Վազգեն Մանուկյանը` կրկին միասնական թեկնածու․ հետահայաց 

Վազգեն Մանուկյանը` կրկին միասնական թեկնածու․ հետահայաց 

16 կուսակցություններն ի վերջո հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է, որը պետք է անցումային կառավարություն ձեւավորի և 1 տարվա ընթացքում իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հետագայում նա պաշտոնի չի հավակնի». հայտարարության պաշտոնական ներկայացման ժամանակ սա ևս ընդգծվեց։ Մասնավորապես, որ սա հիմնական պատճառներից էր, որ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին։ 

Սա, փաստորեն, Մանուկյանի՝ որպես միասնական թեկնածուի, երկրի առաջին դեմք լինելու երկրորդ փորձն է։ Պատմությունը կրկնվում է․ 1996 թ․ սեպտեմբերի 22-ին երկրորդ փուլով տեղի ունեցած նախագահական ընտրություններին ԱԺՄ առաջնորդը 6 քաղաքական կուսակցությունների միասնական թեկնածուն էր․ ընդդիմադիր դաշտում ձևավորված ազգային համաձայնության դաշինքի մաս կազմեցին ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, «Արցախ-Հայաստան», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաև՝ ընդհատակում գործող ՀՅԴ-ն՝ պաշտպանելով Մանուկյանի թեկնածությունն ընդդեմ գործող նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, համաձայն ԿՀԸ-ի, հաղթեց։ Ընդդիմությունը համաձայն չէր և հայտարարում էր զանգվածային ընտրակեղծիքների մասին։ Սկսվեցին հանրահավաքներ ու ցույցեր՝ կրկնակի ընտրությունների անցկացման պահանջով։ 1996 թվականի սեպտեմբերի 25-ի հանրահավաքը վերածվեց հանրապետության Ազգային ժողովի շենքի վրա գրոհի․ ընդդիմադիր ակտիվիստները գետնին հավասարեցրին մի քանի մետր բարձրությամբ ԱԺ երկաթյա ճաղերը, լցվեցին ԱԺ, ջարդեցին այն ժամանակ ԱԺ փոխխոսնակ Արա Սահակյանի գլուխը, երբ Վազգեն Մանուկյանը գնաց ԱԺ՝ ասելով, որ եթե 15 րոպեից չգա, գնան իր հետևից։ Դրան հետևեցին ընդդիմության առաջնորդների ու ակտիվիստների ձերբակալություններ, բռնություններ, շատ ընդդիմադիր  պատգամավորներ հայտնվեցին ընդհատակում կամ կիսաընդհատակում։ Դրանից հետո ընդդիմադիրները՝ դաշնակցականներ ու ԱԺՄ-ականներ, փախած ու կիսալեգալ վիճակում էին։ Խորհրդարանը 145 կողմ, 2 դեմ ձայներով հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելուն, ապա ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին, զինվորների ուղեկցությամբ, բերեցին դահլիճ: Ահա, այդ դեպքերից հետո, ահավոր լարված մթնոլորտում, իշխող ՀՀՇ խմբակցության մի քանի պատգամավորներ հենց ԱԺ ամբիոնի մոտ հարվածեցին Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին ու ամբիոնից ելույթ ունեցող Շավարշ Քոչարյանին։ Աքացիներ ու բռունցքի հարվածներ հասան նաև Վազգեն Մանուկյանի հետ այն ժամանակ նույն ճամբարում գտնվող Պարույր Հայրիկյանին։

Ուշագրավ է, որ ընտրություններից մի քանի օր առաջ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական հեռուստատեսությամբ ունեցած նախընտրական ելույթում հայտարարեց Վազգեն Մանուկյանի հակառուսականության մասին։ «Ծանոթանալով նրա նախընտրական ծրագրին, լավ գիտենալով նրա հոգեկան կերտվածքն ու մտավոր կարողությունները, գաղափարներն ու գործելակերպը` ինձ իրավունք եմ վերապահում խորին համոզմամբ հայտարարել, որ նրա ընտրության դեպքում անխուսափելիորեն տեղի է ունենալու հետեւյալը. անմիջապես խիստ սրվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ, վտանգվելու է հայ-ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում, ֆինանսական պատճառներով հարցականի տակ է դրվելու հայկական ատոմակայանի վերագործարկման հնարավորությունը,  սահմանափակվելու կամ նույնիսկ խափանվելու է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումը»,- այն ժամանակ ասել էր Տեր-Պետրոսյանը։

Ճակատագրի հեգնանքով՝ կուլիսներում շրջանառվում է, որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը հաստատվել է Մոսկվայում։ Ընդ որում, Լազարեւյան ակումբի հերթական նիստի առիթով Մոսկվա մեկնած Վազգեն Մանուկյանը հյուրընկալվել է մի շարք ռուս պաշտոնյաների։ Եվ քանի որ ակումբի նիստին մեկնել էին նաեւ Արտաշես Գեղամյանն ու Արամ Սարգսյանը, լուրեր կային, որ նրանք միասին են հանդիպել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Սակայն թե Գեղամյանը, թե Սարգսյանը սա հերքում են։ «Ձեր տեղեկատվության սկզբից կդնեի՝ ապատեղեկատվություն»,- ասաց Գեղամյանը։ Վազգեն Մանուկյանի մասով էլ ասաց․ «Վազգեն Մանուկյանի թիկնապահը չեմ, որ ասեմ՝ ում հետ է հանդիպել, ում հետ՝ չէ»։ Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպելուն, ապա Գեղամյանն ասաց․ «Հանդիպել եմ բարձրաստիճան մարդկային տեսակի, ոչ պաշտոնյաների առումով»։ Արամ Սարգսյանն էլ հերքեց պաշտոնյաների ու Լավրովի մասով հանդիպումների փաստը․ «Ոչ»։ Ինչ վերաբերում է նրան, թե իսկ Վազգեն Մանուկյանը հանդիպե՞լ է, ասաց․«Մենք խորհրդի նիստ ենք արել, թե դրանից հետո ով որտեղ է գնացել, ես ի՞նչ գիտեմ… ոչ ոք նման բաներ չի քննարկում»։

«Հրապարակը» ժամանակին Վազգեն Մանուկյանին պաշտպանած  Պարույր Հայրիկյանին հարցրեց, թե ինչ խնդիրներ կարող է լուծել Վազգեն Մանուկյանը՝ որպես անցումային շրջանի թիվ մեկ պաշտոնյա։ 

ԱԻՄ նախագահն ասում է․ «Անցումային կառավարությունում ինձ համար մի մեծ խնդիր կա, պարզապես ծրագրերում համաձայնության գալն է, իսկապես եթե ծրագիր ունի, որովհետև անցումային կառավարությունը ժամանակավոր, կարճատև բան է՝ շատ որոշակի խնդիրներով։ Այնպես չէ, որ հարյուրավոր խնդիրներ կան»։ Ո՞րն է այդ մեկ խնդիրը։ Հայրիկյանն ասում է․ «Պետք է ապահովել առաջիկա ժողովրդավարական ընտրությունները։ Դա, խնդրում եմ նշեք, մեր միակ առավելությունն է մեր հարևանից, որը մեզ թշնամի է, այն էր, որ մենք բռնապետական չէինք։ Մինչև Նիկոլի այդ հայտարարության ընդունումը, որով ցույց տվեց, որ ունի ամենաստոր բռնապետական հակումները։ Որ կարող է ինչ -որ բան ստորագրել խմած կամ ուռած և դա համարել, որ դա օրինական է։ Այսինքն՝ դրանով դարձանք բռնապետություններից ամենավատը, որովհետև սովորական բռնապետությունները գոնե տանում են (փաստաթուղթը)․ որ իրենց ԱԺ-ն հաստատի։ Բայց երբ նա նաև Արցախի անունից ստորագրեց, մենք կորցրինք մեր միակ առավելությունը»։ Հետևաբար, ըստ Հայրիկյանի, անցումային իշխանության խնդիրը պետք է լինի Հայաստանի՝ ժողովրդավարական դառնալու համար նախապայմաններ ստեղծելը։