Ո՞ւմ է առաջադրել կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում

Ո՞ւմ է առաջադրել կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված ընդամենը երկու զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում կառավարության կողմից թեկնածուի առաջադրմանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, զեկուցելով հարցը, հայտարարեց, որ ինքը կառավարությանն առաջարկում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ 

Վահրամ Ավետիսյանը ներկա էր կառավարության նիստին, և իր ելույթում նշեց, որ որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ ինքը պատկերացնում է, որ պետք է առավելագույնս ապահովի Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։

«Ինչպես նաև, հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, նաև ապահովել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»,-հայտարարեց ՍԴ դատավորի՝ կառավարության կողմից առաջադրվող թեկնածուն։

Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը կառավարության անդամները բոլորը կողմ քվեարկեցին, վարչապետն էլ նրան հաջողություններ մաղթեց Ազգային ժողովի քննարկումներում և ընտրվելու դեպքում՝ նաև ՍԴ դատավորի կարգավիճակում։