Առողջապահության պետպատվերի դեֆիցիտը 3 միլիարդ դրամ է՝ մոտ 6 մլն դոլար 

Առողջապահության պետպատվերի դեֆիցիտը 3 միլիարդ դրամ է՝ մոտ 6 մլն դոլար 

Հանրապետությունում առողջապահության պետպատվերի գործը կաթվածահար վիճակում է, առողջապահության նախարարությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել, առողջապահության գրեթե բոլոր ուղղություններով պետպատվերների գումարները սպառվել են, և աղմուկից խուսափելու համար հիվանդանոցները պետպատվերով բուժումներն այժմ իրականացնում են պարտքով՝ հույս ունենալով, որ նախարարությունը հետո, երբ փող լինի, կվճարի պարտքերը։

«Հրապարակի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 11-ին առողջապահության նախարարությունը դիմել է կառավարությանը և պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ է խնդրել, որպեսզի կարողանա վճարել կուտակված պարտքերը, եւ համակարգը չհրաժարվի բնակչությանը բուժելուց: Պատասխան դեռ չեն ստացել։ Օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Մենք բողոքներ ենք ստանում, որ նույնիսկ դիալիզի պետպատվերն ու երեխաներին հասնող անվճար բուժօգնությունն է դադարեցվել, նույնիսկ`շտապօգնության միջոցով բժշկական կենտրոններ տարվողներին հաճախ մերժում են հրատապ բուժօգնություն ցուցաբերել, քանի որ պետությունը փող չի փոխանցել նախորդ ժամանակահատվածի համար կատարված աշխատանքի դիմաց։ 

Մենք կապվեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ է խնդրել:

«Տեսեք՝ մենք ունենք հիվանդացության և դիմելիության որոշակի աճ և, իհարկե, փորձում ենք համալրել մեր բյուջետային միջոցները, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով, օրենքով սահմանված բժշկական օգնությունը տրամադրել քաղաքացիներին»,- պատասխանեց Ավանեսյանը։

Նորից փորձեցինք ճշգրտել՝ կոնկրետ 3 միլիարդ նախարարությունը խնդրե՞լ է կառավարությունից: «Այս պահին ես չգիտեմ, թե Դուք ինչի մասին եք ասում, որովհետև մենք ունենք մի շարք որոշումների նախագծեր, որոնց մի մասը շրջանառել է կառավարությունը, մի մասն ընդունվել է, բայց, ընդհանուր առմամբ, այո, մենք նաև կարիքի դեպքում դիմում ենք կառավարությանը՝ լրացուցիչ միջոցներ հատկացնելու համար»,- պատասխանեց Ավանեսյանը։ 

Երրորդ անգամ փորձեցինք հստակ պատասխան ստանալ՝ այս տարվա վերջին եռամսյակի համար, կոնկրետ առողջապահական պետպատվերն իրականացնելու համար նախարարությունը դիմե՞լ է կառավարությանը` պահուստային ֆոնդից գումար հատկացնելու խնդրով: Վերջապես ստացանք պատասխան. «Այո, պետպատվերի մասին է խոսքը»,- ասաց նախարարը։ 

Նախարարին հարցրինք նաև, թե ինչպես կարող են արձագանքել այն բողոքներին, որ առողջապահական մի շարք ուղղություններով պետպատվերը կասեցված է, նույնիսկ առաջին անհրաժեշտության բժշկական օգնության դեպքում:

«Չկա այդպիսի բան, կան որոշակի ծրագրեր, որոնց մեջ, այո, բժշկական կազմակերպությունները սպառել են իրենց բյուջետային պայմանագրային գումարները և պիտի հերթագրեն, բայց բոլոր անհետաձգելի բժշկական օգնություները տրամադրվում են, և նման խնդիր չկա այդ հարցում»,- ասաց Ավանեսյանը:

Իսկ ճի՞շտ է, որ բուժհաստատությունները, այսպես ասած, «նիսյա» են պետպատվերով բժշկական օգնություն ցուցաբերում, այսինքն՝ իրենց հաշվին են անում՝ հուսալով, որ կառավարությունը հետագայում կփոխհատուցի ծախսված գումարները, նախարարը պատասխանեց․ «Ոչ ոք իր հաշվին չի անում, գոյություն ունի հստակ ձևակերպված ֆինանսավորման մեխանիզմ՝ բյուջետային կանոնների շրջանակներում, տարվա սկզբին կնքվում են պայմանագրեր, և բժշկական կազմակերպությունները պետք է տվյալ պայմանագրերի շրջանակներում քաղաքացիներին ապահովեն բժշկական օգնություն։ Իհարկե, որոշ ծրագրերով ունենք նաև դիմելիության աճ, ինչի հետ կապված նաև միջոցներ ենք ձեռնարկում»։

Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով, դեռ ամիսներ առաջ պարզ է եղել, որ այս տարվա պետական բյուջեով հատկացված առողջապահական պետպատվերի համար գումարները չեն բավականացնելու, եւ օգոստոս-սեպտեմբերին համակարգը կանգնելու է լուրջ խնդիրների առաջ, սակայն նախարար Ավանեսյանը չի համարձակվել այդ հարցը բարձրացնել կառավարության ղեկավարի մոտ` վախենալով նրա զայրույթից: Իսկ այսօր արդեն մոտ 6 միլիոն դոլարի դեֆիցիտ է առաջացել, որը պետք է կառավարության պահուստային ֆոնդից լրացվի: