Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը պահանջում է բոլորիս աշխատանքը

Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը պահանջում է բոլորիս աշխատանքը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլև միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։

Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ` քայլ առ քայլ հասարակական տարբեր խմբերի շփումների միջոցով վստահության ու փոխըմբռնումի հասնելու համար: Անհրաժեշտ է ճշգրիտ ու մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական աշխատանք` տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Իսկ ամենահիմնականը և հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու` աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու և ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները»: