Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետը

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ միջուկային գործարքի հարցով բանակցությունների նոր՝ չորրորդ ռաունդը կարող է տեղի ունենալ այս հանգստյան օրերին՝ մայիսի 10-11-ին։ այս մասին իր սոցկայքի էջում գրել է Axios պարբերականի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆին։ «Վիթքոֆն ինձ հայտնեց, որ Միացյալ Նահանգները փորձում են համաձայնեցնել Իրանի հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների չորրորդ փուլի ժամկետը։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ այս հանգստյան օրերին»,- գրել է լրագրող Ռավիդը։
Վիթքոֆը նաեւ ասել է, որ եթե դա տեղի չունենա, ապա միայն այն պատճառով, որ մեկնարկում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր-Արեւելյան տուրնեն։ Վիթքոֆը լրագրողին փոխանցել է նաեւ, որ բանակցություններն ընթանում են դրական ֆոնով։ «Մենք որոշակի առաջընթաց ենք ունենում։ Հույս ունեմ, որ բանակցությունները ճիշտ հունով են առաջ ընթանւմ։ Նախագահն ուզում է, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է, եւ դրա համար էլ մենք անում ենք ամեն հնարավորը՝ առաջ շարժվելու համար»,- ասել է Վիթքոֆը։
Կարծիքներ