Պուտինն Ադրբեջանում, Նիկոլը՝ լոլիկի թփուտներում․․․

Պուտինն Ադրբեջանում, Նիկոլը՝ լոլիկի թփուտներում․․․

Երբ լուրջ, աշխարհաքաղաքական շարժեր են կատարվում, Փաշինյանն իրեն «չոլերը գյուղացիների բաղչեքն է գցում»։ Թե բա լոլիկի ու վարունգի շարժը մեզ համար անվտանգության երաշխիք է։ Որ այդքան լոլիկն ու վարունգը, բարև ընկեր կարտոֆիլ, սիրում էիր, գյուղատնտեսության նախարարությունն ինչու՞ լուծարեցիր։ Մի այսպիսի դեպք եմ հիշում։ Մեկը կար, իրական դեպք է,  որ հավաբներից դուրս չէր գալիս։ Սրա, նրա հավն էր հաշվում, խորհուրդներ տալիս, թե ինչպես պահեն, որ շատ ձու ածեն։  Գիտեր, թե ում հավաբնում քանի հավ կա ու քանի ձու է ածում։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչու է այդքան հետաքրքրված ուրիշի սեփականությամբ, բայց դե ասում էին ՝ մարդ է, հավերին ու հավատերերին  շատ է սիրում։ Հետո հավատերերը սկսում են բողոքել, որ իրենց հավերը պակասում են։ Մտածում են, որ վայրի կենդանիներն են փախցնում։ Վերջը մի օր գողին բռնում են։ Ես գողի դատն եմ հիշում։ Այդ ժամանակ Գորիսի «Զանգեզուր»  թերթի խմբագրությունը գտնվում էր դատարանի շենքում։ Հաճախ էինք  մասնակցում հետաքրքիր դատաքննությունների։

Չնայած կես դար անցել է, բայց դատավոր Ստեփանյանին, որը մի համով- հոտով դատավոր էր, հիշում եմ։ Ինչևէ, հավի գողի դատն էր։  Պարզվում է, որ գողը հավերին սիրողն էր։ Դատավորը տարբեր հարցերով կորզեց նրա խոստովանությունը, որ բոլորի բներից ինքն է հավ գողացել։ Գողն ասաց, որ հավ շատ է սիրում։

Դատավորն էլ թե՝ որ հավ շատ ես սիրում, ինչու՞ հավ չես պահում։ Մեղադրյալը ծիծաղեց՝ աղվեսն էլ հավ շատ սիրում, բա ինչու՞ չի պահում։ 

Ինչու՞ հիշեցի այս դրվագը։ Որ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, բադիրջան շատ ես սիրում, ինչու՞ գյուղատնտեսության նախարարությունը լուծարեցիր։ Կամ ինչու՞ գյուղացու վարած, ցանած հողերը հանձնեցիր, որ թշնամին քաղի և ուտի։ Գյուղացու հետ լոլիկից մի խոսա, այլ խոսա, թե այդ լոլիկի տարածքը անվտա՞նգ է, իրե՞ն է մնալու, թե՞ էլի թշնամու բաղն է դառնալու։ Կարծում եմ ասելիքս պարզ է։ Գյուղացին ստեղծում է, հայ գյուղացին արարող է,  դու հողը պահիր․․․ Քո առաջնային գործը գյուղացու, մեր տարածքների, գյուղացու անվտանգությունն է։ Ինչքա՜ն վարած պոմիդոր ու վարունգ մնացին թշնամուն։ Այս ֆոնի վրա ո՞նց չմտածես՝ Պուտինը Ադրբեջանում, դու լոլիկի թփուտներում․․․ Որ ի՞նչ, իմաստը չեմ հասկանում։ Մի լավ գյուղատնտես չկա՞ այս երկրում, որ ինքը լոլիկով ու վարունգով զբաղվի, դու էլ ՝ քո գործով։