Իմ` քաղաքականության մեջ մտնելու նպատակը այս չարիքի դեմ պայքարն է
«2018 թվականից սկսած, երբ այս չարիքը եկավ իշխանության, ես այդ ժամանակ եմ մտել քաղաքականության մեջ և քաղաքականության մեջ մտնելու նպատակը հենց չարիքի դեմ պայքարն է», -«Հրապարակի» հետ զրույցում ասաց արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Իմ պայքարն արդեն 6 տարի է։ Մենք ծանոթ լինելով այդ անձի տեսակետներին, սկսած 1998 թվականից, գիտեինք, որ Արցախի հանձնումով պայմանավորված է այդ մարդը եկել իշխանության, և իշխանության գալու օրվանից նա ամեն օր քայլեր էր անում, որպեսզի հանձնի Արցախն ու զրոյացնի հայ ազգի հաղթանակները։ Հենց այդ նպատակին ծառայած իշխանությունը շարունակում է ծառայել թշնամու պարտադրանքներին և պետք է մի օր վերջ տանք այս զիջողական կեցվածքին, իսկ դա վերջ տալու համար պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունները պետք է հեռանան։ Գալու է այդ օրը և իրենց գործած սխալների, իրենց անգործության համար օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու»,-ասաց Գալստյանը։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետում ռուս սահմանապահներին ՀՀ ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու և Հայաստան-Թուրքիան սահմանին ռուս սահմանապահների հետ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումների համատեղ ծառայության մասին հայտարարությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի բերանով հնչում է թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարությունը։
Գալստյանը նշում է, որ սա միտված է թուլացնել Թուրքիայի հետ սահմանը և ամեն անգամ զիջումներ լինելու են, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանություններ ունենք։
Անդրադառնալով արցախցիների նկատմամբ տարվող քաղաքականությանը, նա նկատեց, որ երբ իրենք տեղահանվեցին հայրենիքի այս հատված՝ Հայաստանի Հանրապետություն,ՀՀ-ի մեր քույրերն ու եղբայրները շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին արցախցիներին, ինչը չի կարելի ասել օրվա իշխանությունների մասին։
«Օրվա իշխանություններն այսօր Արցախը համարում են վտանգ, և այնպիսի պայմաններ են ստեղծում արցախցիների համար, որ արցախցիները չմնան մեր հայրենիքի այս հատվածում` արտագաղթեն, հեռանան։ Իմանալով Նիկոլ Փաշինյանի անձնական ատելությունը արցախցիների նկատմամբ, նա այդ ատելությունը դարձրել է պետական մակարդակով քարոզչամեքենա և տարածում է բոլոր ինստիտուտներում»,-ասաց Գալստյանը։
Հարցին` տվյալներ կա՞ն, թե քանի արցախցի է լքել Հայաստանը, արցախցի պատգամավորը նկատեց, որ Հայաստանից հեռացած արցախցիների թիվը շատ մեծ է ու դրան հատկապես նպաստում է բնակարանների ձեռքբերման ծրագիրը, որն իրականում արցախցիների արտագաղթի ծրագիր է։
Կարծիքներ