Իմ շրջապատում չկան դասախոսներ, որոնք ուսանողին կշտամբեն դասադուլ անելու համար

Իմ շրջապատում չկան դասախոսներ, որոնք ուսանողին կշտամբեն դասադուլ անելու համար

Երևանի փողոցներում տեղի ունեցող խաղաղ ակցիաներին միացել են նաև տարբեր բուհերի ուսանողներ` ԵՊՀ-ից, Թատերականից, Կոնսերվատորիայից, Սլավոնականից, Բրյուսովից և այլն: Չնայած երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ միջադեպ` երբ մայր բուհի որոշ դասախոսներ արցախցի ուսանողներին կշտամբում էին դասապրոցեսը խաթարելու համար, այսօր ավելի ու ավելի շատ ուսանողներ են միանում զանգվածային ակցիաներին` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Չնայած ոստիկանական ուժերի կողմից կիրառվող բիրտ ուժին, ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնություններին, ուսանողներն ակտիվացել են և փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել: Նկատենք, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ուսանողությունն ամենաակտիվ հասարակական խավն է, Հայաստանում էլ մշտապես ակտիվություն է ցուցաբերել, սակայն վերջին շրջանում Հայաստանի ուսանողները բավականին անհաղորդ էին: 

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ բանասիրականում դասադուլ է հայտարարվել, իսկ ուսանողներն առանց որևէ ուղղորդման որոշել են անտարբեր չլինել. 
«Միայն չորրորդ կուրսն էր դաս անում այսօր, ֆակուլտետում դասադուլ է, մասնակցությունը տոկոսային հարաբերակցությամբ 15-ից 20 տոկոս է, մեծամասնությունը որոշել է դասադուլ իրականացնել», - նշեց Ավետիսյանը: 
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ասում է, որ իր ղեկավարած ֆակուլտետի ուսանողներից տեղեկություն չունի, միայն գիտի, որ կան որոշ բացակայություններ, իսկ արցախցի ուսանողները դասադուլ են հայտարարել. «Կոնկրետ ռեալ բան չեմ կարող ասել, չգիտեմ, նայած էլի, իրենց բանն ա... Մանավանդ արցախցիներն են ակտիվ: Դասապրոցես կա, բայց կան բացակայություններ: Էսօր էլ նամանավանդ ուրբաթ օր է, ուրբաթ օրերը սովորաբար ռայոնների երեխաները չեն գալիս, գուցե հիմա էլ ուրբաթ օր է, դրա համար չեն եկել: Դասերն ընդհանուր առմամբ կայանում են», - նշեց նա:

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ահասարսուռ իրականությանը, Պատմության ֆակուլտետի դեկանն ասաց. «Սարսափելի իրողություն է, հատկապես` պատմաբանների համար: Ցանկացած հայրենասեր, նվիրյալ մարդու համար ցավալի է այդ ամենը: Մեր ժողովուրդը հերոսական անցյալ ունի», - ասում է Էդիկ Մինասյանը

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը «Հրապարակին» ասաց, որ ինքը մասնակցում է բողոքի ակցաիներին, դրանց մասնակցում են նաև այլ դասախոսներ ևս, ինչ վերաբերում է ԵՊՀ-ի այն դասախոսներին, որոնք արցախցի ուսանողներին կշտամբում էին, Սաղաթելյանն ասում է, որ բանասիրականում նման դասախոսներ չկան, չկան նաև իր շրջապատում. «Ես միացել եմ ուսանողների դասադուլին, բոլոր ակցիաներին մասնակցում եմ, կարծում եմ` այդ ձևով ես իմ դիրքորոշումն արտահայտում եմ: Իմ շրջապատում չկան այնպիսի դասախոսներ, որոնք ուսանողին կշտամբեն ակցիա իրականացնելու համար: Ասեմ ավելին` այսօր էլ պայքարի ժամանակ հենց մեր ամբիոնից մի քանի դասախոսների եմ հանդիպել», - նշեց նա: 

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Խաչիկ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցող գործողություններին, ասաց. «88-ին հայերի պահանջների ետևում կար ամուր թիկունք` աշխարհասփյուռ հայություն: Այն ժամանակ աշխարհում ապրող բոլոր հայերը կանգնած էին հայ ժողովրդի օրինական պահանջների ետևում, այդ պատճառով էլ մենք կարողացանք հաղթել: 2018 թվականին Հայաստանի իշխանությունը զավթած մարդիկ մեզ ապացուցեցին, որ Արցախն իրենց համար որևէ արժեք չի ներկայացնում: Այս իշխանություններն Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրին, հավասարեցրին շրիշակի մակարդակի: Վերջին իրադարձություններից հետո էլ ընդհանրապես ձեռք քաշեցին Արցախից ու արցախցիներից, այն աստիճան ձեռք քաշեցին, որ անգամ մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանությունից են հրաժարվել: ՀՀ իշխանություն զավթած խմբակը նրանց համար ոչինչ չի անում: Արցախահայությունն այսօր մենակ է մնացել, մենակ էլ իր կռիվն է տալիս 60 հազարից ավելի ադրբեջանիցների դեմ: Ես այժմ հրապարակում եմ», - նշում է Գալստյանը: Հարցին, թե ուսանողներն ակտիվություն ցուցաբերո՞ւմ են, պայքարո՞ւմ են այսօր, մեզ զրուցակիցը նշեց. «Փողոցներում տեսնում եմ հարյուրավոր իմ ուսանողներին` նախկին և ներկա: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ապա այնտեղ ևս կան տարբեր հայացքների տեր մարդիկ: Լսարաններ կան, որ դատարկ են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք փորձում են դաս անել: Դե, ինչպես բոլոր ոլորտներում, մայր բուհում ևս կան տարբեր մարդիկ», եզրափակեց Խաչիկ Գալստյանը: