Մեղք էլ կա, մեղք էլ

Մեղք էլ կա, մեղք էլ

Անշուշտ, այսօրվա վիճակի համար մեղավոր ենք բոլորս՝ ե՛ւ 2018-ին փողոց ելածները, ե՛ւ ընտրություններում այս իշխանություններին ձայն տվածները, ե՛ւ 18-ից առաջ պաշտոն զբաղեցրածները, ե՛ւ Արցախի հարցը 30 տարում չլուծածները, ե՛ւ անգամ նրանք, ովքեր լռել ու հանդուրժել են բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել 30 տարիների ընթացքում։

Նույնիսկ չլռողներն են մեղավոր, քանզի միշտ կարելի է ասել՝ բավարար չես ասել, բավարար չես պայքարել։ Բայց, այնուամենայնիվ, մեղքի չափը խիստ տարբեր է։ Եվ գլխավոր մեղավորն այն անձինք են, որոնք՝ 1. ունեցել են բավարար տեղեկատվություն եւ իրական պատկերը լիարժեք պատկերացրել են, 2. ճիշտ պահին ճիշտ չեն կողմնորոշվել եւ ամենաօպտիմալ որոշումները չեն կայացրել։ Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրի Վազգեն Սարգսյանին ու Սամվել Բաբայանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին եւ առհասարակ՝ համայն հայությանը, որ չթողեցին 97 թվականին ինքը լուծի հարցը, փաստը մնում է փաստ, որ ՀՀ նախագահը խուսափել է (վախեցել է, նահանջել է) եւ չի կայացրել այն որոշումը, որն ինքը ճիշտ էր համարում։

Որքան էլ Ռոբերտ Քոչարյանն ասի, որ Քի Վեսթում ես պատրաստ էի ստորագրելու, հայր Ալիեւը տապալեց, իսկ Սերժ Սարգսյանը պատմի, թե ինչպես Կազանում որդի Ալիեւը հրաժարվեց համաձայնությունը ստորագրել, փաստ է, որ ՀՀ երկու նախագահները բաց են թողել Արցախի հարցը լուծելու շանսը։ Եվ հիմա, որքան էլ Նիկոլ Փաշինյանն արդարանա, որ ծանր ժառանգություն էի ստացել, բանակը վատ վիճակում էր, պատերազմն անխուսափելի էր, մենք թույլ էինք, իսկ 44 օրվա ընթացքում ես մի քանի անգամ առաջարկել եմ դադարեցնել պատերազմը, դուք՝ հասարակությունն ու ընդդիմությունը, չեք համաձայնել, փաստ է, որ որոշում կայացնողն ինքն էր, եւ այդ որոշումը չի կայացվել։