Փոխգնդապետ Քամալյանին ազատել են ծառայությունից, ընտանիքը ծանր վիճակում է

Փոխգնդապետ Քամալյանին ազատել են ծառայությունից, ընտանիքը ծանր վիճակում է

27 տարվա զինվորական ծառայությունից հետո փոխգնդապետ Արա Քամալյանին, այնուամենայնիվ, ազատել են ծառայությունից, 43 տարեկանում նրան ուղարկել են թոշակի։ «Հրապարակը» գրել էր, որ Քամալյանին, ով այն քիչ սպաներից է, որ զինվորների շրջանում մեծ հարգանք է վայելում, ցանկանում են հեռացնել բանակից։ Վերջինս Պաշտպանության Բանակի N զորամասում հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն էր։ Մեզ հետ զրույցում Քամալյանն ասել էր, որ պատճառը ՊԲ հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ կամ, ինչպես ընդունված է Արցախում ասել, «զամպալիտ արմիա», գեներալ Վարդան Բալայանն է, որը նույնպես զինվորական ծառայությունից ազատվեց, և այժմ զբաղեցնում է հատուկ հանձնարարությունների գծով՝ նախագահ Բակո Սահակյանի ներկայացուցչի պաշտոնը։ Քամալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ անգամ դիմել է, որպեսզի իր հետ պայմանագիրը երկարացնեն, սակայն նրան մերժել են՝ ասելով, որ օրենքով իրավունք ունեն մերժելու․

« Ինձ թոշակի են ուղարկել, հիմնավորեցին, որ պայմանագիրս լրացել է, ինձ հետ հերթական պայմանագիր չկնքեցին, ասացին՝ մենք քեզ հետ նոր պայմանագիր չենք կնքում, վերջ։ Ես իրենց դիմել եմ, գրավոր էլ եմ դիմել, զորացրվելուց հետո էլի նամակով դիմել եմ նախարարին։ Ինձ ասում են՝ օրենքով թույլատրվում է ինձ հետ պայմանագիր չկնքել, գրել են, որ զինծառայողների մասին օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ, 1-ին հոդվածներով մենք իրեն ազատել ենք, բացատրությունը դա է եղել», ասաց փոխգնդապետը։

Զրուցեցինք նաև Քամալյանի կնոջ՝ Մերի Պետրոսյանի հետ։ Նա ասաց, որ ամուսնու ազատումից հետո ընտանիքը սոցիալական շատ ծանր վիճակում է, չեն վճարում ամուսնու թոշակը, բացի այդ նախարարությունը նրան շուրջ 2 մլն դրամ գումար է պարտք, քանի որ արձակուրդում գտնվելու ժամանակ նա աշխատել է, այդ գումարը նույնպես չի վճարվել․

« Ես ցանկացա Ձեզ դիմել, քանի որ անարդարությունների շղթա է սկսվել։ Բավական չէ, որ իրեն զորացրել են, թողել են դրսում, որ ինքը իր երեխաների հացի համար պիտի պայքարի, մի բան էլ այն օրերին, որ ինքը պիտի արձակուրդ գնացած լինի, չեն թողել որ գնա, դրա դիմաց պիտի վճարեն, դա էլ այդտեղ են հետաձգում։ ՊՆ-ն ասում է ՊԲ-ն թուղթը չի ուղարկել, ՊԲ-ն էլ ասում է՝ ուղարկել ենք, իրենք չգիտեն։ Գցում են միմյանց վրա։ Բացի դրանից էդ մարդը 4 ամիս առանց թոշակի է անցել, տանը նստած է, չեն էլ մտածում՝ այս 5 երեխաներին մենք ինչպես պիտի պահենք։ Սա էլ մեր պետությունն է, Բակո Սահակյանի պահած Արցախը։ Վարդան Բալայանն է եղել պատճառը, որ ամուսնուս հեռացրել են աշխատանքից, ամեն անգամ մտել է նախարարի մոտ, ասել է, որ թույլ սպա է, չի կարողանում ծառայել»։

Մերի Պետրոսյանը մի դեպք պատմեց, երբ ամուսինը արդեն զորացրված է եղել, սակայն շարունակել է կատարել պարտականությունները։ Զորամասում, որտեղ ծառայում էր Քամալյանը, զինվորը ցանկացել է ինքնասպան լինել, ծնողը չի կարողացել կապվել որևէ սպայի հետ, զիվորին Քամալյանն է կանգնեցրել․

« Մենք ընտանիքով Ամարասում էինք, զինվորի մայր է զանգում, ասում է՝ երեխաս ցանկանում է ինքնասպան լինել, հասեք իրեն։ Քամալյանն ասում է, որ այնտեղ չի աշխատում, մայրն ասում է՝ ես գիտեմ, որ Դուք այնտեղ չեք, ուղղակի ոչ ոք չկա, որ կարողանա նորմալ հարցերիս պատասխանի, երեխուս հետը խոսի, կամ ես խոսեմ երեխուս հետ։ Կամ կոպտում են, կամ չեն պատասխանում հեռախոսազանգին, մենակ Դուք եք, որ կարող եք իմ երեխային փրկել։ Քամալյանն էլ իր կապերը օգտագործեց, էդ երեխային կանգնեցրին։ Դառնում է այնպես, որ ինքը զորացրված է, բայց այդտեղի հարցերով էլի ինքն է զբաղվում։ Ասում են՝ չի կարողանում ծառայել, բայց այդ չկարողացող մարդը փրկել է երեխայի կյանքը։ Եթե այդ մարդը չի կարողանում աշխատել, ապա ոնց է ստացվում, որ ծնողները մինչև հիմա իրեն են զանգում»։

Պետրոսյանի խոսքով՝ ընտանքիը գոյատևում է իր աշխատավարձով, Քամալյանն էլ Ճարտար քաղաքում քաղաքապետի թեկնածություն է դրել, այդ հարցերով է զբաղված, ինքն էլ ծանր առողջական խնդիրներ ունի։ «Հրապարակը» կապվեց նաև զինվորի մոր՝ Հասմիկ Ստեփանյանի հետ։ Վերջինս, լսելով մեր հարցը, անմիջապես ուրախացավ՝ ասելով, որ երկար է սպասել առիթի, որպեսզի կարողանա իր շնորհակալությունը հայտնել․

« Իմ տղայի հետ կապված առողջական խնդիրներ կային, զորմասում ասում էին, որ սիմուլյացիա է անում, սակայն լուրջ առողջական խնդիրներ կային։ Բազում անգամ դիմելուց ու մերժվելուց հետո նման բան էր որոշել։ Արա Քամալյանը այն միակ մարդն էր, որի հետ ես կարողացա խոսել, տեղեկություններ իմանալ, ես իրեն չեմ տեսել երբեք, բայց ես ասել եմ, որ պետք է գնամ և իրենց ընտանիքի հետ ծանոթանամ։ Ինքը ինձ միշտ պատրաստակամ լսել է, նա եզակին էր, որ հեռախոսով համբերատար լսել է մինչև վերջ, և իմ խնդիրը լուծելու համար ամենաանհնարին բաները արել է, ես իրենից շատ շնորհակալ եմ, որ նա այդչափ պատրաստակամություն ունի զինվորի մորը օգնելու համար»,- ասաց Հասմիկ Ստեփանյանը։