Բարբարոս ու տգետ

Բարբարոս ու տգետ

Մենք բարբարոսական վերաբերմունք ունենք հուշարձանների, բնության, կենդանական աշխարհի, անգամ մարդկանց նկատմամբ։ Ո՞ւմ եւ ինչի՞ համար են կատարվում Ամանորին ընդառաջ այս ծախսերը՝ շքեղ լուսավորություն, զարդարանք։ Եթե ՀՀ քաղաքացիների, ապա դժվար է դրան հավատալ, որովհետեւ այդ քաղաքացիներն այս տարի ընդամենը 2 հանգստյան օր են ունենալու տոներին՝ ե՞րբ են հասցնելու վայելել այդ գեղեցկությունը, զբոսնել քաղաքում, հիանալ տոնածառով ու լույսերով։ ՀՀ քաղաքացիների մասին մտածող կառավարությունն իր բնակչությանը չէր զրկի տարվա մեջ ամենից սպասված այս տոներից եւ մտացածին բացատրություններով տոնը չէր կրճատի՝ հունվարի 2-ին ուղարկելով աշխատելու։ Մի երկրում, որտեղ չկան պետական ձեռնարկություններ՝ ապրանք չի արտադրվում, աշխատանքային օրերի ու ժամերի քանակով չի պայմանավորված համախառն ներքին արտադրանքի ստեղծումը, առնվազն փարիսեցիություն են տոն օրերը կրճատելն ու աշխատանքային օրերն ավելացնելը։

Ստացվում է՝ հարյուր հազարավոր դոլարներ ծախսելով՝ զարդարում են մայրաքաղաքը ոչ թե ՀՀ քաղաքացիների համար, այլ՝ հյուրերի, չաշխատողների եւ իրենց, որ փողը ծախսելու օրինական հիմքեր ունենան եւ աշխատանքի ու տոնի իմիտացիա կարողանան ստեղծել։ Իսկ երբ նպատակը մարդը չէ, նրա կյանքը գեղեցիկ ու հաճելի դարձնելը չէ, ինչո՞ւ պետք է հին շենքերը, մշակույթը, արվեստն արժեք ունենան եւ պահպանվեն։ Եվ երբ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը հրապարակի շենքերի մեջ վայրենաբար արված անցքերի մասին ասում է՝ մի անհանգստացեք, քաղաքապետարանը կվերականգնի, հասկանում ես, որ բարբարոսությունը հասել է մինչեւ կառավարության շենք ու բուն դրել ամենաբարձր մակարդակներում։ Հասկանում ես, որ այս մարդուն չէր կարելի մոտ թողնել ո՛չ մշակույթին, ո՛չ կրթությանը։