում աննախադեպ է եղել, ինչի մասին ընդգծել է նաև ռուսական կողմը։ Տարիներ առաջ միայն Ղազախստանն է նման հնարավորություն ունեցել։