Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու. Արմեն Գեւորգյանը եկավ Վերաքննիչ դատարան

Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու. Արմեն Գեւորգյանը եկավ Վերաքննիչ դատարան
Արմեն Գեւորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը քիչ առաջ եկավ Վերաքննիչ քրեական դատարան։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց` անդրադառնալով միայն իր հնարավոր կալանավորմանը՝ նշեց. «Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, չշտապենք»։

Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 14֊ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանը չկալանավորվեց։ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը:

Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում: Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: