Ներքաղաքական կյանք. կա՞ այդպիսի բան Հայաստանում

Ներքաղաքական կյանք. կա՞ այդպիսի բան Հայաստանում

Կարծիք կա, որ տավուշյան դեպքերն օրակարգից դուրս են մղել Հայաստանի ներքաղաքական կյանքը: Կրկին մեջտեղ է բերվել հետեւյալ տրաֆարետային միտքը. «…երբ կա արտաքին վտանգ, ռազմական գործողություններ սահմանին, ապա ի՞նչ ներքաղաքական կյանք, ո՞ւմ է դա հետաքրքիր»: Միտքն ինքնին արտառոց չէ, եւ բնական է, որ պետության սահմանների մոտ ցանկացած լարվածություն պետք է հետին պլան մղի ներքաղաքական հրմշտոցները: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այս միտքն արծարծողները համարում են, որ պատերազմական իրավիճակը լուսանցք է մղել նաեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերին, որոնք, իբր, հայտնվել են հանրային եւ պետական օրակարգից դուրս:

Սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ տավուշյան դեպքերից հետո հանրային եւ պետական օրակարգից դուրս է մնացել հենց ՀՀ իշխանությունը՝ չկարողանալով ադեկվատ քայլեր կատարել ո՛չ առաջին գծում, ո՛չ արտաքին դիվանագիտական հարթակներում, ո՛չ բարեկամ երկրների հետ փոխհարաբերություններում, ո՛չ էլ նույնիսկ թշնամու ագրեսիայի դեմ հասարակությանը համախմբելու ուղղությամբ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նշեմ, որ առաջին գծում հակահարվածը հասցրել է բացառապես մեր բանակի հմտության շնորհիվ, Ադրբեջանին ագրեսոր ներկայացնելու համար միջազգային հարթակներում աշխատել են համահայկական կառույցներն ու լոբբիստական խմբերը, իսկ հայ հասարակության միախմբման ուղղությամբ ամենալուրջ քայլերը ձեռնարկել են ընդդիմադիր ազգային ուժերն ու, այսպես կոչված՝ «նախկին» համակարգին սատարող շրջանակները:

Իսկ թե ինչով է զբաղված եղել ՀՀ իշխանությունն այդ ընթացքում, առնվազն տարակուսելի է, որովհետեւ պատերազմական իրավիճակում դույզն-ինչ չի մեղմացել հակակորոնավիրուսային տեռորը, շարունակվել է ՍԴ-ն քանդելու գործընթացը, սկսել են ավելի սաստիկ ծեծել բանկերի կողոպտիչ քաղաքականության դեմ բողոքողներին, իրենց անտաղանդ «չափորոշիչներով» հերթական ոտնձգությունն են կատարել «Հայոց լեզու», «Հայ գրականություն, «Հայոց պատմություն» առարկաների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ, բարեկամ երկրների դեմ քարոզչական խարդավանքներն են շարունակվում եւ այլն: Թուրքիան մտնում է Նախիջեւան, զորավարժություններ է անում մեր սահմանների մոտ, լարվում է ողջ տարածաշրջանը, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ՍԴ դատավորի թեկնածություն է քննարկում: Եթե սա կարելի է համարել հասարակական եւ պետական օրակարգ, կարելի է համարել իշխանության ադեկվատ արձագանք պատերազմական իրավիճակին, ապա ես ոչինչ չունեմ ասելու մեր իշխանական քարոզիչներին, բացի այն, որ իրենք էլ են ոչ ադեկվատ եւ պարզապես արջի ծառայություն են մատուցում մի կառավարության, որ պատերազմական իրավիճակում ցուցաբերում է բացարձակ անգործություն՝ չմոռանալով, իհարկե, ինքնապարգեւատրվել:

Արման Բաբաջանյանի թերթը գրում է. «Տավուշի դեպքերը հերթական անգամ ի ցույց դրեցին, թե հայաստանյան ներքաղաքական կյանքի, այսպես ասած, հիմնական դերակատարները որքան հեռու են հայկական պետականության ռազմավարական հնարավորությունների եւ մարտահրավերների բազայից, որքան անհամարժեք են այն խնդիրներին ու լուծումներին, որ ռազմա-քաղաքական իմաստով արձանագրում են Հայաստանի զինված ուժերը»: Հիմա ինձ բացատրեք՝ իրավունք ունի՞, արդյոք, ՀՀ իշխանության ստորաքարշ կցորդը, առհասարակ, խոսելու ՀՀ զինված ուժերի իրականացրած ռազմա-քաղաքական քայլերի մասին, եթե հայտնի է, որ նա տավուշյան մարտերից անմիջապես հետո ՀՀ զինված ուժերին կոչ էր անում՝ չվնասել թուրք-ադրբեջանական խողովակաշարերը: Եվ օտարերկրյա գործակալների այս ցանցը, որ տավուշյան լարված օրերին ուղղակի ցնծության մեջ էր, որովհետեւ իրենով զբաղվող չկար, այսօր բարբաջում է. «…հայկական քաղաքական դաշտի ամբողջ խնդիրն այն է, որ դրան մասնակցությունը տեղի է ունենում պետականության վերաբերյալ հայեցակարգային պատկերացումների չձեւավորվածությամբ, լոկ ֆոլկլորային մղումների տրամաբանությամբ, ինչը հանգեցնում է «քաղաքական մուղամների»՝ ռազմա-քաղաքական ազդեցիկ տեքստերի փոխարեն»:

Հավանաբար, պետք է այս տողերի հեղինակին հիշեցնել, որ «քաղաքական մուղամի» ժանրը նոր երեւույթ է մեզանում եւ ի հայտ է եկել այն իշխանության հետ, որին ինքը ծառայում է երեսանց, իսկ տակից զբաղված է փորելով: Ես չէ ասի, թե սա նախանձելի ռազմա-հայրենասիրական պահվածք է, քանզի ինձ համար պարզ է, որ նախաձեռնողը փորձում է մի կողմից դաս տալ հայ քաղաքական մտքին, իսկ մյուս կողմից ընդգծել մեր քաղաքական նեղմտությունը՝ իր լայնախոհությունն ի ցույց դնելու նպատակով: Արդյունքում նույն, սովորական բարբաջանքն է ստացվել: Շուրջ երեք տասնամյակ ձգվող հայ-ադրբեջանական հակամարտությունը բերել-հանգեցնել իմքայլական իշխանությունների կողմից հնչող «քաղաքական մուղամներին» եւ դա տարածել ողջ քաղաքական սպեկտրի վրա, մեղմ ասած՝ ազնիվ չէ: Փառք Աստծո, կա մեր պայքարի պատմությունը, գիտենք՝ ով որտեղ է եղել, ով ինչ է արել, ով ինչպես է պատկերացրել Արցախի հարցի կարգավորումն ու ինչ է բանակցել միջազգային ատյաններում: Ավելին ասեմ՝ գիտենք նաեւ, թե ինչ է տեղի ունեցել տավուշյան լարված օրերին՝ դրանից առաջ եւ հետո: Այո, նաեւ հետո, նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հակաադրբեջանական վերջին հայտարարությամբ, որ հաստատ «քաղաքական մուղամ» չես անվանի:

Հայաստանում կա ներքաղաքական կյանք: Դրանում մենք համոզվեցինք ինչպես ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի ձեռնարկած համատեղ քայլերից, այնպես էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից: Շուտով իրենց մասին կհիշեցնեն նաեւ այլ ուժեր ու գործիչներ, որոնք այս ընթացքում, եթե ոչ ակտիվ, ապա խիստ որոշակի քննադատության են ենթարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը: Կարծում եմ՝ դաշնակիցների փնտրտուքով աշնանը ներքաղաքական կյանք կվերադառնա նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հասկանալով, որ հնարավոր չէ անվերջ իշխել արտակարգ ռեժիմի երկարաձգումով: Ամեն ինչ կընկնի հունի մեջ, բայց ահա չգիտեմ, թե ինչ է տեղի ունենալու սորոսականության՝ թավշյա հեղափոխության ֆինանսական բաղադրիչի հետ: Վրաստանում, օրինակ, իշխանություններից պահանջում են արգելել սորոսական հիմնադրամների գործունեությունը: Դա՝ մի երկրում, որ թվում է՝ ամբողջությամբ ամերիկյան ռելսերի վրա է դրված: Հայաստանում դա պետք է արվի եւ որքան հնարավոր է՝ շուտ:

Դա նաեւ կնպաստի ՀՀ իշխանությունների ռեաբիլիտացիային: Արագ հետ կանչել ՀՀ ստորագրությունները զանազան կոնվենցիաների տակից, կասեցնել առողջապահության եւ կրթության համակարգերում ընթացող ավերիչ գործընթացները, զբաղվել տնտեսությամբ, ժողովրդի սոցիալական խնդիրներով, կարգավորել հարաբերությունները դաշնակից երկրների հետ՝ սրանք կարող են լինել ՀՀ իշխանությունների առաջին քայլերը սորոսական բալաստից ազատվելու եւ նորմալ քաղաքականությամբ զբաղվելու ուղղությամբ: