Ասում են՝ հիմնավորի, որ ձեռնարկատեր ես եղել, եկամուտ ես ունեցել, Հարկայինն ասում է` արխիվը չի պահպանվել

Ասում են՝ հիմնավորի, որ ձեռնարկատեր ես եղել, եկամուտ ես ունեցել, Հարկայինն ասում է` արխիվը չի պահպանվել

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որը գլխավոր դատախազի տեղակալ եղած ժամանակ համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, «Հրապարակ»-ի հարցին, թե ինչո՞ւ է դատախազությունը ուսումնասիրություն սկսելիս հասնում մինչեւ պաշտոնյայի ապուպապերին, եւ հետո դատարանում, հիմնականում վաղեմության ժամկետով, պարտվում, ասաց՝ օրենքն է նման հնարավորություն տալիս՝ հետ գնալ ժամանակի մեջ 10 տարի, իսկ ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման պարագայում` ավելի հետ, բայց ոչ ուշ քան 1991 թվականը։ Իսկ, եթե հետագայում ՍԴ-ն որոշի, որ այդ օրենքը հակասահմանադրակա՞ն է, ի՞նչ է լինելու, վերադարձնելո՞ւ են մարդկանցից բռնագանձած գումարները։ «Եկեք ժամանակի մեջ առաջ չընկնենք։ Ինչ վերաբերում է գումարները վերադարձնելուն, ապա եթե այդ պահի դրությամբ լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք դեռեւս առկա չեն, ապա կքննարկվի նաեւ այդ հարցը»,-պատասխանեց Գալյանը։

Նախկինների թալանածը հետ բերելու նպատակով ընդունված այս օրենքը դեռես 2022թվականի սկզբից ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են Սահմանադրական դատարանում։ Շուրջ երկու տարի է` ՍԴ-ն չի տալիս այդ պարզ հարցի պատասխան՝ Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, թե ոչ։ Իսկ մինչ այդ Դատախազությունը կալանքի տակ է վերցնում նախկին պաշտոնյաների ունեցվածքը, հիմնականում նրանց, ովքեր զարմանալի զուգադիպությամբ ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել։ Նրանց ընտանիքների անդամներին է տանում -բերում դատախազություն, ստիպում է մեծ գումարներ ծախսեն փաստաբանների վրա, հաշտության գնան պետության հետ` նրանց զիջելով իրենց գույքի մի մասը, որովհետեւ «պետության հետ վեճում հնարավոր չէ հաղթել»: Ընտրովի արդարադատության մասին հարցեր չէին առաջանա, եթե օրինակ Դատախազությունը նույն ջանասիրությամբ ուսումնասիրեր ՔՊ-ական պատգամավորների, ՔՊ ճամբարն անցած մարդկանց ունեցվածքի օրինականությունը, օրինակ` Սասուն Միքայելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Մելքոնյանի, Սերգեյ Բագրատյանի եւ ուրիշների: 

Փաստաբան Հակոբ Ենոքյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ օրենքի ձեւակերպուները թերի են, պետությունը հնարավորություն չի տալիս անձին՝ ապացուցել իր անմեղությունը։ «Այս օրենքի ձեւակերպումները թերի են, որի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում, ՍԴ դիմումներ կան ներկայացված, պատասխան է ակնկալվում։ Խնդրահարույց հանգամանքների հետ կապված կան Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, օրինակ, այն մասին, որ անձը պաշտոնյա եղած ժամանակահատվածում այդ գույքերը ձեռք չի բերել, եւ այդ դեպքում օրենքի կիրառումը կարող է ուղղակիորեն սպառնալ անձի սեփականության իրավունքին։ Հայաստանում պետությունն ասում է պաշտոնյային՝ հիմնավորի, որ օրինական գույք է, բայց զրկում է օրինականությունը հիմնավորելու հնարավորությունից։ Անձն ասում է՝ ես ձեռնարկատիրական գործունեությամբ եմ զբաղվել, գումար եմ հավաքել։ Ասում են՝ հիմնավորի, նա էլ պատասխանում է, որ դիմել է հարկային մարմին, ասել են՝ չի պահպանվել։ Տվյալ անձն էլ պարտավորություն չի ունեցել հաշվապահական փաստաթղթերը պահելու, ոչնչացրել է։ Պետությունը չի պահել, անձին էլ չի էլ պարտավորեցրել, որ պահի։ Դուրս է գալիս, որ պետական համակարգը անձին զրկում է իր իրավունքները ապահովելու հնարավորությունից։ Այդ պայմաններում ասում է՝ չհիմնավորեցիր, ուրեմն պահում եմ գույքդ»,-մանրամասնեց Ենոքյանը։

Փաստաբանի խոսքով՝ մեծ խնդիր է այն, որ գույքի բռնագանձման ուսումնասիրություններ իրականացվում են քրեական մեղադրանքի հիմքով վարույթների արդյունքում, ինչը նշանակում է, որ ցանկացածի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են սկսում, որ նրա գույքին հասնեն։ «Սա հնարավորություն է տալիս ցանկացածի նկատմամբ նման վարույթ նախաձեռնել»,-ասաց Ենոքյանը։ «Իմ կարծիքով պետք է դատավճիռ լինի, անձը մեղավոր ճանաչվի կոռուպցիոն հանցագործության մեջ, նոր այդ հիմքով վարույթ նախաձեռնվի»,-շեշտեց նա։