Իսկ արձագանքներն այն չեն

Իսկ արձագանքներն այն չեն

Երեկ Արցախում ՏԻՄ ընտրություններ էին: Կեսգիշերին հայտնի դարձան նախնական արդյունքները: Ի մասնավորի, Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը, թեեւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Դաշնակցության աջակցությունը վայելող Գրիգորի Սահակյանն էր: Ավելի քան երկու հարյուր համայնքների մեծ մասում ընտրությունը նույնպես մրցակցային էր: Քաղաքական ուժերից «Ազատ հայրենիք» կուսակցությունը նախնական արդյունքների հիման վրա հայտարարեց, որ ընտրված համայնքապետերի մեծ մասն իր անդամներն ու համակիրներն են՝ խոստանալով մոտակա օրերին հրապարակել նրանց անունները: Օրվա ընթացքում որեւէ արտառոց միջադեպ չի գրանցվել, համայնքի ղեկավարի թեկնածուներից քվեարկության արդյունքները բողոքարկող դիմումներ ԿԸՀ-ում կամ տարածքային ընտրական հանձնաժողովներում չեն ստացվել: Ուշագրավ է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ավելի քան 67 000 ընտրող, ինչը ցրում է այն տպավորությունը, որ նախօրեին որոշ ուժեր փորձում էին ստեղծել՝ հայտարարելով, թե Արցախում ընտրողների պաշտոնապես հաստատված թվաքանակը «շատ հեռու է իրականությունից»:

Արցախում, այսպիսով, կայացել են ազատ, արդար եւ մրցակցային ՏԻՄ ընտրություններ: Թվում է՝ օրվա մամուլի հիմնական թեման դա պետք է լիներ: Մանավանդ որ Ադրբեջանի ԱԳՆ արցախյան ընտրությունները հերթական անգամ միջազգայնորեն հեղինակազրկելու քարոզչություն է սկսել: Գործնականում, սակայն, Արցախի ՏԻՄ ընտրությունները հայկական մեդիա-տիրույթում երրորդական-չորրորդական տեղ են զբաղեցնում: Լռում են նաեւ քաղաքագետները: Տպավորություն է, թե որոշակի շրջանակներ սպասում էին, որ Հայաստանից դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները կարձանագրեն ,,աղաղակող խախտումներ,, եւ իրենք էլ մամուլում կգեներացնեն Արցախում «անհապաղ հեղափոխական միջամտության անհրաժեշտության» թեման:

Ինչպես ասվեց, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, օրենքով սահմանված ժամկետում ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Դրանք արժանի են քաղաքական եւ քաղաքագիտական ամենամանրակրկիտ ուսումնասիրության, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ ՏԻՄ համակարգում տեղի է ունեցել սերնդափոխություն: Եկել է երիտասարդ, նախաձեռնող մարդկանց ժամանակը, եւ իշխանությունը նրանց ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի հարուցել: Թե ինչու՞ այս օրերին Արցախում «դեսանտ իջեցրած» հայաստանյան լրատվամիջոցներն այս եւ այլ դրականը չեն տեսնում եւ չեն ներկայացնում, ուղղակի անհասկանալի է: