Կորյուն Աթոյանը Հայաստանում չէ՞

Կորյուն Աթոյանը Հայաստանում չէ՞

Օդում կախված համառ լուրեր են շրջանառվում, որ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը Հայաստանում չէ՝ բուհում կատարված ֆինանսական՝ շուրջ 400 միլիոն դրամի հասնող մութ գործարքների հետ կապված։

Նախկինում իր բջջային հեռախոսին մշտապես պատասպանող Կորյուն Աթոյանի համարներից մեկն անջատված է, մյուսով զանգը գնում է, թեև որևէ համարի գծից այն կողմ չեն պատասխանում։

Մամուլը գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ՝ 2019թ. հունվարի 18-ին կայացած ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդրանիկ նիստում բարձրաձայնվել է բուհում կատարված Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ աղաղակող փաստերից մեկը:

Հարցը վերաբերել է 2013 թվականից մասնավոր հյուրանոցի կարգավիճակ ունեցող մի հանրակացարանատիպ շինության վարձակալության հետ կապված արտառոց մեծ ծախսերին ու դրանց համեմատ չնչին եկամուտներին: Ըստ ՀՊՏՀ կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաեւ ՀՊՏՀ 2018թ. տարեկան բյուջեի, 2013-2018թթ. ՀՊՏՀ ղեկավարությունը մասնավոր հանրակացարանի վարձակալության նպատակով ՀՊՏՀ բյուջեից վճարել է 464 մլն 363 հազար դրամ, իսկ այդ նույն «հանրակացարանային գործունեություն» հոդվածից ստացել է ընդամենը 59 մլն 587 հազար դրամ: Պարզ ասած, վնասը՝ նշված թվերի տարբերությունը, կազմել է 404 մլն 776 հազար դրամ: 

Ինչպես գրել էր «Առավոտ»-ը՝, որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՊՏՀ խորհրդի վերանշանակված (կառավարության եւ նախարարության կողմից) նոր կազմը հաստատել է ՀՊՏՀ 2019թ. բյուջեի նախագիծը, որտեղ կրկին նշյալ չարաբաստիկ հանրակացարանի վարձակալությանը նշանակալի հատկացում է արված (65 մլն դրամ): Եվ երբ այս հարցը բարձրացվել է, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ի պատասխան հիմնավորել է, թե բուհը այդ հանրակացարանը շահագործող Հայրապետյան ընկերության հետ պայմանագիր ունի:

Հայտնի է նաեւ, որ այդ հանրակացարանի կառավարիչը 2013թ.-ից «երջանիկ պատահականությամբ» ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի որդին է: 
Բուհի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինքը լուծել է պայմանագիրը, ըստ որի բուհը պետք է մյուս կողմին վճարեր 70 միլիոն դրամ տարեկան, գումարած՝ կոմունալ ծախսերն ու աշխատակիցների ծախսերը, որոնք բոլորը միասին կազմում էին տարեկան 106 միլիոն դրամ։ Հիմա, ըստ Հայրապետյանի՝ ոչ ճիշտ այդ պայմանգրով ինքնածախսածածկվող գումար է սահմանված։ Ըստ ռեկտորի՝ լուծելով պայմանագիրը՝ 66 միլիոն դրամի խնայողություն են արել։
Ըստ ռեկտորի՝ այդ  հնարակացարանում  բնակվում են ուսանողներ, որոնց միանգամից հանել չեն կարող։
Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին արդունքում հայտնաբերվածին,  Ռուբեն Հայրապետյանն, ինքը սակայն, «չարաշահում» բառն օգտագործելուց զերծ է մնում։
 «Որովհետև, ըստ իս՝ խոսքն այս պահին ընդամենը գումարների ոչ նպատակային օգտագործման մասին է, ինչը ես փոխել եմ առաջիկա տարիների համար։ Այսինքն՝ պայմանագիրը լուծել եմ։Եվ այդ գումարները, որոնք ծախսվել են ոչ նպատակահարմար և արդյունավետ, չարաշահո՞ւմ են, թե ոչ, կպարզվի հետագայում»,-ասում է Ռուբեն Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե կոռուպցիա՞ չի, որ Կորյուն Աթոյանի տղան է այդ հանրակացարանի տերը, բուհի ռեկտորն ասաց․ «էդպիսի փաստ հիմա չկա։ Նմանատիպ հարցերով, իհարկե, համապատասխան կառույցները կզբաղվեն։ Բայց ես՝ որպես ներկա ռեկտոր, ասում եմ, որ ինձ համար դա եղել է ոչ նպատակային և ես լուծել եմ պայմանագիրը»։