Արման Բաբաջանյանը փակում է «լուսավոր» էջը՝ նորի ակնկալիքով

Արման Բաբաջանյանը փակում է «լուսավոր» էջը՝ նորի ակնկալիքով
Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստանում» փակեց իր գործունեության էջը, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նոր էջ կբացի հայրենական քաղաքական դաշտում: Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ով ԱԺ մտած անկուսակցական պատգամավորը մի քանի օր առաջ հայտնեց խմբակցությունից դուրս գալու մասին։ ԼՀԿ-ում ակնկալում էին, որ Բաբաջանյանն իրենց կվերադարձնի կուսակցության շնորհիվ վաստակած մանդատը, հայտարարություն հնչեցրին, սակայն երեկ Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին փակեց հարցը՝ հայտարարելով մանդատից չհրաժարվելու որոշման մասին։

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Եվ դա վերաբերում է բոլոր ուժերին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց նա։

Մենք հետաքրքրվեցինք՝ այսինքն, չի՞ բացառվում, որ նոր ուժ կձեւավորի։ «Առայժմ նման գործընթացներ չկան, բայց չեմ բացառում»: Ավելին․ «Կարող են սկսվել գործընթացներ, որտեղ ես ինձ կտեսնեմ արտախորհրդարանական զարգացումներում, որն ընդհանուր առմամբ սպասարկելու է մեր երկրում սկիզբ դրված վերափոխումներին», սակայն մի պայմանով, որ ցանկացած համագործակցության սուբյեկտ որեւէ հեռավոր կապ չի ունենալու նախկինների հետ:

ԼՀԿ-ական Գեւորգ Գորգիսյանը մեր զրույցում հիմնավորեց, թե քաղաքացիները ձայն են տվել իրենց կուսակցությանը, խմբակցության 18 մանդատով իրենք պետք է իրականություն դարձնեին կուսակցական ծրագրերը, հիմա, երբ մեկ մանդատն իրենցից տանում են, անարդար է: Իսկ գուցե ԼՀԿ-ին շատերը ձայն են տվել Արման Բաբաջանյանի՞ համար։ Գորգիսյանն ուշադրություն հրավիրեց պատգամավորի՝ ռեյտինգային ցուցակով ստացած ձայների քանակի վրա՝ ընդամենը 374 ձայն, եւ եթե չլիներ ԼՀԿ-ի երրորդ համարը, ապա խորհրդարան չէր անցնի:

Արման Բաբաջանյանը, մինչդեռ, պնդեց, թե մանդատը տվել է ոչ թե կուսակցությունը, այլ Հայաստանի քաղաքացին։ Եվ վստահեցրեց, որ ԼՀԿ-ն ինքն է շեղվել իր հռչակած ծրագրից։ «Էդմոն Մարուքյանը, կարծում եմ, եւս պետք է ամբողջությամբ վերափոխի ծրագրային այն դրույթները, որոնք դրված են եղել նախընտրական արշավի հիմքում, որոնք, ի դեպ, փոփոխությունների են ենթարկվել վերջին ամիսներին, եւ որոնց հետ ես ունեցել եմ անհամաձայնություններ։ Մեծ հաշվով, խորը անհամարժեքություն կա ընդդիմադիր դաշտի գործողություններում՝ այն մարտահրավերների առկայության պայմաններում, որում Հայաստանն այսօր հայտնվել է։ Այդտեղ «Լուսավոր Հայաստանը» մեծ աշխատանք ունի կատարելու արդեն առանց ինձ»,- նշեց Բաբաջանյանը։

Խնդրեցինք օրինակներով մասնավորեցնել՝ ինչի՞ց է հրաժարվել ԼՀԿ-ն, ի՞նչ են խոստացել ու չեն կատարել։ «Ես չեմ տեսել, որ «Լուսավոր Հայաստանը» բարձրացնի հարցեր, որոնք այսօր պատասխանում են Հայաստանի առաջ կանգնած մարտրահրավերներին։ Այդ նեղ, փոքր, հյուլեական մանրուքները, որոնք բերվում են խորհրդարան եւ իշխող ուժի հետ անձնական վիրավորանքների հասնող դիսկուրսի առարկա են դառնում, չեն պատասխանում այդ մարտահրավերներին։ Ես քանիցս հարցը բարձրացրել եմ, որ պետք է օգտվել պատուհաններից, որոնք անընդհատ կան։ Եվ այդ պատուհանների օգնությամբ նաեւ պետք է ճեղքել այս շրջապտույտը։ Այդ պատուհանից չի օգտվել ֆրակցիան, եւ ստեղծվել է այս իրավիճակը»,- ասաց նա։ Բաբաջանյանը դեռեւս մայիսից չի հաճախել խմբակցության նիստերին: Նա ԼՀԿ քվոտայով ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, բայց ԱԺ կանոնակարգով՝ հանձնաժողովներում անդամակցությունը քվոտավորված է, իսկ անկախները չունեն նման հնարավորություն, ուստի Արման Բաբաջանյանը հետ կկանչվի, եւ նրա փոխարեն Էդմոն Մարուքյանը ԼՀԿ քվոտայով կզբաղեցնի այդ տեղը:

Գորգիսյանը համաձայն չէ Բաբաջանյանի գնահատականներին, թե խորհրդարանն անգործության է մատնված, եւ հեղափոխական արժեքները չեն կապիտալիզացվում. «ԼՀԿ-ն եկել է իր ծրագրով, որոնք համահունչ են մեր ստեղծման փաստաթղթերին ու գաղափարախոսությանը, եւ մենք շարունակում ենք կյանքի կոչել մեր ծրագիրը՝ ամեն օր աշխատելով այդ ուղղությամբ»:

ՀԳ․ Ի դեպ, երեկ Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ ուսապարկը ուսին գցած՝ թերեւս մարտահրավեր նետելով, որ նոր հեղափոխական «լիդեր» է ասպարեզ գալիս: