Նոր մարտահրավեր
Մինչեւ կձեւավորվի «նոր» Սահմանադրական դատարանը, նրա շուրջ արդեն ձեւավորվել է մի մեծ կեղծիք, որ պարբերաբար մատուցվելով հասարակ մարդկանց՝ վերածվել է մոլորության, ապա եւ՝ մոլության գործիքի, քաղաքացուն էլ վերածելով պարզ մոլորյալի:
Բացարձակ «պողոս» պետք է լինել՝ հավատալու համար, թե մի մարմին, որը ձեւավորվում է կառավարության, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուներից, կարող է լինել չքաղաքականացված: Այլ որակի կառավարության կամ նախագահի պարագայում՝ թերեւս, սակայն դա բացառված է ա՛յս կառավարության ու ա՛յս նախագահի պարագայում, որոնք ոչ այլ ինչ են, քան մեկ մարդու կամակատարներ: Հետեւաբար, ի սկզբանե խեղված է նպատակը՝ նոր, անկախ ՍԴ ունենալու: Հետեւաբար, հանուն ոչնչի կամ առնվազն հանուն ո՛չ այս նպատակի են եղել բոլոր նախընթաց իրավական ասպատակությունները իրավունքի եւ օրենքի դաշտում, որ իրեն թույլ է տվել իշխանական զորքն իր զորապետով: Հենց միայն նրանց մոլեգնող ջանադրությունը, որ հիվանդագին սեւեռումի է հասել՝ ունենալ նոր ՍԴ, ոչնչացրել է այդ «նորի» հնարավորությունը, քանզի անիրավ եւ ապօրինի միջոցների կողմից այլեւս խոցված է բուն նպատակը. վերջինս ինքն է դարձել միջոց սեւեռվածների համար:
Բացի այս, այն տպավորությունն է ձեւավորվում, որ նոր դատավորների նշանակման ահեղ մարմինը՝ խորհրդարանը, իր իշխող խմբակցությամբ, վերածվել է հավատաքննիչ ատյանի: Այդ տպավորությունն ավելի է խորանում այն իրողության ֆոնին, որ «հավատաքննությունները» տեղի են ունենում բացարձակ գաղտնիության պայմաններում, ինչը, եթե նկատի ունենանք ձեւավորվող մարմնի հսկայական կարեւորությունը պետության համար, ոչ միայն հասկանալի չէ, այլեւ տրամաբանական չէ: Իշխող քաղաքական ուժն իր երկամյա գործունեությամբ ամենեւին չի վաստակել այն բանի երաշխիքը դառնալու իրավունքը, որ խորհրդարանի իշխող ուժն իրեն ներկայացված թեկնածուներից չի փորձի ընտրել քաղաքական առումով նպատակահարմարներին:
Եվ այս պարագայում դիմումը ետ վերցրած ՍԴ անդամի թեկնածուի շուրջ ստեղծված աղմուկը եւ պատճառահետեւանքային քննարկումները հասկանալի չեն: Որովհետեւ ով էլ լինի հաջորդ թեկնածուն, ինչ ծագումնաբանություն ու կենսագրություն էլ ունենա, լինելու է քաղաքականացվածության նույնպիսի՛ աստիճանով, ինչպիսին մերժվածը, իսկ մերժվածի ֆոնին առաջադրվելու հանգամանքով պայմանավորված՝ գուցե նույնիսկ առավե՛լ քաղաքականացված ու առավե՛լ կամակատար:
Ի դեպ՝ քաղաքականացվածության մասին: Վերջերս մի առիթով վարչապետը դժգոհել էր, թե մեր երկրում քաղաքական պայքար՝ որպես այդպիսին, չկա, հետեւաբար՝ նաեւ քաղաքական կյանք չկա («ՀԺ»):
Իսկ իրականությունն այն է, որ նոր իշխանությունների ամենօրյա ջանքով Հայաստանում այսօր բարձր քաղաքական լարվածություն կա, այն նույնիսկ հողանցման չի տրվում՝ լիցքաթափվելու համար, որովհետեւ հողը, որի համար պայքարում են լարվածության «նոլն» ու «ֆազը», երկուսի համար նույնը չէ՝ տարբեր է թեկուզ այդ հողի վրա ազգային պետությո՞ւն, թե՞ այլապետություն կառուցելու նպատակների ու միջոցների առումով:
Իսկ «նոր» ՍԴ-ն նոր մարտահրավեր է՝ նետված ազգային պետության գաղափարին:
Կարծիքներ