Բացահայտվել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները

Բացահայտվել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք:

Նա հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում: