Ես դեռ չեմ զգում, որ Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ, ցավոք սրտի, ես դեռ ճիշտ եմ

Ես դեռ չեմ զգում, որ Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ, ցավոք սրտի, ես դեռ ճիշտ եմ

Այսօր՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ տարի անց, ՀՅԴ ական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին հարցրինք, թե երկրում ի՞նչ դրական փոփոխություններ կարող է նշել վերջին 1 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ մի դրական փոփոխություն կա, որ հանրությունը հասկացավ իր ուժը․

«Միակ կարևոր դրական բանը, թերևս, այն էր, որ հանրությունը ի վերջո հասկացավ, որ ինքը ուժ ունի, և եթե գտնում է անհրաժեշտությունը, կարող է փոխել իշխանությունը։ Հանրությունը հասկացավ, որ առանց իր օգնության որևէ մեկը, որևէ թիմ չէր կարող այդ իշխանափոխությունը անել։ Թեև անունը դնում են «հեղափոխություն», բայց դա իշխանափախություն էր, և այդ իշխանափոխությունը հանրության ուժի ներառմամբ եղավ։ Գուցե այդքանով դրական էր, որ ՀՀ քաղաքացին զգաց, որ իր ձայնը կարևորվում է։ Բայց ես կուզեի, որ դա շարունակական լիներ, ոչ թե միայն ապրիլի 23-ի միջակայքի համար, այլ շարունակական լիներ։ Ես կուզեի, որ այդ զգացողությունը մինչ օրս տարածվեր, և, իսկապես, այնպես լիներ, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի զգար, որ ինքն է որոշումներ կայացնելու մեջ ամենամեծ ազդեցություն ունեցողը։ Եթե մենք ունենաք քաղաքացի, որ կզգա իր քվեի ուժը, կզգա, որ ինքը պետք է ազդեցություն ունենա որոշումների կայացման վրա, այդ դեպքում մենք կունենանք լավ երկիր»,- ասաց Կյուրեղյանը։

- ՀՅԴ-ն բողոքի ակցիաների վերջին փուլում հայտարարեց, որ միանում է համաժողովրդական պայքարին, ապա տեղեր զբաղեցրեց «համաձայնության կառավարությունում», հետո դուրս եկավ։ Ի՞նչ ակնկալիքներով էր ՀՅԴ-ն միանում շարժմանը, որո՞նք չիրականացան։

- Դաշնակցությունը հայտարարեց, որ ինքը ժողովրդի կողքին է, ոչ թե հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողքին է, այլ հենց ժողովրդի կողքին է, որովհետև, ի վերջո, ինչ արվում է այս երկրում, արվում է հանուն մեր ժողովրդի կյանքի որակի բարելավմանը։ « Համաձայնության կառավարության» մեջ մեր ներգրավվածությունը ոչ թե մեր ցանկության, այլ պարոն Փաշինյանի և նրա թիմի խնդրանքի արդյունք էր։ Նրանք դիմեցին մեզ և խնդրեցին, որ մենք անպայման մասնակցություն ունենաք այդ կառավարության կազմում։ Սկզբում մենք մերժել ենք դա, հետո մի քանի փորձից հետո մենք վերջապես համաձայնեցինք, այո, մեր ներդրւոմը ունենալ։ Ի վերջո սա մեր երկրն է , ի վերջո սա մեր երկրի կառավարությունն է, և ցանկացած ձախողում կլինի ձախողում մեր երկրի և ժողովրդի համար։ Մենք փորձեցինք մեր ներդրումը, մեր տեսլականներով նրանց հուշել, որպեսզի  երկիրը գնա ճիշտ հունով։ Ցավոք սրտի, այդ համագործակցությունը չստացվեց, որովհետև այն տեսակետները, որի կողմնակիցն էինք մենք, շատ հաճախ չէին ընդունվում նոր կառավարության ներկայացուցիչների կողմից, իրենք մեծամասնություն էին, և ստացվում էր, որ մենք անընդհատ պատին ենք հանդիպում, մի պատ որը ոչ մի կերպ պատրաստ չէ ընդունել առաջարկները, քննարկել: Նրանք պարզապես մտածում էին, որ իրենք ճիշտ են, իրենք անկրկնելի են, և բոլորը պարտավոր են հետևել իրենց։ Դրա համար մենք կառավարության մեր ներկայացուցիչներին հետ կանչեցինք։

- Մեկ տարի առաջ հենց այս օրը Սերժ Սարգսյանը ասաց իր հայտնի խոսքը, որը մինչ այժմ էլ չի պարզաբանվել՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Այս մեկ տարվա ընթացքում Դուք Ձեզ համար պարզել եք, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւմ էր  Փաշինյանը ճիշտ, իսկ Սարգսյանը՝ սխալ։

- Անցած տարվա սեպտեմբերին իմ ելույթներում իմ մտահոգությունները հայտնել էի այսօր արդեն հանրության շրջանում քննարկվող հարցերի շուրջ։ Ես իմ մտահոգությունը հայտնել էի այն օրենքի ընդունման վերաբերյալ, որը սպասվում է, որ պետք է բերել․ համասեռամոլների կողմից ընտանիքի ձևավորման հարցի շուրջ օրենքը, մարիխուանայի օրինականացման օրենքը, ես լուրջ մտահոգությունների էի տեսնում Ղարաբաղյան հարցի շուրջ, և այսօր հանրությունը ապացուցեց, որ իմ մտահոգությունները ճիշտ էին։ Ես իմ ելույթներից մեկի ժամանակ ասացի, որ շատ կուզեի, որ ես էլ ինչ-որ ժամանակ հետո գայի ու Սերժ Սարգսյանի նման  ասեի, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի։ Ցավոք սրտի, այդպես ես դեռ չեմ զգում, որ Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ, ցավոք սրտի, ես դեռ ճիշտ եմ։ Հիմա ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանը իր այդ ասծի վրա ինչ է մտածում, և ինչ էր մտածում, երբ դա ասաց։ գուցե ինչ-որ մի բան կա, որ իրեն ստիպեց այդ միտքը հայտնել, և, կարծեմ, նա խոստացել է, որ երբ ժամանակը գա, կխոսի։

-  Շատ է խոսվում, որ ՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստանը » ինչ-որ համագործակցություն են սկսում։ Կա՞ն համագործացություններ։

- Հենց կառավարության կառուցվածքի շուրջ մենք ունենք մեր տեսակետը։ ՀՅԴ Գերագույն մարմնում գործում է, այսպես ասած, մի կառույց, որը տարբեր ոլորտների շուրջ հանձնաժղովներ ունի։ Որպես ստվերային կառավարություն այդ հանձնաժողովները գործում են, և դրանց նպատակն է կառավարության ցանկացած որոշում քննարկել, ներկայացնել դրական և բացասական կողմերը։ Եվ, բնականաբար, այդ հանձնաժողովները արձագանքեցին նաև կառավարության կառուցվածքի փոփոխությանը մասին ներկայացրած նախագիծը, և մեր տեսակետները, փաստորեն, համահունչ էին «Լուսավոր Հայաստանի» այդ հարցի շուրջ ունեցած տեսակետներին, և միասին մշակվեց այն նախագիծ, որը ներկայացվեց Էդոն Մարուքյանի կողմից։ Մենք միշտ ասել ենք, որ եթե ինչ-որ կուսակցության հետ համագործակցության արդյունքում շահելու է, մեր երկիրը, մեր պետականությունը, մենք պատատրաստ ենք այդքանով համագործակցել այդ ուժի հետ։ Դա բնական է, որովհետև ցանկացած համագործացություն մեզ համար պետք է մի նպատակ ունենա՝ հանուն երկրի ամրապնդման, հանուն պետականության ամրապնդման և հայ քաղաքցու, հայաստանցու կյանքի որակի բարելամնան։