Բարսեղ Բեգլարյանն ասել է՝ մի անձնավորի, հասնում ա, վարկը տրամադրի․ գործով վկա

Բարսեղ Բեգլարյանն ասել է՝ մի անձնավորի, հասնում ա, վարկը տրամադրի․ գործով վկա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում վկայի կարգավիճակում հարցաքննվեց «Արարատ Բանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։

Նա դատարանին հայտնեց, որ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքին համապատասխան․ «Ոչ մի խնդիր չենք ունեցել, վարկը, որ տրամադրվել է, Արման Մկրտումյանը եղել է «Ֆլեշ Մոթորս»-ի փոխտնօրեն, «Ֆլեշ Մոթորս»-ը եղել է «Արարատբանկի» կորպորատիվ հաճախորդ։ Արման Մկրտումյանին ճանաչում են էնտեղից, որ որպես կոֆլիկտային հաճախորդ դիմել է հաշտարարին»։

Նա նշեց, որ Արման Մկրտումյանի հետ կապված իրեն ոչ ոք չի դիմել, հանդիսացել է կորպորատիվ աշխատող․ «Որ բանկն իրեն դիմեր, իրեն վարկ կտային»։ 

Պատասխանելով դատախազի հարցին՝ վկան նշեց, որ 2006 թվականից մինչեւ 2019 թվականի նոյեմբերը Բարսեղ Բեգլարյանի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ։ Արման Մկրտումյանը վարկ ստանալու վերաբերյալ խոսել է նաեւ Բարսեղ Բեգլարյանի հետ․

«Պարոն Բեգլարյանին ասել եմ՝ քո փոխտնօրենը դիմել է, ինքը պրոբլեմատիկ անձնավորություն է, ասել է՝ մի անձնավորի, սահմանված կարգով հասնում ա, տրամադրի»։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: 

Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։