Հուսով եմ՝ արդեն կհասկանան,  որ որքան հեռու էին իրական իրավիճակից 

Հուսով եմ՝ արդեն կհասկանան,  որ որքան հեռու էին իրական իրավիճակից 

«Կառավարությանն ենք ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը»: Այս մասին մեզ հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փաթեթ են ներկայացրել կառավարություն: «Մոտ 10 էջանոց ծավալուն փաստաթուղթ, որտեղ կան հստակ գործողություններ: Մենք այսօր ժամը 3-ին լայվով ներկայացնելու ենք մանրամասները: Ընդհանուր առաջարկությունները վերաբերում են տարբեր ոլորտների՝ հարկաբյուջետային քաղաքականությունից, արտակարգ դրության պայմանների խստացումից, վերջացրած կրթությունից եւ առողջապահությունից»:
Հարցին՝ կարծում եք կառավարությունը կընդունի՞ ներկայացված փաթեթը: Սաղաթելյանն ասաց. «Մենք մեր պարտքն ենք համարում շատ հիմնավորված մանրամասնություններով ներկայացնել, կառավարությունը կընդունի` դա արդեն կառավարության խնդիրն ա: Սա մեր տեսակետներն ու պատկերացնումներն են, որը հարկ ենք համարել ներկայացնել: Այս օրերին  երկիրն ունի մարտահրավերներ, եւ յուրաքանչյուրն իր աջակցությունը պետք է բերի պետության եւ ժողովրդի համար: Մասնագիտական օգնությունից բացի, նաեւ գործնական օգնություն ենք ցուցաբերել: Անցած շաբաթ ԱՄՆ-ից որոշակի օգնություն հասել է Երեւան:  Կանդայից եւս  օգնություն կգա նաեւ Արցախ: 

-Պարո՛ն Սաղաթելյան, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր չի ձեռնարկել կառավարությունը, որ պետք է դա աներ մինչ օրս: 
 

- Մենք հիմա չենք խոսում, չենք քննադատում, դետալների մեջ չենք մտնում: Մենք գտնում ենք, որ այն քայլերը, որ իրականացվում են, դրանք բավարար չեն: Հիմա  ժամանակը չի դրա մասին խոսելու: Մենք, անշուշտ, դրան կանդրադառնաք այս ամենի ավարտից հետո: Մենք կառավարությանը ներկայացում ենք մեր տեսակետը, հիմա կառավարությունը կօգտվի՞,   կգտնի՞, որ ճիշտ տեսակետ ենք ներկայացրել, շատ ավելի լավ: 

-Այսօր մամուլում շրջանառվում է, որ հնարավոր է 30 օրով եւս երկարաձգեն արտակարգ դրությունը, ի՞նչ եք կարծում, Հայաստանը խոր տնտեսական ճգնաժամի առաջ կկանգնի՞:

-Իրոք, մենք դժվարությունների առաջ ենք կանգնած: Կառավարությունն ավելի շատ ինֆորմացիա եւ տեղեկություններ ունի երկրի իրավիճակի եւ ընդհանուր վտանգների վերաբերյալ: Ըստ դրա՝ որոշում պետք է ընդունի` երկարացնի՞ արտակարգ դրությունը, թե՞ ոչ:  Իսկ որ մենք տնտեսական լուրջ խնդիրներ ենք ունենալու, դա ակնհայտ է, ու այն կարծիքը, որ օրեր առաջ սա նոր հնարավորություն է եւ այլն, հուսով եմ` արդեն կհասկանան, որ որքան հեռու  էին իրական իրավիճակից: