ԱԱԾ-ն մոտ 40 հոգու է ձերբակալել

ԱԱԾ-ն մոտ 40 հոգու է ձերբակալել

Դեռևս շաբաթ օրը «Հրապարակը» գրել էր, որ ԱԱԾ-ն կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանն ու «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանին։ Ազգային անվտանգության ծառայությունը միայն երեկ՝ 5 օր անց հաղորդագրությամբ հաստատեց մեր լուրը՝ ասելով, որ ՊԵԿ շուրջ 15 աշխատակիցներ են ձերբակալվել։

Մեր տեղեկություններով, սակայն, այդ թիվը շատ ավելի մեծ է, իրականում ձերբակալվել է մոտ 40 անձ, այդ թվում «բրոկերները», որոնք տեղում քաղաքացիներին ծառայություններ են մատուցում՝ փաստաթղթեր լրացնում և այլն։ Մեր աղբյուրն ասաց, որ հիմնականում հենց նրանք են միջնորդում ու կազմակերպում կաշառքի գործընթացը։ Ինչ վերաբերում է ենթադրյալ կաշառքների չափերին, ապա այդ գումարը տարբեր անձանց պարագայում տատանվում է 50 հազարից մինչև 500 հազար դրամի սահմաններում։

Հիշեցնենք նաև, որ անցած տարի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասայանը, փորձելով մեղմել ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիայի առկայությունը, ասել էր, թե մաքսային ծառայության աշխատակիցները սովորույթի համաձայն որպես շնորհակալություն գումարներ են վերցնում` 10 հազար դրամի կարգի, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել մաքսայինի աշխատակիցների շրջանում․ նրանք հրապարակային կերպով քննադատել էին Բադասյանին, ստորագրահավաք անցկացրել, բաց նամակ հղել` Բադասյանից պատիվ պահանջելով։