«Գործ ունենք ուղղորդված ու պլանավորված սադրանքի հետ»․ «Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է

«Գործ ունենք ուղղորդված ու պլանավորված սադրանքի հետ»․ «Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է

Երեկ որոշ հայտնի շրջանակների կողմից ակնհայտորեն խեղաթյուրվել ու նենգափոխվել է «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանի կողմից՝ իր իսկ ֆեյսբուքյան էջում արված գրառման բովանդակությունը, որի արդյունքում վերջինս ենթարկվել է, այսպես կոչված, ֆեյքային հարձակման:
«Արդար Հայաստան» կուսակցության օրեցօր աճող հեղինակությունը սկսել է անհանգստացնել որոշ շրջանակների, և փորձ է արվում ամենակեղտոտ միջոցներով արատավորել մեզ: 

Այս մարդկանց մեջ կուտակված չարությունը, նենգությունը, իրենց նպատակին հասնելու անհագուրդ ցանկությունը զրկել է իրենց հնարավոր բոլոր բարոյական արժեքներից:

Մենք չենք տրվելու որևէ սադրանքի, միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ այսօրինակ ակնհայտ պրովոկացիոն, Սյունիքի մարզում բնակվող մեր հայրենակիցների նվիրական զգացմունքների հետ խաղալու և էժանագին քաղաքական դիվիդենտ ձեռք բերելուն ուղղված կեղտոտ գործելաոճից: 
Միաժամանակ, տարակուսանք է առաջացնում նաև այն, որ որոշ լրատվամիջոցներ ակնհայտորեն նենգափոխված գրառումներն ընդգծված շեշտադրումներով տարածելով՝ փորձում են սյունեցիներին տրամադրել «Արդար Հայաստան» կուսակցության դեմ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է նշված վարքագիծը՝ վճռականորեն հայտարարելով, որ գործ ունենք ուղղորդված ու պլանավորված սադրանքի հետ:
Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ այս ոլորտում անհրաժեշտ են արմատական քայլեր: 
Հաջողության հասնելու դեպքում ձեռնարկելու ենք կոնկրետ քայլեր, ներդնելու ենք իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս չեզոքացնել ատելությունն ու չարությունը սոցիալական հարթակներում: