Իր տղային փախցրե՞ց Ջաբրայիլից, բա թող իմ ընտանիքի հորն ու որդուն փախցներ, իմ ծուխը չմարեր

Իր տղային փախցրե՞ց Ջաբրայիլից, բա թող իմ ընտանիքի հորն ու որդուն փախցներ, իմ ծուխը չմարեր

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Անահիտ Սարգսյանը 44-օրյա պատերազմում մեկ օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 13-ին կորցրել է եղբորը՝ Տիգրանին և եղբորորդուն՝ Կարենին՝ Հադրութում։ Կարենը, որը ծառայել էր  քառօրյա պատերազմից հետո, սեպտեմբերի 27-ին ստանալով ծանուցում՝ մեկնել էր Արցախ, որպես պահեստազորային, իսկ Տիգրանը՝ Արցախյան 1 պատերազմի մասնակից, թեև առողջական խնդիրներ ուներ, հոկտեմբերի 3-ին «Սարդարապատ» ջոկատի հետ գնացել էր նրա հետևից։ Զրուցել ենք Տիգրանի քրոջ՝ Անահիտ Սարգսյանի հետ։ 

-Նիկոլ Փաշինյանն այցելում է գյուղեր, ասելով՝ մեզ ներեք, նախօրեին էլ պատասխանեց հարցին, թե ինչու եղան այսքան զոհերը․ որ Արցախը, թեկուզ վիրավոր, գոյություն ունենա։ Արցախը վիրավո՞ր է, թե՞ ողնաշարը ջարդված։ 

-Ես չգիտեմ ոնց ասեմ, չեմ ընդունում, որ ծնողները ընդունում են Փաշինյանին։ Սևազգեստ մայրերն այսօր էնպես մի բան են կորցրել, որ դա Փաշինյանի ու իր թիմակիցների մեղքով է եղել։ Ինչի՞ համար իմ երկու երեխաները գնացին զոհվեցին, որ հա՛մ իրենք զոհվեն, հա՛մ հայրենիք տա՞ն․․․ Ես ոնց կընդունեմ դա։ Եթե ինքը համարձակվի ու ցանկություն հայտնի գալ մեր համայնք, որում միայն իմ ընտանիքն է 2 զոհ տվել, ու ևս մեկ զոհ ու անհետ կորած կա, ես ո՞նց կարամ իրեն ընդունեմ։ Ես իրեն ամենավերջին բառերը կասեմ։ Ես թույլ չեմ տա՝ նրանք մոտենան իմ էրեխեքի շիրիմներին, նույնիսկ խոնարհվեն։ Երեկ եղել է Արմավիրի մարզում, անցել է մի քանի գյուղերով։ Դրանից շատ վրդովվեցի, որ Արագած համայնքից 2 զոհ կար, տատիկն ու պապիկը չընդունեցին, բայց մի մայր ընդունում ու չգիտեմ, ինչ-որ բաներ էր ասում, որ իմ էրեխու անունը վառ պահեք․․․ լավ բաներ էր ասում Փաշինյանին։ Ինչի՞ համար, որ էսօր որդիդ քո մոտ չի՞։ Թող շուտ կանխեր․․․ իմ ախպոր համար էնքան չեմ ցավում՝ ախպերս 54 տարեկան էր, հա, մի կերպ կընդունեմ, բա 22 տարեկան էրեխե՜ն․․․ Հեր ու տղա մի օրվա տարբերությամբ զոհվե՞ն․․․ Ու չեմ հավատում իրենց ԴՆԹ-ին, դրանք սուտ են, սխալ դիակներ են մեզ տվել՝ 38 օր հետո, մահվան տեղեկանքի մեջ էլ գրված է՝ բերման օրը 14-ին, 14-ին անեիք ԴՆԹ, ինչո՞ւ էիք 38 օր հետո դիակը մեզ տալիս։ Եթե նույն օրը իմ էրեխու դիակը գտել են, բերել են Արտաշատ։ Եվ ցավը գիտե՞ս ինչն է, որ էսօր 22 տարեկան տղան զոհվել է, թող ողջ լիներ, պետությունից ոչ մի բան պետք չէ, անունը չկա ցուցակներում։ Այնպես որ մահվան 700 հազարն էլ չենք ստացել։ Ինչի՞, չգիտի՞ Փաշինյանը երկրում ինչ է կատարվում, չգիտի՞, որ զոհվածները գումար էլ չեն ստանում։ Ու ինքը պարգևավճար ու աշխատավա՞րձ է բարձրացնում։ Ու՞մ հաշվին, մե՞ր, մեր զոհերի՞։

-Նաեւ խոսում էր ինչ-որ իրական Հայաստանից, նաև խաղաղությունից։

-Իմ ախպերը զանգեց, ինձ ասաց՝ քուր, գիտե՞ս, Փաշինյանի տղեն մեր մոտ է՝ Ջաբրայիլում։ Բայց էդ նույն օրերին, որ ինքը կարողացել է իր էրեխուն փախցնի, թող մեր երեխեքին էլ բերեր։ Ո՞նց եղավ՝ իրա էրեխեն չզոհվեց։ Ինչու՞ մեր գյուղից Խաչիկ Գալստյանը, իմ եղբայրը, եղբորս տղեն Ջաբրայիլում զոհվեցին, իրա երեխան կարողացավ ճողոպրել։ Ոովհետև 1200 զոհ տվեցին ու բոլորը իրա տղու պատճառով։ Որ իրա տղուն կարողանան փախցնեն, բերեն։ Ոչ մեկի արյունը բարձր չէր մեր էրեխեքի արյունից։ Ո՞ր մի չինովնիկի, ո՞ր մի նախարարի, ո՞ր մի պատգամավորի էրեխեն է զոհվել։ Կարինե Տոնոյանին նենց են քարկոծում զոհվածների հարազատները, ծնողները, որ ապշում ես՝ ո՞նց է կարելի նման բան գրել զովածի մոր մասին։ Մենք էս ի՞նչ երկրի հասանք, էս ի՞նչ ա կատարվում։ Սաղ դարձել են թուրք։ 

-Բայց ասաց՝ թող մենք հող դառնանք ձեր ոտքերի տակ, դուք մեր վրա քայլելով գնաք դեպի ազատ ու երջանիկ երկիր։

-Ես իր որևէ հայտարարություն նորմալ չեմ համարում։ Ես ինքս իրեն ընտրել եմ, էդ պահին ինքը չլիներ, մի չուչել էլ լիներ, պիտի անցներ, որովհետև այդ ժամանակ չհասկանալով, թե ով է, ուզում էինք նախկիններից ժամ առաջ ազատվեինք։ Բայց հիմա տեսնում եմ, որ նախկիններից վտանգավոր է։ Նախկինները նման բարբարոսություն չէին արել։ Բան չունեմ ասելու՝ 30 տարի թալանել են, քայքայել, բայց եթե նրանք 30 տարում են քայքայել, ինքը 3 տարում ավելի քայքայեց։ Էս կարգի սպանդ․․․ ցեղասպանություն արեց։ Մսաղացի տվեց։ Մի հատ հրաման տայիր, ասեիր՝ ո՞ւր եք տանում տան մինուճարներին, տարեք, որ 4-5 տղա ունեն։ Գոնե մի ընտանիքի ծուխ կշարունակվեր, իսկ իմ տան ծուխը մարեց․ հայրը գնաց, որդին գնաց։ Ինքը եթե տեսավ՝ չի կարողանում հաղթել, թող 10 օր հետո կանխեր։ Էդ զոհերը չլինեին։

-Ասում է՝ կասեին՝ հող հանձնող, դավաճան։

-Հիմա չասացի՞ն։ Եթե պիտի հողատուի ու դավաճանի պիտակ ստանար, թող մի ամիս առաջ ստանար, ի՞նչը փոխվեց։ Որ հիմա ոստիկաններով շրջապատված է, աշխատավարձ է բարձրացնում, որ իրեն ապահով զգա։ Բրոնեժիլետով է մարդկանց մեջ դուրս գալիս։ Նախկինները նման բաներ չեն արել, դիպուկահարներ չեն պահել ժողովրդի վրա։ 

-Ասում է՝ պետք է պատրաստվենք երկարատև խաղաղության։ Ինչ եք կարծում՝ եթե մինչև պատերազմը դա հնարավոր էր, իսկ հիմա հնարավո՞ր է։

-Ի՞նչ խաղաղություն։ Հիմա ինքը նորից տարածքներ է տալիս։ Խաղաղության մասին ի՞նչ խոսք կարող է լինել, եթե այսօր Հայաստանի հողի, գյուղի կեսը թուրքն է, կեսը՝ հայը։ Թուրքը մնում ա թուրք, երբեք չի փոխվի։ Իսկ հայի տականքի նման, Նժդեհը ճիշտ է ասել, աշխարհում չկա։ Այո, էսօր Փաշինյանից տականք աշխարհում չկա եւ իր կնոջից ու ընտանիքից։ Հիմա էլ ասում է՝ միայն ես եմ մեղավոր, միայն ես եմ պարտվել, դուք չեք պարտվել։ Բա էն ժամանակ ասեիր, երբ քեզ երրորդ օրը Օնիկ Գասպարյանն ասում էր՝ դադարեցնեիր։ Էլի էդ կնիքը, քո այդ անունը լինելու էր քո ճակատին։ Թող շուտ լիներ, թող մեր էրեխեքը ողջ լինեին։

-Ասաց, որ հունիսի 20-ին գելխեղդները հաղթելու են գայլերին։

-Ես չեմ ցանկանա, որ իրեն սպանեն։ Իրան պետք է դատապարտեն ու ընտանիքին հասցնեն այն վիճակին, որ ցավ զգա, որ զգա էն ցավը, թե ինչ զգում է որդեկորույս մայրը, ինչ զգում է եղբայր կորցնողը։ Իսկ հիմա ասում է՝ ներեք մեզ, կողքիններն էլ ծափ են տալիս, ասում՝ կեցցեն մեր զոհերը։ 

 -Ձեր գյուղում շա՞տ են մարդիկ, որ պաշտպանում են Փաշինյանին։

-Չէի ասի։ Ում հետ խոսում ես, բոլորն ատելությամբ են լցված։ Ով էն ժամանակ գնացել ա, կողքը կանգնել ա, ասում ա՝ էս ի՞նչ սխալ արեցինք, ինչի՞ մեզ էսպես խաբեց։ 

Ես կարդում եմ Ֆեյսբուքում, որ մայրը երազ է տեսել, թե որ ծառի տակ է իր երեխեն թաղված։ Ախպերը գնացել, քանդել է, ԴՆԹ են արել, տեսել են՝ իրենց երեխեն է։ Ես հակառակ երազն եմ տեսնում, ես տեսնում եմ, որ իմ երեխան վիրավոր է, մի սպիտակ պատերով սենյակում է, պառկած է։ Երրորդ անգամ ես այս երազը տեսնում եմ ու Աստծուն ամեն օր խնդրում եմ, որ կատարվի իմ երազը, թող իմ էրեխեն ողջ լինի, վիրավոր լինի, ոտքը կտրած լինի, գերի լինի, ցանկությունս մենակ էն է, որ իմ երեխեն հետ գա։ Բոլորի երեխեքը։