Կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, որ մեզ համեմատեք իրենց հետ․ Ա․ Հովհաննիսյան

Կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, որ մեզ համեմատեք իրենց հետ․ Ա․ Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյան

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նոր խորհրդարանից իր ակնկալիքների մասով այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հույս ունի, որ նոր պատգամավորները կգիտակցեն այն բեռն ու պատասխանատվությունը, որ իրենց վրա դրված է և կգիտակցեն այն պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև։ Դիտարկմանը, թե նորընտիր պատգամավորներից շատերը երիտասարդ են, փորձառություն չունեն, Արփնինե Հովհաննիսյանը, որը ևս երիտասարդ պատգամավորներից էր, ասաց․ «Գիտեք, ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին և փորձառությանը, բայց ես առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և կոնկրետ թեմային, հարցին տիրապետելու կարողությունը»։

Hraparak.am-ի հարցին՝ նորեկներն ավելի՞ պրոֆեսիոնալ կլինեն, քան ինքը կամ իրենք, Հովհաննիսյանն ասաց․ «Իմ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ գնահատականները, կարծում եմ, դուք պետք է հնչեցենք, ոչ թե ես։ Այնպես որ, եկեք ես չհամեմատեմ։ Գործող խորհդրարանի կազմի պրոֆեսիոնալիզմը տեսել եք, հատկապես այն անձանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր երևացել են առաջնագծում տարբեր ոլորտների վերաբերյալ։ Երբեք կատարյալ չեն եղել խորհրդարաններն իրենց կազմի տեսանկյունից։ Ինչքանով է կատարելության ձգտում այս խորհրդարանը, կտեսնեք դուք առաջիկայում, դուք ամենաշատն եք շփվելու, դուք ամենաշատն եք տեսնելու, դուք ամենաշատն եք գնահատելու և, ինչու ոչ, դուք ամենաշատն եք հանրային կարծիքի վրա ազդելու»։

Դիտարկմանը, թե հիմա իրենք՝ «Իմ քայլը» դաշինքի անդամները, նույնիսկ վիրավորվում են, որ իրենց համեմատում ենք ՀՀԿ-ականների հետ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակն այսպես արձագանքեց․ «Փորձառության պակասից է, ոչինչ, կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, որ դուք մեզ համեմատեք իրենց հետ, եթե չասեմ՝ հիմա»։

Hraparak.am-ի դիտարկմանը՝ թե հեղափոխականներն ասում են՝ տեսան, թե ինչ վիճակի հասցրեց երկիրը ՀՀԿ-ականների պրոֆեսիոնալիզմը, Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց․ «Դուք ուզում եք անպայման քաղաքական գնահատականներ հնչեցնել այն մասին, թե ինչպիսի վիճակում է գտնվում երկիրը այս ութ ամսվա ընթացքում, ես բոլոր դեպքերում սադրանքների չեմ տրվի։ Դուք տեսեք՝ ինչպիսի վիճակում է գտնվում երկիրը։ Ես հուսով եմ, որ իրենք կհաջողեն ոչ թե բառերով, ոչ թե պաթետիկ նախադասություններով, ՀՀԿ-ին փնովող անխոնջ աշխատանքով, այլ իրականում կկարողանան ապացուցել, որ իրենք կարող են աշխատել աշխատանքով; Դա ամենակարևորն է, նրանք գործ ունեն անելու»։

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ՀՀ քաղաքացի է այնպես, ինչպես իշխանավորները, և նրանց կայացրած որոշումներն իր վրա ազդելու են այնպես, ինչպես մեզ վրա։

Հարցրինք նրան՝ այս ութ ամսվա ընթացքում նոր իշխանությունների կայացրած որոշումներն ինչպե՞ս են ազդել իր վրա։ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա ամիսներին նվազագույնը գազի գինը ազդեցություն կունենա ոչ միայն իր, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի վրա։ Ինչ վերաբերում է նրան` արդյոք իր սոցիալական վիճակն այս ութ ամիսներին բարելավվե՞լ է որևէ կերպ, իր վերջին օրն ԱԺ-ում անցկացնող ԱԺ փոխնախագահն ասաց․ «Ես կարծում եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես երկու օր անց լինելու եմ գործազուրկ, և այդ գործողությունների արդյունքում եմ դարձել գործազուրկ, հետևաբար դժվար է ասել, որ իմ սոցիալակյան վիճակը դրանից բարելավվել է»։