Կարեւոր պաշտոններ, որոնք մոտ մեկ տարի է թափուր են

Կարեւոր պաշտոններ, որոնք մոտ մեկ տարի է թափուր են

Որոշ կարեւոր պաշտոններ ամիսներով, անգամ տարիներով թափուր են մնում, մյուսներում` ամիսներով ժամանակավոր պաշտոնակատարներ են աշխատում: Հազարավոր պաշտոններում էլ իրենց պաշտոնին անհամապատասխան անձինք են նստած, որոնք եթե անգամ չեն ձախողվում, որովհետեւ ապարատներն ինքնուրույն աշխատում են, բայց աշխատանքը կազմակերպել, առաջընթաց ապահովել էլ չեն կարողանում: Պարզ է, որ իշխանությունը կադրերի խիստ պակաս ունի եւ, քանի որ միայն յուրայիններին եւ իր հանդեպ լոյալ մարդկանց է նշանակում, առավել բարդանում է որոշ հաստիքներում նշանակումներ անելը:

Մեզ հետ զրույցում ընդդիմադիր հայացքներ ունեցող Էդգար Ղազարյանը, որը ժամանակին կառավարության աշխատակազմում է աշխատել, մարզպետ է եղել, ՍԴ աշխատակազմի ղեկավար, թվարկեց մի քանի կարեւոր պաշտոն, որոնք թափուր են այսօր։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի ապրիլին, Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արման Մարալչ յանը, և մինչ օրս սահմանապահ զորքերի հրամանատար չի նշանակվել։ Այսինքն` շուտով մեկ տարին կլրանա, որ սահմանապահ զորքերի հրամանատար չկա:

«Նույնը արվում է բանակի հետ` արդեն երկրորդ զորակոչն է, բայց զորակոչային, զորահավաքային վարչության պետ չկա, հանրապետության գլխավոր «վաենկոմը»` ազատված է։ Մի տարուց ավելի է թափուր են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների պաշտոնները։ Միացյալ զորքերի հրամանատարի տեղը մի տարուց ավելի է թափուր է` պաշտոնից ազատվել է, նշանակում չկա»։