Մանկատան նախկին սաները միայն գյուղերում կարող են բնակվել

Մանկատան նախկին սաները միայն գյուղերում կարող են բնակվել

Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ե՛ւ կարգն է փոխվել, ե՛ւ պետությունից ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Դեռ 2019-ին ՀՀ կառավարությունը որոշեց մանկատների սաներին ապահովել բնակարաններով, որպեսզի նախկին վատ իշխանություններից տարբերվի, քանզի նախկինները վատ՝ անորակ բնակարաններ էին տալիս, իսկ 2005 թվականից հետո առհասարակ դադարեցրին մանկատների սաներին բնակարաններ տրամադրելը։ Եվ Փաշինյանի կառավարությունը նոր կարգ սահմանեց, ըստ որի՝ շահառուները՝ մանկատների սաները, բնակարանների գնման վկայագրեր են ստանում։ Վկայագրերի համար կարող են դիմել ոչ միայն վերջին տարիների շրջանավարտները, այլ նաեւ 18 տարին լրացած մանկատան սաները, «ովքեր ՀՀ մանկատանը խնամք եւ դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների)»։

Այլ կերպ ասած՝ այն սաները, որոնք 7 տարի ապրել են մանկատանը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն լքել են մինչեւ չափահաս դառնալը: Նախապես վկայագրերի հանձնման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թվականի ավարտը։ Այժմ մեկ տարով երկարաձգվել է վկայագրի գործողության ժամկետը՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն սահմանվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ը՝ այն շահառուների համար, որոնք չեն հասցրել սահմանված ժամկետում բնակարան գնել: Դիմում ներկայացնելու ժամկետը եւս երկարաձգվել է: Նախկինում դիմումներն ընդունվում էին մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը: Նոր կարգով նոր վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հուլիսի 1-ը: 

Վկայագրերն «արժեն» 6 մլն 300 հազար դրամ: Սա նշանակում է, որ մանկատան սաները կարող են այս գումարի սահմաններում բնակարաններ գտնել եւ գնել կամ այդ գումարի վրա կարող են գումար ավելացնել եւ ավելի արժանապատիվ բնակարաններ գնել: Հասկանալի է, որ մանկատան նախկին սաներից ոչ մեկն էլ, եթե, իհարկե, չի դիմել մարմնավաճառության կամ չի ամուսնացել արքայազնի հետ, չի կարող 6.3 մլն դրամի վրա մի 20 հազար դոլար ավելացնել, որ գոնե մեկ սենյականոց բնակարան կարողանա գնել Երեւանում: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության եւ ընտանիքի վարչության պետի ԺՊ Արտակ Հարությունյանը վստահեցնում է, որ 4 մլն դրամով էլ են տներ գնել, բայց ոչ Երեւանում: «Մարզերում դա հնարավոր է միանգամայն: Կարող են միանալ, միասին տուն գնել կամ ամուսնանան, միասին գնեն»,- ասում է նա՝ առաջարկելով մանկատան սաներին, հանուն բնակարանի, միմյանց հետ ամուսնանալ: 

Արդյո՞ք մանկատան նախկին սաների համար գույք էլ է գնվում, ինչպես արվում էր նախկինում, թե՞ միայն «դատարկ» վկայագիրն է տրվում: «Ոչ, նման բաղադիչ չկա»: 

Արտակ Հարությունյանին խնդրեցինք պարզաբանել կարգի փոփոխությունները, թե որն էր դրանց անհրաժեշտությունը: «2019 թվականին ծրագրվել էր, որ պետք է լինեն 300 շահառուներ: 1,9 մլրդ դրամ գումար է հատկացվել, որը փոխանցվել է 4 նոտարների դեպոզիտային հաշիվներին, հավասարաչափ: Սակայն շահառուների մի մասը չի հասցրել վկայագրեր ստանալ կամ դիմումներ ներկայացնել, եւ մի անգամ 2020 թվականին ենք ժամկետները երկարացրել, մի անգամ էլ հիմա ենք երկարացնում»,- ասաց պաշտոնյան: Ըստ նրա, այս պահին նախարարությունը բնակարանի գնման վկայագրով բնակարանի գնման իրավունք տվել է 210 անձի: Նոտարների ինֆորմացիայով, 195 հոգի է դիմել իրենց: «Որոշման ժամկետը լրանում էր, եւ նոյեմբերի 1-ին ողջ գումարը նոտարները հետ էին վերադարձնելու բյուջե, եւ այս ծրագիրն ավարտվում էր: Մենք էլ այս որոշումը երկարացնելով՝ փորձեցինք այնպես անել, որ 90 շահառուները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն ներկայացել, ունենան բնակարան գնելու հնարավորություն»: 

Նախկինում խոսքը զուտ մանկատան շրջանավարտների մասին էր, որոնք 1991 թվականից սկսած, դուրս են եկել մանկատներից՝ 18 տարին լրանալուն պես: «Փաստորեն, մինչ օրս փաստացի օգնել ենք 195 հոգու: Չներկայացածների թվում կան մարդիկ, որոնք արտասահմանում են, որոնք զոհվել են, որոնց գտնվելու վայրն անհայտ է: Նախկինում բնակարան գնելու իրավունք տրվում էր միայն 18 տարին լրացած անձանց, իսկ հիմա այդ իրավունքից օգտվում են նաեւ նրանք, ովքեր մինչեւ 18 տարեկան դառնալը դուրս են եկել մանկատներից, նաեւ այն սաները, որոնք դուրս են մնացել մանկատներից օբյեկտիվ պատճառներով: Օրինակ, մանկատունը փակվել է, սաները դուրսն են մնացել: Նախկինում մինչեւ 2020 թվականն էր ժամկետը դրված, հիմա 2021 թվականին մանկատնից դուրս եկողներն էլ կարող են դիմել»: